Կառավարությունն ինչո՞վ է օգնել մեզ, 50.000 դրամո՞վ, որ տան վարձին անգամ չէր բավականացնում․ արցախցի
Դեռևս այս տարվա հոկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանի բարձր ամբիոնից բարձրագոչ հայտարարում էր Հայաստանի «ժողովրդավարության» ու այն մասին, թե ինչպես «ՀՀ կառավարությունն ու ժողովուրդը համախմբվեցին» Արցախում էթնիկ զտումների զոհ դարձած ավելի քան 100.000 հայերին ընդունելու, ապաստան տալու խնդրի լուծման շուրջ՝ այդ գործը «պատվով կատարելով»:
«Այն աստիճան, որ միջազգային մեր գործընկերները խոստովանում են, որ իրենք չեն տեսել մի դեպք, երբ մեկ շաբաթում մի երկիր 100 հազար փախստական մտնի, և այդ երկիրը կարողանա բոլորին ընդունել՝ առանց փախստականների ճամբարներ և վրանային ավաններ հիմնելու»,- հայտարարել էր Փաշինյանը:
Արցախից բռնի տեղահանված Հասմիկ Մուսայելյանը 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ միջազգային գործընկերներն իրականում զարմացան ՀՀ ներկա իշխանությունների ոչ թե ուշադրությունից, այլ գրեթե անտարբեր վերաբերմունքից։
«Պետությունը ո՞նց է մեզ լավ ընդունել։ Բա որ լավ էր ընդունել, ինչո՞ւ չէինք կարողանում նորմալ տուն գտնել։ Որ լավ ընդունած լինեին՝ ինչո՞ւ ստիպված եղանք հեռանալ նաև Հայաստանից ու գալ-հասնել Ռուսաստան։ Իսկ այդ 100.000 դրամները, որ տվեցին, անգամ տան վարձին չէր բավականացնում»,- ցավով հիշեց արցախցի մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Արցախից բռնի տեղահանվելուց հետո իրենց օգնություն ցուցաբերել են անհատ անձինք՝ բարի կամք դրսևորելով։
«Մեզ առաջինը Գորիսում ընդունեցին, ու ոնց հասկացա, այդ մարդիկ հաստատ կառավարության կողմից ուղարկված չէին։ Իրենք մեզ շատ լավ ընդունեցին, բայց պետության կողմից մեզ որևէ մեկն այդպես էլ չաջակցեց։ Իսկ տուն գտնելիս էլ՝ մեզ հաստատ կառավարությունը չէ, որ տարածք է տրամադրել, ո՛չ էլ տան վարձն է վճարել»,- ասաց մեր զրուցակիցը։
Հասմիկ Մուսայելյանի խոսքով՝ իրենք Ստեփանակերտից ՀՀ են հասել 19 հոգով։ Այդքանով տևական ժամանակ մնացել են մի բնակարանում։
«Ես էի իմ անչափահաս երեխայի հետ, տալոջս ընտանիքը՝ տղաները, թոռները, ու տեգրոջս ընտանիքը… Այդքանով մի տանն ապրելն աննկարագրելի բարդ էր, տարածք չկար։ Փորձում էինք տուն գտնել, բայց կա՛մ բացարձակ պայմաններ չկային, կա՛մ գներն էին աննկարագրելի բարձր։ Անգամ Նոր Գեղիում, որ գյուղ է, չէ՞, տների վարձերն ահավոր բարձր էին։ Որ տեսանք՝ գլուխ չենք կարողանալու հանել այդ իրավիճակից, գյուղում աշխատանք գտնելն էլ շատ բարդ է, բարեկամները խաբար արեցին, վեր կացանք, եկանք Ռուսաստան»,- ասաց Հասմիկ Մուսայելյանը՝ հավելելով, որ մինչև Հայաստան հասնելն այստեղից հեռանալու մտադրություն չեն ունեցել։
Հեռացել են, քանի որ մնալու պայմանները բավարար չեն եղել՝ նորմալ կյանք վարելու համար։
Իսկ կառավարության կողմից տրամադրվող գումարները, ըստ Հասմիկի, բավարար չեն արցախցիների՝ անգամ փոքր ծախսերը փակելու համար։
«Եթե այստեղ սովորական տան գինը միայն սկսվում է 200.000 դրամից, կառավարությունն էլ ընտանիքի ամեն անդամին ընդամենը 50.000 դրամ է տալիս։ Մենք առանձնանալուց հետո երկու հոգով ենք։ Ինչպե՞ս ենք տան վարձի մնացած հատվածը հայթայթելու։ Այդ մասին մտածո՞ւմ է այս իշխանությունը։ Գումարած՝ գրեթե բոլոր տանտերերը երկու ամսվա դեպոզիտ են պահանջում։ Մենք այդ պայմաններում չէինք կարող շարունակել գոյատևել։ Արցախցիների կյանքի համար ոչ մի նորմալ պայման ապահովված չէ այդտեղ»,- ցավով արձանագրեց Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցը։
Հասմիկի դուստրն ամուսնացած է։ Նա իր ընտանիքի հետ միասին շարունակում է մնալ Երևանում։ Մոր խոսքով՝ դուստրն արդեն երրորդ բնակարանն է ստիպված եղել փոխել․ հարմարություններ չկան, ու վարձն էլ շատ բարձր է։ Չեն կարողանում կատարել վճարումները։
«Ինքն էլ երկու երեխա ունի․ մեկը 2 տարեկան է, մյուսն էլ՝ նոր դպրոցական է։ Այս ընթացքում երեխան ստիպված 2 դպրոց է փոխել։ Պետք է երրորդ դպրոցը տանի երեխային։ Դե պատկերացրեք՝ ինչ բարդ է իրենց համար»,- ասաց Հասմիկ Մուսայելյանը։
Նրա խոսքով՝ իր ամուսինն Արցախյան առաջին պատերազմի մասնակից է եղել։ Անցել էր ամբողջ պատերազմով ու մի քանի անգամ վիրավորվել էր։ Ժամանակին, մինչև նրա մահանալը, Ստեփանակերտում հաշմանդամության թոշակ են ստացել։ Իր երեխային էլ կերակրողի կորստի նպաստ էր տրվում Ստեփանակերտում, ինչը Հայաստան գալուց ի վեր այդպես էլ չեն ստացել։
«Բայց 2020 թվականի պատերազմից հետո մենք որևէ բան չենք արել Հայաստան գալուց հետո, այդ գումարները ստացել ենք։ Թե ինչու են այս անգամ այսպես անում՝ չես հասկանում։ Հիմա ես նենց եմ հասկանում, որ ուզում են մեզ վերջնական կտրել Արցախից ու հետո ասեն, թե արցախցիներն իրենք են կտրվել, հեռացել, որ մեղավորները մենք լինեն, ոչ թե կառավարությունը, փաստորեն»։
Իսկ Արցախում, ինչպես ասում է նա, ամեն ինչ են թողել։ Իր ու իր ընտանիքի ապրած մի ամբողջ կյանք ու այդ կյանքի ընթացքում ստեղծած բոլոր արժեքները։
«Ստեփանակերտում մենք սեփական տանն ենք ապրել 30 տարի։ Դա մեր քրտինքի արդյունքն էր, որ հենց այնպես թողեցինք թշնամուն ու դուրս եկանք։ Անգամ, որ ամուսինս հաշմանդամ էր, պետությունն էլ որևէ ձևով չէր աջակցել տան հարցում։ Ամեն ինչ մեր ձեռքով ենք արել։ Էնտեղ են մնացել նաև ամուսնուս, պապայիս, պապիկներիս ու տատիկներիս գերեզմանները։ Ամեն ինչ մնաց․․․ Ամեն ինչ ջնջեցին, վերացրին։ Մի ամբողջ գերդաստանի պատմություն ջնջեցին»,- ցավով, արցունքները զսպելով՝ ասաց Հասմիկ Մուսայելյանը։
Այդուհանդերձ, Արցախի էջը, ըստ նրա՝ փակված չէ։ Համոզված է՝ մի օր անպայման վերադառնալու են իրենց տները, երբ Արցախում այլևս որևէ թուրք չի լինի։
«Արցախը ոնց մերը եղել է, այնպես էլ պետք է լինի։ Այլ կերպ ուղղակի լինել չի կարող։ Դա մեզ չէին նվիրել։ Մենք ու մեր հայրերն ու որդիներն են կերտել դա։ Ես դա իմ ամուսնու օրինակով եմ ասում։ Նա կյանքն էլ չի խնայել մարտի դաշտ մեկնելիս։ Մի գրչի ստորագրությամբ բռնես ու այդ ամբողջը նվիրե՞ս․․․ ո՞նց կարող էր դա լինել։ Չեմ էլ ուզում հիշել»,- ասաց արցախցի մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ ինքը դեռևս 2018 թվականին է հասկացել, որ Փաշինյանի իշխանության գալով՝ ողբերգական իրավիճակ կարող է ստեղծվել երկրում։
«Ես այն ժամանակ միշտ էլ ասել եմ, որ սա գա՝ Արցախը կտա, Հայաստանն էլ կկործանի։ Ինձ չէին լսում ու չէին հավատում։ Ինքը միշտ է ասել իր նյութերում, որ Արցախը մերը չէ, Արցախը մեր հողը չէ։ Արցախն իրեն պետք չէր, ինքը դրա մասին միշտ է ասել իր ելույթներում։ Ժողովուրդն ուղղակի չուզեց լսել դա»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական իշխանությունների նախահարձակ ռազմական լայնածավալ գործողությունների ու ցեղասպանական քաղաքականության հետևանքով՝ Արցախից Հայաստան է բռնի տեղահանվել, ըստ պաշտոնական տվյալների, 100.417 մեր հայրենակից: Նրանցից ավելի քան 7000-ն արդեն իսկ լքել է Հայաստանը:
Նազենի Ստեփանյան