ՏԵՂԵԿԱՆՔ № 7՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար. Yerevan.today

Yerevan.today-ը շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

17.08.2018թ․, Ելույթ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ

Խոստում – Մենք երաշխավորում ենք ներդրումների անձեռնմխելիությունը: Ես ուզում եմ ասել, որ ՀՀ-ում բիզնեսով զբաղվող որևէ մեկն անհանգստանալու որևէ բան չունի: Ոչ մեկի ձեռքից ոչ մի բիզնես չի խլվելու, ոչ մի գործարան և ունեցվածք չի խլվելու:

Իրական պատկեր – Այս հայտարարությունից ընդամենը երկու օր առաջ՝ 2018թ․ օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը, ՊԵԿ-ը, դիմակավորված անձանց ուղեկցությամբ մտավ Հարավկովկասյան երկաթուղի ընկերություն։ Փաստաթղթեր առգրավվեցին։ Թե ինչեր հայտնաբերեցին, ինչու էին դիմել այդ քայլին, անհասկանալի մնաց։ Սակայն սա համարվեց հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու սկիզբը։

Հաջորդ ներդրումը, որը ենթարկվեց իշխանական գրոհի, այնուհետև խլվեց, «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունն էր, որի տնօրենը մի քանի անգամ կալանավորվեց։ Արդյունքում ընկերությունը փակվեց, ոլորտն անցավ կառավարության տնօրինմանը, տեսախցիկներն ու արագաչափերն էլ ավելացան: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հանրության մեջ սերմանել էր, որ այս ընկերությունը պատկանում է Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ (Ալեքսանդր) Սարգսյանին։ Սակայն միայն իշխանափոխությունից հետո ՔՊ-ական պատգամավոր, նախկինում ՃՈ պետի տեղակալ աշխատած Արմեն Խաչատրյանը լրագրողներին ասաց, որ նրան չի պատկանել։ Ըստ երևույթին, պատճառն այն էր, որ ընկերության տնօրենի անունը ևս Ալեքսանդր էր։

Նույն ճակատագրին արժանացավ նաև աղբահանությամբ զբաղվող օտարեկրյա ներդրումներով աշխատող «Սանիտեկ» ընկերությունը: Ընկերությունը պարզապես փակվեց, նրա ձեռքից վերցվեց աղբահանման գործը և տրվեց Երևան համայնքին։ «Սանիտեկը» դիմեց միջազգային արբիտրաժային դատարան։

«Ներդրումների անձեռնմխելիություն» խոստմանն անդրադառնալիս բազմաթիվ օրինակներից հիշենք ևս մեկը՝ «Լիդիան» ընկերությունը, որն Հայաստանի հանքարդյունաբերության ամենաաղմկոտ ու ամենաքննադատված նախագծերից մեկն է՝ Ամուլսարի ոսկու հանքով։ Հանքը արդեն պատրաստ էր շահագործման, երբ Հայաստանում հեղափոխություն տեղի ունեցավ։ Դրանից հետո մի քանի հոգի պարզապես փակեցին հանքի ճանապարհը՝ ստանալով Նիկոլ Փաշինյանի աջակցությունը, որը խոստացել էր շահագործման ազդեցության վերաբերյալ նոր փորձաքննություններ անել։ Պետությունը հատկացրեց ավելի քան 600 հազար դոլար, նոր փորձաքննություններ անցկացրեց, սակայն որևէ խոչընդոտ չհայտնաբերեց, որը հիմք կտար հանքի չշահագործմանը։ Այս ընթացքում ներդրողը կորցրեց միլիոնավոր դոլարներ, շուրջ 2 հազար անձինք զրկվեցին աշխատանքից: 5 տարվա քաշքշուքից հետո 2023թ․ փետրվարին որոշվեց, որ հանքը կաշխատի։ Փոխարենը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ Կառավարությունն անհատույց ստանալու է «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12.5%-ը: Այսինքն՝ Կառավարությունը դառնում է փայատեր այս ընկերությունում: Առայժմ հայտնի չէ՝ ինչու՞ կամ ինչի՞ դիմաց է ընկերությունը բաժնեմասեր նվիրել Կառավարությանը:

Նմանօրինակ առեղծվածային ճանապարհով կառավարությունը փայատեր դարձավ նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում: Մինչ այդ, դիմակավորված անձինք մտել էին նաև այս հաստատություն, եղան կալանավորումներ։ Տեղի ունեցավ, ըստ երևույթին, բիզնեսի վերաբաշխում։

27.08.18թ․, այց՝ Գումի գյուղմթերքի շուկա

Խոստում – Պետք է աշխատել գյուղմթերքի գների նվազեցման ուղղությամբ։ Հիմա խնդիր չկա գների վրա ազդելու, բայց քաղաքականության միջոցով երկարաժամկետ հատվածում պետք է փորձել գները նվազեցնել։

Իրական պատկեր – Գնաճի մասով բերենք մի քանի ցուցանիշ: Այսպես, 2021 թվականի ամփոփ տվյալներով՝ Հայաստանում 12-ամսյա գնաճը 7,7 տոկոս է կազմել։ Սա վերջին տասը տարիներին գրանցված ամենաբարձր ցուցանիշն է եղել։ Իսկ մինչ այդ, գնաճը վերջին անգամ պետության սահմանած թիրախային 4 տոկոսի սահմանն անցել էր միայն 2014-ին։

Իսկ 2022 թվականը Հայաստանը փակել է 8,3 տոկոս ընդհանուր տարեկան գնաճով։ Սննդամթերքը մեկ տարվա ընթացքում թանկացել է 10 տոկոսով, կոմունալ ծառայությունները՝ ավելի քան 8, հագուստը 7,2 տոկոսով, ռեստորանների և հյուրանոցների ծառայությունները թանկացել են շուրջ 9 տոկոսով։

Լրատվամիջոցները հաճախ են հիշեցնում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ ամբիոնից 23․01․2018թ․։ Ի՞նչ էր նա ասում․ «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և ասաց․ «Օրինակ՝ կարագը թանկացել է, ժողովուրդ ջան, խառը կանաչի կերեք, ի՞նչ է եղել որ։ ԿԲ նախագահն ասաց, թե գիտությունը պարզել է, որ կարագը օգտակար է, բա գիտությունը գիտե՞ք երբ է պարզել, որ խառը կանաչին օգտակար է, գիտե՞ք ինչ վիտամիններ կան մեջը, ինչ հատկանիշներ կան մեջը։ Գառան միսը թանկացել է, կանաչ սոխ կերեք, գիտե՞ք ինչ օգտակար է կանաչ սոխը։ Լուրջ եմ ասում՝ առանց կատակի, որևէ մեկը կասկածո՞ւմ է կանաչ սոխի օգտակարությանը։ Կամ խոզի միսը թանկացել է, սխտոր կերեք, այ ձեր ցավը տանեմ, ի՞նչ եք խառնվել իրար։ Բենզինը թանկացել է, մենք այն օրը ցույց տվեցինք` բրդեք ձեր մեքենան, ի՞նչ է, ձեռներիդ մեջ ուժ չկա՞, համ էլ ֆիտնես է, լավ ծառայություն է»։

Նշենք միայն, որ այս ելույթի ժամանակ գնաճը 2,6 տոկոս էր, որի դեմ էր Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Իսկ իր օրոք սննդամթերքի գնաճն անցավ անգամ 12 տոկոսից։

Նիկոլ Փաշինյաը մեկ անգամ չէ, որ ակցիա է արել գնաճի դեմ՝ պատգամավոր եղած ժամանակ, 2018թ․ հունվար և փետրվար ամիսներին, ԵԼՔ խմբակցության կազմում։ Իսկ այսօր նույն խմբակցության անդամ ուժերը՝ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները, ՔՊ-ի հետ կոալիցիոն գործընկերներ են, վերջինը՝ Երևանում, Էդմոն Մարուքյանը՝ ոչ պաշտոնապես։

20.10.2018թ․, Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ

22.08.2018թ․, ճեպազրուց – Ես որևէ քննադատության համար որևէ մեկին քարկոծելը չեմ ընդունում և կոչ եմ անում բոլորին, որ քննադատությանը վերաբերվեն կառուցողական: Մենք պետք է բոլորս արձանագրենք նոր իրողությունները և գործենք նորովի։ Հիմա ես եմ հարց տալիս. Հայաստանի պատմության մեջ երբևէ լրատվական դաշտը եղե՞լ է այնքան ազատ, որքան այսօր:

Իրական պատկեր – Լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ այսքան գրոհ՝ պետական մակարդակով և իշխանությանը սատարող ռեսուրսների միջոցով, Հայաստանի անկախության ոչ մի փուլում չի եղել, անգամ 1990-ականների սկզբին, երբ փակվում էին լրատվամիջոցներ։

Վերջին դեպքը կարելի է հիշել 07․12․2023թ․, երբ ԱԺ ամբիոնից մի քանի լրատվամիջոցի դեմ ելույթ ունեցավ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհանիսյանը։ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանն Ազգային ժողովում մոտեցել էր Արթուր Հովհաննիսյանին և առաջարկել միասին գնալ ԱԱԾ կամ ՀՀ դատախազություն, որպեսզի Հովհաննիսյանը հնչեցրած մեղադրանքների համար ապացույցներ ներկայացնի։ Օրեր անց՝ դեկտեմբերի 15-ին, Ազգային ժողովը հավատարմագրումից զրկեց «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին։

Նշենք, որ Yerevan.Today-ի լրագրողը ևս 2022 թվականին զրկվել էր ԱԺ հավատարմագրումից՝ դարձյալ ՔՊ-ականներին ոչ դուրեկան հարցեր տալու համար։ Նիկոլ Փաշինյանի՝ լրատվամիջոցների վերաբերյալ հայտարարությունը ամենաառաջինը իր մաշկի վրա զգաց մեր կայքը՝ Yerevan.Today-ը։ 2018թ․ սեպտեմբերի 11-ին հրապարակված աղմկահարույց գաղտնալսումներից հետո (ԱԱԾ և ՀՔԾ պետերը քննարկում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անպայման կալանավորելու հարցը), ֆեյք գրառումների հիման վրա ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ՔԿ-ն, ավելի քան 10 աշխատողով մուտք գործեցին Yerevan.Today-ի խմբագրություն և շուրջ 8 ժամ խուզարկեցին՝ առգրավելով մի քանի համակարգիչ և խաթարելով կայքի աշխատանքը։

Այս ընթացքում մի շարք այլ լրատվամիջոցներ են հայտնվել իշխանության թիրախում։ Իսկ կորոնավիրուսի և 44-օրյա պատերազմի օրերին բազմաթիվ տուգանքների են ենթարկվել։ Միայն մեր կայքը տուգանվել է ավելի քան 10 անգամ (Yerevan.Today-ը բողոքարկել է ոստիկանության որոշումները, և վերջինս հերթով պարտվում է դատարաններում) ։

Համացանցում իշխանության կողմից իսկական արշավ սկսվեց ընդդիմադիր մամուլի դեմ, անգամ արևմտյան գրանտերով սնվող ՀԿ-երը սկսեցին ԶԼՄ-երի ֆեյսբուքյան էջերի տեսանելիությունը իջեցնելու պրոցես: Արդյունքում մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցների ֆեյսբույքյան էջեր արգելափակվեցին, դիտելիությունը և հասանելիությունը հասել է նվազագույնին։

Նշենք նաև, որ այս ընթացքում եթերազրկվեցին իշխանությանը քննադատող հեռուստաընկերություններ, որոնք ունեին համապետական սփռում՝ «Երկիր Մեդիա»-ն և Հ2-ը։

Առանձին լրագրողների նկատմամաբ իշխանության ներկայացուցիչները արշավներ սկսեցին, թիրախավորեցին, վիրավորական խոսքեր էին ասում, բռնության դրսևորումներ էին լինում: Այժմ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, ԲՏԱ նախարար աշխատելու ժամանակ հարվածել էր լրագրող Փայլակ Ֆահրադյանին։ Չնայած կար տեսանյութ այդ մասին, բայց այդպես էլ գործն ընթացք չունեցավ։

