«Որևէ բան ավարտված չէ. չեն բացառվում Ադրբեջանի կողմից նոր պահանջներ ու ռազմական գործողություններ». Սուրեն Մանուկյան

Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի համար բացվել էր գործողությունների «պատուհան», որն էլ նա շատ լավ օգտագործեց։ Չգիտեմ՝ օգտագործեց իր հաշվարկներից ելնելո՞վ, թե՞ լավ խորհրդատուներ ունենալով, բայց ամեն դեպքում իրենք լավ հասկացան, որ աշխարհաքաղաքական որևէ կենտրոն կամ միջազգային կազմակերպություն չի խառնվելու իրենց գործողություններին։

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը՝ անդրադառնալով Արցախում սեպտեմբերի 19-ին և դրան հաջորդած օրերին բնակչության բռնի տեղահանությունը և ցեղասպանությունը չկանխելու պատճառներին։

Նրա բնորոշմամբ, այստեղ միջազգային հանրության շահն այն էր, որ չէր ցանկանում ներգրավվել կոնֆլիկտի մեջ։

«Մենք շատ զգոն պետք է լինենք, քանի որ իրադարձությունները կարող են ծավալվել։ Այսինքն՝ մարդիկ, որոնք մտածում էին՝ Արցախը տվեցինք, հանգիստ կապրենք, ուզում եմ այդ մարդկանց մտածողությունը փչացնեմ, քանի որ որևէ բան ավարտված չէ։ Չի բացառվում, որ մենք կտեսնենք Ադրբեջանի կողմից նոր պահանջներ ու ռազմական գործողություններ։ Հանգիստ ապրելու մասին մենք գոնե տեսանելի ապագայում պետք է մոռանանք»,- նշեց Սուրեն Մանուկյանը։

Կարդացեք նաև

Նրա մեկնաբանությամբ՝ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության, այդ երկիրը նույնիսկ փորձագիտական մակարդակում խաղաղության չի պատրաստվում։ Ավելին՝ այդ քաղաքականության մեջ Ադրբեջանը զիջման որևէ նշույլ ցույց չի տալիս։ Այսինքն՝ այս ամենը նաև Ադրբեջանի հասարակական տրամադրությունների արտացոլումն է։

«Եթե կոպիտ ասենք, ապա այսօր Ադրբեջանի հասարակությունը պատրաստ է պատերազմի, այսինքն՝ եթե վաղը պատերազմ սկսվի, այդ հասարակությունն իր ղեկավարին չի մեղադրելու։ Պատերազմներում հաջողությունների հասնում են այն հասարակությունները, որոնք պատրաստ են դրան։ Օրինակ, Արցախի առաջին պատերազմի ժամանակ մենք տեսնում էինք, թե որքան մարդ էր գնում՝ որպես կամավոր, ընդ որում, մարդիկ էին, որոնք հասարակական բարձր դիրք ունեին։ Սա ցույց է տալիս, թե Հայաստանում ինչքան էր գնահատվում, թե ինչու էր կարևոր արցախյան ռազմաճակատում հաղթանակը։ Վերջին տարիներին այդպես չէ, մեր հասարակության մոտ կա այն մոլուցքը, որ ամեն գնով ամեն ինչ անեն, միայն թե խաղաղություն լինի, բայց սա սխալ ընկալում է։ Խաղաղություն լինում է այն հասարակություններում, որոնք պատրաստ են կռվելու, զոհողությունների, այն հասարակությունը, որը խուսափում է զենք վերցնել ու պաշտպանել իր հայրենիքը, այդ հասարակություններն իրենց վրա բերում են պատերազմ։ Մեր պետության գործառույթներից մեկն էլ հասարակությանը պատրաստելն է, բայց ցավոք, ես տեսնում եմ պետության պետական մակարդակում այդ զգացման բթացումը»,- շեշտեց Ս. Մանուկյանը։

Ցեղասպանագետը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս արած հայտարարությունը, որ ամեն ինչ սկսում է զրոյական կետից, ընդգծելով, որ այն իր մեջ մեծ վտանգներ է պարունակում, քանի որ, երբ ասվում է, որ անցյալը պետք է մոռանալ ու սկսել նոր կետից՝ բթացնում է հասարակությանը։

«Սա չափազանց անպատասխանատու որոշում է, քանի որ պետությունը կառուցվում է նախկինների ստեղծած հիմքերի վրա։ Դու չես կարող սկսել զրոյից, դու անապատում չես կառուցում նոր պետություն։ Դու չես կարող նախկին փորձը հաշվի չառնելով՝ զրո կետից սկսել։ Կարծում եմ՝ զրոյական կետից ամեն ինչ սկսելը շատ վտանգավոր է, բանակցությունները մեկ հոգով չէ, երբ ասում ես՝ ես սկսում եմ զրոյական կետից, դիմացինդ ասում է՝ ոչ, ես պահանջներ ունեմ։

Վերջին երեք տարիների ընթացքում, կարծում եմ՝ մեր նման պետությունը պետք է ամբողջությամբ դրվեր պաշտպանական ռելսերի վրա, որպեսզի կարողանայինք շատ ավելի ինքնավստահ խոսեինք խաղաղության մասին։ Իմ գնահատմամբ՝ պետությունը չի անում այն, ինչը պետք է աներ»,- շեշտեց Սուրեն Մանուկյանը։

Իսկ երբ Արցախում Ադրբեջանը մարդկանց էր սպանում, Փաշինյանը հայտարարում էր, թե արցախահայերին Ադրբեջանի կողմից ուղիղ սպառնալիք չկա, ինչին հետևեց այն, որ ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստում ադրբեջանական կողմն անմիջապես օգտվեց հարմար պահից և հնչեցված հայտարարությունից, Սուրեն Մանուկյանի մեկնաբանությամբ, Փաշինյանը փաստորեն բոլոր կողմերին տվեց շատ լավ արդարացման հիմքեր։

«Հայաստանի կառավարությունը պետք է լիներ պահանջատեր, որն էր իմաստը, որ ԱՄՆ-ը կամ այլ երկիր գնային Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացման, եթե չկար պահանջատերը, որը պետք է լիներ ՀՀ կառավարությունը»,- եզրափակեց Սուրեն Մանուկյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս