Ինչո՞ւ Արցախի ղեկավարությունը չեղարկեց Արցախի լուծարման չարաբաստիկ հրամանագիրը․ մեկնաբանում են փորձագետները

Արցախի նախագահ  Սամվել Շահրամանյանի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանն այսօր ուշագրավ հայտարարություն է արել՝ նշելով, որ Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի։

Ըստ նրա, դրա համար հիմք է հանդիսանում Արցախի նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի՝ Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, խորհրդարանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, իրավապահ մարմինները, Ստեփանափակերտի քաղաքապետը ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության։ Շահրամանյանի այդ հրամանագրում նաև նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Արցախի Հանրապետության անունից տրվող փաստաթղթերը վավերական են: Այս մասին արցախցի պաշտոնյան հայտարարել է «Ազատության» հետ զրույցում։

Ավելի ուշ արդեն Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Սամվել Շահրամանյանն այսօր հանդիպել է պետական այն մարմինների ղեկավարների հետ, ովքեր շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով:

Հանդիպման ժամանակ Արցախի նախագահն անդրադառնալով վերջին շրջանում լայն քննարկում ստացած իր՝ սեպտեմբերի 26-ի հրամանագրին, ընդգծել է, որ՝ «Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները»:

Ավելի վաղ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էր հայտարարել, թե Արցախը լուծարելու մասին նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը հակասահմանադրական ճանաչելու և այն չեղարկելու շուրջ այս պահին քննարկումներ են ընթանում։ Բայց թե ի՞նչ ճանապարհով կնախաձեռնվի այդ գործընթացը, դեռևս հստակ չէ։

Գեղամ Ստեփանյանն ասել էր՝ կարևոր է, որ թեկուզ թղթի վրա Արցախի պետական մարմինները գոյություն ունենան։

«Այդ ինստիտուտների պահպանությունը թեկուզ թղթի վրա շատ կարևոր է զուտ Արցախի նկատմամբ իրավունքների էջը չփակելու համար: Կարևոր է, որ այդ կառավարությունը՝ կա՛մ խորհրդարանը, կա՛մ սահմանադրական մարմինները, որոնք, ըստ էության, Արցախի պետականության կարևոր բաղադրիչներն են հանդիսանում, պահպանվեն, թեկուզ, եթե դրա տակ դրված չեն կոնկրետ լիազորություններ և կոնկրետ գործառույթներ»,- ասել էր Արցախի օմբուդսմենը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին՝ Ադրբեջանի՝ Արցախի դեմ սկսած ռազմական արյունալի օպերացիայի ֆոնին հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդադարեցնի գոյությունը, մինչև հաջորդ տարեսկիզբ կլուծարվեն պետական բոլոր կառույցները։ Ըստ հրապարակման՝ Շահրամանյանը որոշումն ընդունել էր՝ հանուն Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման։ Բուն հրամանագրի տեքստը չի հրապարակվել, դրա մասին միայն տեղեկություն է տարածվել՝ նախ ռուսերեն, ապա հայերեն։ Հոկտեմբերի 20-ին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ակցիայի ժամանակ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել էր, թե Արցախի Հանրապետությունը չի լուծարվել, և որ այդ ստորագրված փաստաթղթի հետ կապված շատ մանրամասներ կան, որոնք վերջինս չի կարող բարձրաձայնել։ «Ես ձեզ վստահեցնում եմ, որ տեղյակ ենք փաստաթղթի և’ դրական, և’ բացասական կողմերից, և ոչ մի փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը»,- ասել էր նա։

168am-ի հետ զրույցում ռուս կովկասագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ սա բավականին անակնկալ հայտարարություն էր, որը խորն ուսումնասիրման և վերլուծության կարիք ունի, թեև օրերս ադրբեջանական մամուլում եղել էր լուր այն մասին, որ Շահրամանյանի հրամանագիրը կառավարության անդամները հակասահմանադրական են որակում։

«Փաստորեն այդ լուրը հավաստի էր, քննարկում եղել է և նման որոշում է կայացվել»,- նկատեց նա։

Սակայն, Տարասովի խոսքով, առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ սա արվում է՝ չեղարկելու համար այն հրամանագիրը, որը կանգնեցրեց Ադրբեջանի սեպտեմբերյան օպերացիան, որից հետո ղարաբաղահայերը լքեցին Լեռնային Ղարաբաղը, այսինքն՝ ցույց է տրվում, որ դա ստորագրվել է ճնշման ներքո։ Վերլուծաբանի կարծիքով, սա առաջին հերթին արվում է ԼՂ կառավարության աշխատանքը ՀՀ-ում այսուհետ ևս իրականացնելու, ինչպես նաև ղարաբաղահայերի իրավունքների հարցը բարձրացնելու հնարավորություն ունենալու նպատակով։

