Մնացական Մարտիրոսյանը լուսահոգի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին ճանաչեց մեղավոր

Այսօր Երևան քաղաքի քրեական դատարանի Կենտրոն նստավայրում լուսահոգի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով վերդիկտը կարդաց Երևանի քրեական դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանը։

Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանը մեղադրվում է ազգամիջյան թշնամանք հրահրելու մեջ։ Մեղադրանքի հիմքում դրված էր Արմեն Գրիգորյանի մի ասուլիսը, որը վերջինս տվել էր իրեն կալանավորելուց շուրջ մեկ տարի առաջ։

Արմեն Գրիգորյանր նախ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցների կողմից մասկի-շոուով ցուցադրական ձերբակալվեց, ապա կալանավորվեց այսօր իր կալանքը կրող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կողմից։ Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Լուսինե Հովհաննիսյանի նախագահությամբ, կալանքի որոշումը թողեց անփոփոխ։

Այսօր Մնացական Մարտիրոսյանը որոշեց, որ Արմեն Գրիգորյանի մեղքն ապացուցված է, արարքը ճիշտ է որակված, համապատասխանում է 2003թ. ապրիլի 18-ին ընդունված և արարքի ժամանակ գործած քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այժմ գործող քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ հոդվածի 3-րդ կետով ապացուցված հանցագործության հատկանիշներին։

«Այսինքն` մեղադրյալին վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված են, արարքի քրեական հակաիրավականությունն ապացուցված է, վերագրվող արարքը մեղադրյալ Արմեն Գրիգորյանի կողմից կատարված լինելն ապացուցված է, մեղադրյալ Արմեն Գրիգորյանի մեղավորությունը տվյալ արարքը կատարելու մեջ ապացուցված է»,-այս, իհարկե, շատերի համար ոչ անակնկալ վերդիկտը կարդաց Մնացական Մարտիրոսյանը։

Դատարանն անցավ լրացուցիչ դատալսումների փուլին։

Արմեն Գրիգորյանի պաշտպանական թիմը դատարանի որոշումը կբողոքարկի ՀՀ բոլոր դատական ատյաններում։

Հիշեցնենք նաև, որ Արմեն Գրիգորյանը մահացավ նույն այն դահլիճում, որտեղ կայացվեց այսօրվա վերդիկտը, նույն Մնացական Մարտիրոսյանի ներկայությամբ, իր իսկ գործով դատական նիստի օրը։

Տեսանյութեր

Լրահոս