Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։ Լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։
«Այո, Ադրբեջանը վատ է տրամադրված, Ադրբեջանին, գուցե, խաղաղության պայմանագիրը ձեռք չի տալիս։ Ադրբեջանը հասկանում է, որ կարող է դրա արդյունքում Հայաստանի տնտեսությունը շատ արագ վերելք ապրել, Հայաստանի զարգացման համար լուրջ հեռանկարներ կարող են լինել։ Այդ ամենը նրանք շատ լավ վերլուծում են և հետևություններ են անում։ Բնականաբար, նրանք այդքան ոգևորված չեն, որ Հայաստանի հեռանկարն այդպիսին լինի։ Այսօր տեսնում ենք, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի խաղաղության պայմանագիր կնքելուց կամ այնպիսի պայմանագիր կնքելուց, որը հստակ երաշխավորված կլինի։ Ադրբեջանը հիմա ամեն ինչ անում է, որ գոնե ստորագրվելու դեպքում նոյեմբերի 9-ի նման մի փաստաթուղթ լինի, որ հետո բոլոր կետերը հնարավոր լինի խախտել, ինչը տեսել ենք և ինչը թույլ չենք տալու։ Բայց Ադրբեջանի ուզածով չէ․ կա միջազգային հանրություն, կա Արևմուտք, կան բազմաթիվ երկրներ և, իհարկե, Ադրբեջանի վրա այսօր դիվանագիտական ճնշումը բավականին մեծ է։ Ադրբեջանին պետք է բերել կառուցողական դաշտ»,- ընդգծեց Խաչատրյանը։