Այս թեմային կարելի է շատ երկար անդրադառնալ, բազմաթիվ օրինակներով, բայց բավարարվենք այսքանով։

20.10.2018թ․, Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ

Խոստում – Ես բացառում եմ, որ ՀՀ-ում մեր կառավարության օրոք որևէ ընտրություն կեղծվի:

Իրական պատկեր – Իշխանությունը կեղծում է ընտրության արդյունքները։ ՏԻՄ ընտրություններում դա տեղի է ունենում հետևյալ մեխանիզմով․ իշխանական թեկնածուն պարտվում է ընտրություններում, որից հետո կալանավորվում է ընտրված համայնքապետը, ինչպես եղավ Վանաձորում, Վարդենիսում կամ ճնշումների, խոչընդոտներ հարուցելու արդյունքում կրկնակի ընտրություններ են նշանակում, ինչպես եղավ Թալինում, Վեդիում, Սիսիանում և այլ վայրերում։ Եվ, ի վերջո, պարզապես խլում են համայնքապետի պաշտոնը, ինչպես տեղի ունեցավ Ալավերդիում։

Ուշագրավ է, որ ՔՊ-ն կեղծել է անգամ իր՝ կուսակցության ներսում ընտրությունների արդյունքները։ 2022թ․ հոկտեմբերի 29-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վեցերորդ համաժողովը։ Ներկա 1060 պատվիրակներն ընտրում են վարչության 15-հոգանոց կազմ։ Հետո աղմուկ բարձրացավ, որ ՔՊ ներսում քվեարկությունը կեղծվել է և տեղի ունեցավ ձայների վերահաշվարկ։ Արդյունքում, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և խորհրդանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պարզվեց, կեղծիքով են ընտրվել վարչության կազմ։ Նրանք դուրս մնացին, և նրանց փոխարեն անցան Արսեն Թորոսյանը և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, որոնց օգտին տրված ձայները կեղծվել էին։ Մամուլը հայտարարեց, որ գործել է ընտրակեղծարարների թիմ։ Իսկ ընտրակեղծիքների մասին առաջինը հայտնել էր հենց Արսեն Թորոսյանը և պահանջել վերահաշվարկ։

01.09.2022թ․, Կառավարության նիստ

Խոստում – Մենք չենք կարող հանդուրժել մեր ուսուցիչներին ու դաստիարակներին վճարվող ծիծաղելի աշխատավարձները, և դրանք ընդհուպ եռապատկելու գործընթաց ենք մեկնարկել այն ընկալմամբ, որ դա պետք է զուգակցվի ուսուցչի կամավոր ատեստավորմամբ:

25․07․2023թ․ մամուլի ասուլիսում էլ հայտարարեց․ «Մեր նախընտրական ծրագրում գրված է, որ ուսուցիչների աշխատավարձը պետք է կրկնապատկենք, մենք ուսուցիչների աշխատավարձը առնվազն կրկնապատկում ենք․․․ Հայաստանում կա ուսուցիչ, որ ստանում է 500 հազար դրամ աշխատավարձ․․․ Հայաստանում կան ուսուցիչներ, որ ստանում են 400 հազար դրամ աշխատավարձ»։

Իրական պատկեր – Նիկոլ Փաշինյանի նշած բարձր թվերը չեն խոսում համատարած բարձրացման մասին, այլ, իրականում, վերաբերում են հաշված թվերով ուսուցիչների։ Համաձայն կառավարության, 500 հազար դրամ ստանում է մեկ-երկու ուսուցիչ, 400 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչների թիվը 22 է։

Նշենք, որ ՀՀ-ում ուսուցիչների թիվը շուրջ 40 հազար է։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանի խոստացած բարձրացումը վերաբերում է ուսուցիչների ընդամենը 0,05 տոկոսին։

Տեսանյութեր

Լրահոս