«Թե այդ կառավարությունն այսօր կոնկրետ ինչ աշխատանք է իրականացնում, ինչ կոնկրետ արդյունքներ է տալիս այդ աշխատանքը և ապագայում կտա, դա այլ հարց է, սակայն կա մտադրություն, ամենայն հավանականությամբ, շարունակել կառավարության աշխատանքը և աշխարհին ցույց տալ, որ թեև հայերը լքել են ԼՂ-ն, սակայն ԼՂ այն կառույցները, որոնք նախկինում աշխատել են, շարունակում են աշխատել ՀՀ տարածքում և զբաղվել հայերի իրավունքների հարցերով։ Երկրորդ խոշոր նպատակը, բնականաբար, նախատեսված է ապագայի և ապագա զարգացումների, գուցե ինչ-որ հնարավորությունների համար, որոնք այսօր բարդ է հասկանալ, քանի որ Ադրբեջանի իշխանություններն արդեն իրավիճակ են թելադրում Ղարաբաղում, որ հայերը կարող են ապրել Ադրբեջանի սահմանադրության և օրենքների ներքո, Ղարաբաղում հայեր չեն մնացել, ինչն առանցքային հանգամանք է։

Սակայն հաշվարկն ամենայն հավանականությամբ այն է, որ եթե ապագայում հնարավորություն ընձեռվի հայերի համար վերադառնալ ԼՂ, այս կառույցները կարող են ինչ-որ գործառույթներ իրականացնել։ Այս պահին կարող եմ ասել, որ նպատակներից մեկը վերաբերում է ներկային, մյուսը՝ հնարավոր ապագային։

Չէ՞ որ ղարաբաղահայերի ԼՂ վերադառնալու իրավունքի մասին խոսում են թե Ռուսաստանում, թե նույնիսկ Արևմուտքում։ Բարդ է պատկերացնել, թե դա ինչպես է հնարավոր, ինչ պայմաններում, երբ Ադրբեջանը կոշտ դիրքորոշում ունի այդ հարցում, իսկ ղարաբաղահայերը հայտարարում են այդ պայմանները չընդունելու մասին և նախընտրեցին լքել ԼՂ-ն, քան ապրել այդ թելադրանքի ներքո, սակայն արվում է ինչ-որ քայլ, որը ներկայումս մեծ հույս չի ներշնչում, սակայն որոշակի իրավիճակում գուցեև օգտակար լինի»,- նման կարծիք հայտնեց Տարասովը։

Նրա խոսքով, այս հարցում իրեն հետաքրքիր է պաշտոնական Երևանի դիրքորոշումը, քանի որ ՀՀ-ում կային բազմաթիվ կարծիքներ, որ այն կառավարությունը, որն աշխատում էր Ղարաբաղում, ՀՀ-ում չպետք է գործի, ուստի հետաքրքիր է, թե այս տարաձայնությունը ժամանակի ընթացքում ինչպես կլուծվի։

«Բնականաբար, Ադրբեջանի արձագանքը կոշտ է լինելու այս ամենին, դա ամենականխատեսելին է։ Հարցն այն է, որ այսօր նման որոշումն իրավիճակ չի փոխում, սակայն այն կայացնողները գուցե որոշակի տեսլական ունեն։ Ես անձամբ տեսել եմ ու տեսնում եմ Սան Մարինոյի կարգավիճակը։ Այնուամենայնիվ, թուրք-ադրբեջանական մամուլում ժամանակ առ ժամանակ պատահում են հրապարակումներ այն մասին, որ նրանք որոշակի ծրագիր են մշակում հայերի ինտեգրացիայի վերաբերյալ, այդ հարցը կա, դա բոլորը տեսնում ու հասկանում են։ Թեև հայերը նշում են, որ համաձայն չեն Ադրբեջանի պայմաններին, սակայն այդ հարցերը գոյություն ունեն և դրանք ենթակա են բանակցությունների։ Կրկին հարց է, թե ով և ինչպես պետք է բանակցի, այնուամենայնիվ հարցը առկա է, այն ճանաչում են նաև Ֆրանսիան, ԱՄՆ-ը ու Ռուսաստանը»,- նկատեց նա։

Իր հերթին՝ ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը մեզ հետ զրույցում ասաց, որ մի փոքր բարդ է պատկերացնել, թե ինչ է փոխում այդ հրամանագիրը չեղարկելու մասին հայտարարությունը, երբ Ղարաբաղում հայեր չեն ապրում, չկան։

«Այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերին, ծանր էր Ղարաբաղում բնակվող հայության համար, ակնհայտ էր, որ կայացված որոշումները ստիպված էին, պարզ էր նաև, որ մարդիկ իրենց իրավունքներից այդքան հեշտ չեն հրաժարվելու, փորձելու են պայքարի եղանակներ գտնել, թեև ՀՀ իշխանությունների ներկայիս դիրքորոշման պայմաններում նաև դա բարդ է թվում։

Այնուամենայնիվ, մարդիկ փորձում են պայքարել իրենց իրավունքների համար, ասել, որ սա սպասելի չէր, սխալ կլինի։ Թե կոնկրետ ինչ հնարավորություններ կան, բարդ է, ասել, որ սեպտեմբերյան զարգացումներով բոլոր հարցերը լուծվեցին, ևս սխալ կլինի։ Շատ զարգացումներ են հնարավոր, սակայն, կարծում եմ, դրանք քննարկվելու են այլ ձևաչափերում, քանի որ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կարծես նման հարց չկա։ Գուցե ՌԴ-ն, որը բարձրացրել էր այս հարցը, զբաղվի այս հարցով ինչ-որ պահի։ Կամ՝ այլ միջնորդ»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս