ԼՂ հայաթափումը պլանավորած մարդիկ համարում են, որ դրանով լուծվեց ԼՂ հարցը ու պետք է լուծվի նաև Հայաստանի հարցը․ Փաշինյան
Այն մարդիկ, որոնք պլանավորեցին ու իրականացրեցին ԼՂ հայաթափումը համարում են, որ դրանով լուծվեց ԼՂ հարցը ու պետք է լուծվի նաև Հայաստանի հարցը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի 90-91 թվականների առաջնորդները ոչ թե ասում էին, որ մեզ անկախություն է պետք, որ պետություն ունենանք, այլ անկախ պետություն է պետք ԼՂ հարցը լուծելու համար։ Այստեղ է ամենակարևոր խնդիրը։
Հիմա ընդդիմության խոսնակները հայտարարում են, որ առանց ԼՂ-ի ՀՀ գոյությունը իմաստ չունի, քանի որ Հայաստանի պետականությունը ստեղծվել էր ԼՂ հարցը լուծելու համար։ Այսինքն եթե ԼՂ հարցը լուծվեր, ապա ի՞նչ պիտի լիներ ՀՀ ճակատագիրը այդ հարցի լուծումից հետո։
Այլ երկրներից կոչեր էին հնչում Հայաստանում իշխանափոխություն անելու: Այդ մարդիկ, որոնք այդ կոչերով հանդես էին գալիս, նրանք համարում էին, որ ԼՂ էթնիկ զտումով ԼՂ հարցը լուծվեց, եւ հետեւաբար, պետք է լուծվի նաեւ Հայաստանի հարցը: Այսինքն հայեցակարգը պետք է հասնի ի լրումին, Հայաստանում պետք է հաստատվի դրածո իշխանություն, որը կասի՝ դե պարզվեց, որ Հայաստանի գոյությունն այլեւս անիմաստ է»,-ասաց նա:
Հարցին՝ ճի՞շտ է, որ իրեն զանգահարել են եւ ասել են, որ պետք է սեպտեմբերի 19-ի դեպքերից հետո հարձակվել Ադրբեջանի վրա, Փաշինյանը պատասխանեց. «Այդպիսի խոսակցություն չի եղել, այլ խոսակցություններ եղել են, որոնք կարող են նշանակել եւ թերեւս հայեցակարգային մակարդակից պրակտիկ մակարդակ տեղափոխելու դեպքում, այո, կարող է մեկնաբանվել այդպես»: