Սրանք չարիք են. Խորիկն էլ թող չմոռանա՝ ինչպես իրեն Դեմիրճյանի մակարդակով զրկեցին ֆուտբոլից. Սուրեն Բաղդասարյան

««Նեֆթչիի» խաղերին Լևոն Դանիելյանից հետո Բաքու մարզական մեկնաբաններից միայն ես եմ գնացել: Մերոնք մինչ այդ «Նեֆթչիին» երբեք չէին հաղթել: Իմ բախտը բերեց. Երբ ես սկսեցի մեկնաբանել, մերոնք դեռ «Նեֆթչիին» չէին հաղթել: Հետո սկսեցինք հաղթել, նախախնամության հարց էր: Ու երբ Նիկիտա Սիմոնյանը եկավ, ու մենք Բաքվում «Նեֆթչիին» հաղթեցինք 2:0 հաշվով, պարզապես պատերազմական իրավիճակ էր: Մեզ հանդերձարանից մինչև գիշերվա ժամը 1-2-ը չթողեցին, որ դուրս գանք Բաքվում»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց մարզական մեկնաբան, «Ֆուտբոլ պլյուս» շաբաթաթերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Սուրեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով «Արարատ-Նեֆթչի» ֆուտբոլային դիմակայություններին:

Վերջինիս խոսքով՝ այդ օրն ադրբեջանցի երկրպագուները փակել են փողոցներ, եղել են անկարգություններ, վառվել ու ջարդվել էին մեքենաներ:

«Ադրբեջանցիները կատաղել էին: Ո՞նց թե դուք Բաքվում հայերին պարտվել եք: Շատ լարված իրավիճակ էր: Բայց ես չէի կարող այդ մասին խոսել: Հետագայում էլ իմ ռեպորտաժներում չէի կարող ասել: Տեղնուտեղը կզրկեին ինձ: Նույնը Էդուարդ Մարգարովն իր գրքում է պատմում: Ես գիտեմ՝ ինչպես էր նա Բաքվից եկել: Պարզապես գիշերով փախել էր մեքենայով: Որ իմանային, չէին թողնի: Բաքվում սրերով էին ընդունել նրա՝ Հայաստան տեղափոխվելը: Բաքվի ռադիոհանգույցի տեխնիկական ղեկավարը հայ էր: Նա ինձ մի առիթով ասաց՝ գիտե՞ք, ընկեր Բաղդասարյան, Մարգարովը որ գնացել է Հայաստան, Սպորտկոմիտեի ղեկավարությունը բոլոր աշխատողներին հրահանգել էր բոլոր հայ ֆուտբոլիստներին հանել բոլոր թիմերից»,- ասաց նա:

Ծնունդով ստեփանակերտցի Սուրեն Բաղդասարյանի համար Արցախի կորուստը ողբերգություն է:

Կարդացեք նաև

«Հիմա ես այս նկարը տեսնում եմ ձեր տաղավարում, Արցախի Ազգային ժողովի (ԱԺ) շենքն է: Նախկինում այն դպրոց էր: Ես այս դպրոցն եմ ավարտել, այս շենքում եմ սովորել: Սա Ստեփանակերտի թիվ 1 դպրոցն էր: Հիմա ես որ այս շենքը տեսնում եմ, ինձ համար շատ մեծ ցավ է: Արցախի ամեն քար ու թուփ ինձ համար հարազատ է»,- ասաց մարզական մեկնաբանը՝ հավելելով՝ Ստեփանակերտում հիմա էլ երկհարկանի տուն ունի, իսկ Արցախից տեղահանվել է իր ողջ գերդաստանը:

Խոսելով դեկտեմբերի 23-ին կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի ընտրությունների մասին՝ Սուրեն Բաղդասարյանն ասաց, որ ինքը շահագրգիռ կողմ չէ, և իր հեղինակությունն իրեն թույլ է տալիս ազնիվ լինել ու պայքարել արդարության համար:

«Ես գիտեմ այդ մարդկանց անցած ճանապարհը: Ես կտրականապես դեմ եմ, որովհետև նույն ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն իմ դեմ մի ամբողջ էջ, համոզված եմ, պատվերով հոդված էր գրել, որտեղ ասում էր՝ Սուրեն Բաղդասարյանն այնքան զզվելի է վարում, որ ֆուտբոլը դուրս է մնացել «Արմենիա» ՀԸ եթերից, մինչդեռ դա կատարյալ կեղծիք էր»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե հիմա Արմեն Նիկողոսյանը «Փյունիկին» մեղադրում է ՀՖՖ-ին վարկաբեկելու մեջ, Սուրեն Բաղդասարյանն ասաց՝ ի՞նչ վարկաբեկելու մասին է խոսքը:

«Նա ինքը շատ վարկաբեկված է, և ես գիտեմ՝ ինչ ճանապարհներով է նա եկել նախորդ ընտրությունների ժամանակ: Ես այն ժամանակ էլ էի պայքարում, ու ինձ համար ցավալի էր, որ այդ երկու բախտախնդիրները (Արմեն Մելիքբեկյան, Արմեն Նիկողոսյան.- Գ.Ս.) եկան ու պարզապես զավթեցին ՀՖՖ-ն: Իրենք չեն ընտրվել, իրենք նշանակվել են: Ցավալի կլինի, եթե Մելիքբեկյանը նորից վերարտադրվի»,- ասաց Սուրեն Բաղդասարյանը:

Վերջինս նկատեց՝ Արմեն Մելիքբեկյանը շահարկում է այն, որ իր մրցակիցը՝ Արաս Օզբիլիսը, ղեկավարման փորձ չունի:

«Ո՛չ Նիկողոսյանը, ո՛չ Մելիքբեկյանը փորձ չեն ունեցել: Այդ մարդիկ բախտախնդիր անձնավորություններ են, շարժվում են ուրիշի թելադրանքով ու չարիք են մեր ֆուտբոլի համար: Նրանք զբաղված են իրենց անձնական հարցերով: Ընտրողները 25 հոգի են լինելու: Իրենք պետք է ապահովեն 13 ձայն, իսկ ընտրողների մեծամասնությունը ֆեյք է: Այնտեղ կազմակերպություն կա, որ ենթարկվում է Ֆեդերացիային, և, բնականաբար, իր ձայնը պետք է տա Մելիքբեկյանին: Ուղղակի ապշած եմ, հարձակվել են այդ ազնիվ տղայի՝ Արաս Օզբիլիսի վրա»,- ասաց ֆուտբոլային մեկնաբանը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ Արմեն Մելիքբեկյանին առաջադրել է Խորեն Հովհաննիսյանի «Անի» ՖԱ-ն, ու նա ակտիվորեն աջակցում է Մելիքբեկյանին, Սուրեն Բաղդասարյանն ասաց՝ դա ծիծաղելի է ուղղակի:

«ՀՖՖ նախագահի նախորդ ընտրությունների ժամանակ Խորիկը (Խորեն Հովհաննիսյան.- Գ.Ս.) այդ ամբողջ ընտրաժամկետում ես ինչ ասում էի Մելիքբեկյանի մասին, նույնը կրկնում էր, քարկոծում էր նրան: Հիմա հանկարծ, երբ մնում էր երկու օր, Խորիկն անցնում է իրենց կողմը: Երևի նաև անձնական խնդիրներ եղան, որ անցավ նրանց կողմը: Չգիտեմ՝ իրեն ինչ խոստացան: Հիմա իր անունով ակադեմիա են բացել: Ծիծաղելի է: Ֆիզկուլտինստիտուտի մի հատ խաղադաշտ էր, Հանրապետական մարզադաշտին կպած: Հիմա Խորիկը կանգնում, հայտարարություններ է անում, թե կտեսնեք՝ 5 տարի հետո ինչ կադրեր ենք տալու: Մի փոքր դաշտով դուք կադրե՞ր եք տալու»,- ասաց Սուրեն Բաղդասարյանը:

Նա շեշտեց՝ իր համար ցավալի է, որ Խորեն Հովհաննիսյանն անցնում է այդպիսի մարդկանց կողմը, և, որ այդ կերպ նա հեղինակազրկվում է:

«Ես Խորիկին 5 մատիս պես գիտեմ: Ես գիտեմ՝ ինչպես և ինչու իրեն պարզապես զրկեցին հայկական ֆուտբոլից Կարեն Դեմիրճյանի մակարդակով: Շատ չեմ ուզում ծավալվել, պարզապես թող ինքը չշարունակի նման բաներ անել: Ես էլ եմ միշտ իրեն մեծարել, բայց ինքը միշտ սխալ ճանապարհով է գնացել: Ինչ ինքն «Արարատում» էր, ինքն էր որոշում՝ ով պիտի խաղա, ով՝ ոչ: Թիմում միշտ անառողջ մթնոլորտ էր»,- ասաց Սուրեն Բաղդասարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս