Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
Մրցույթն առաջին անգամ է կազմակերպվել Չինաստանում՝ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի, Չինաստանի ազգային օպերային թատրոնի և Չինաստանի պետական կառույցների համագործակցությամբ։
Մրցույթին հրավիրված է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Նվագախումբը կնվագակցի եզրափակիչ փուլ անցած ջութակահարներին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա նաև մրցույթի գալա համերգի ընթացքում, որը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին Պեկինի ազգային օպերային թատրոնում։
Չինաստան կատարելիք շրջագայության ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ, հանդես կգա նաև երեք համերգով՝ դեկտեմբերի 29-ին՝ Պեկինի ազգային օպերային թատրոնում, դեկտեմբերի 30-ին և 31-ին՝ Շինջինգշան վարչական շրջանի մշակույթի կենտրոնում։ Համերգային ծրագրերում ընդգրկված են նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։