ԼՂ հարցում էմոցիոնալ գիծը նախորդներինը չի եղել, այդ էմոցիոնալ գիծը բոլորինս է եղել. Փաշինյան

«Հայաստան» հիմնադրամի ստեղծման օրվանից մինչեւ 2018 թվականը, նույնիսկ 2020 թվականը, Սփյուռքից նվիրաբերված միջոցները 3, 4, 5 անգամ ավելի քիչ են, քան 2018-ից 2022 թվականը ՀՀ պետական բյուջեի եկամուտների աճը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց  Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սփյուռքի ներգրավման հարցին:

«Այդ խոսույթը փոխելը, փոխարինել ինչո՞վ, ինչո՞վ փոխարինել: Սրանում է ամբողջ խնդիրը, փոխարինել և, ըստ էության, ասել, որ ԼՂ հարցը փակված է, չկա ԼՂ հարց:

Բայց այս պարագայում, պետք է պատասխանել մի շատ կարևոր հարցի՝ շատ լավ, եթե նույնիսկ դա արձանագրում ենք, իսկ հետո՞: Հետոյի մասին որոշակիությունների բացակայությունը կամ որոշակիացնելու անհնարինությունն ամենակարևոր գործոնն է, որովհետև հետոյից հետո հետոյին անդրադառնալու պարագայում պետք է վերանայել բոլոր այն բանաձևերը, որ դրված են Հայաստանի պետականության հիմքում, սկսած՝ տարածաշրջանային հարաբերություններից, վերջացրած՝ միջազգային հարաբերություններից, անվտանգային համակարգերով և այդպես շարունակ:

Այսինքն՝ այդ իրավիճակում ինչո՞ւ չի փոխվել խոսույթը: Էլի եմ ասում, մի կողմ դնենք այն, որ այնպես չէ, որ մեկ էլ մի առավոտ արթնացանք և այս ամբողջությունը գոյացավ: Դա որոշակի պրոցեսների, հարաբերությունների, իրադարձությունների, զրույցների, քննարկումների արդյունք է, երբ դու հասկանում ես, որ Ձեր ասած գործողությունը նշանակում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի շուրջ, այլև ընդհանրապես՝ Հայաստանի պետականության հիմքում դրված ամբողջ խոսույթը, հայեցակարգը, բովանդակությունն ուղղակի քանդել: Առաքելություն, որը ոչ մի բանական մարդ չի վերցնի ոչ թե այն պատճառով, որ վախենում են, այլ քանդելու և նորը կառուցելու արանքում ձևավորվելու է վակուում:

Այդ վակուումի ընթացքում տեղի են ունենալու պրոցեսներ: Անկանխատեսելի են այդ պրոցեսները, և ամենակարևորն այն է, որ այդ անկանխատեսելի պրոցեսները շրջելի՞ են, թե անշրջելի: Եվ այդ հարցի պատասխանը ոչ ոք չի կարող տալ: Ոչ ոք չի կարող: Ես միտքս կարողանո՞ւմ եմ բացատրել: Այսինքն՝ այդպես եղավ, որովհետև այդ հայեցակարգը մենք քանդեցի՞նք, թե այդպես եղավ, որովհետև այդ հայեցակարգն ինքը կենսունակ չէ այլևս: Ո՞րն է եղել այդ պահը: Այո, Դուք ճիշտ եք ասում, մենք պետք է կատարեինք ընտրություն: Ո՞րն է եղել իմ ընտրությունը. լարել բոլոր հնարավոր ուժերը, փորձել պաշտպանել այն, ինչին մենք ողջամտորեն հավատում ենք: Դուք խոսեցիք նախկին իշխանության հետ շփումների մասին»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ինքը շարունակել է իր նախորդների էմոցիոնալ գիծը, Փաշինյանն արձագանքեց. «Այդ էմոցիոնալ գիծը նրանցը չի եղել, սկսենք դրանից, որովհետև այդ էմոցիոնալ գիծը բոլորինս է եղել:

Բոլորս այստեղ հայտնվել ենք այս միջավայրից մեր ընկալումներով: Շատ կարևոր է արձանագրել, որ երբ մենք խոսում ենք հայեցակարգի մասին, խոսքը կառույցի մասին է: Հիմա մենք իրար հետ խոսում ենք այդ կառույցը փլուզելու անհրաժեշտության մասին: Սա էլ չէ նույնիսկ պրոբլեմը: Պրոբլեմը նրանում է՝ նախ ի՞նչ իրադարձություններ էին տեղի ունենալու այդ պարագայում, և այդ իրադարձությունները տեղի էին ունենալո՞ւ այն պատճառով, որ իշխանությունը եկավ և հայեցակարգը փլուզեց, թե տեղի էին ունենալու այն պատճառով, որ այդ հայեցակարգը կենսունակ չէ: Այդ հարցի պատասխանը ոչ ոք չէր կարող տալ»:

Տեսանյութեր

Լրահոս