Բաժիններ՝

Մակրոնը՝ Հնդկաստանի Հանրապետության օրվա գլխավոր հյուր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրել են՝ որպես գլխավոր հյուր մասնակցելու 2024 թ. հունվարի 26-ին Հնդկաստանի Հանրապետության օրվա տոնակատարություններին։ Այդ մասին հաղորդում է Press Trust of India լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրների։

«Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հրավիրվել է որպես Հանրապետության օրվա գլխավոր հյուր», – աղբյուրի խոսքն է մեջբերում գործակալությունը։

Հնդկաստանը տոնակատարություններին հրավիրել էր նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, սակայն Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ հունվարին չի կարող մեկնել Նյու Դելի։

1950 թվականի հունվարի 26-ին ուժի մեջ է մտել 1947 թվականին անկախություն ստացած Հնդկաստանի Սահմանադրությունը, որը երկիրը հռչակել է հանրապետություն։ Այդ ժամանակվանից ամեն տարի նշվում է Հանրապետության օրը, իսկ Նյու Դելիում տեղի է ունենում զորահանդես։

Ավանդաբար Հնդկաստանը միջոցառմանը հրավիրում է օտարերկրացի բարձրաստիճան հյուրերի: 2023 թվականին պատվավոր հյուր է եղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին. դա օտարերկրացի բարձրաստիճան հյուրի առաջին մասնակցությունն էր Նյու Դելիի զորահանդեսին 2020 թվականից ի վեր: Պատվավոր հյուրի կարգավիճակով 2019 թվականին զորահանդես է այցելել Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, իսկ 2020 թվականին՝ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն։ Դրանից հետո երկու տարի միջոցառումներն անցկացվել են առանց պատվավոր հյուրերի՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս