Ռիսկերն ավելի առարկայական են դարձել
Որքան թուլանում է արտաքին գործոնների ազդեցությունը մեր տնտեսության վրա, այնքան աճի տեմպն ընկնում է։ Դա նոր երևույթ չէ, բայց միտումը գնալով խորանում է։ Երկրորդ եռամսյակում տնտեսական աճը Հայաստանում անհամեմատ ցածր էր, քան առաջինում։ Երրորդում ավելի ցածր է, քան երկրորդում էր։
Եվ, որ ավելի վատ է, գնալով ոչ միայն տնտեսական աճի տեմպն է նվազում, այլև աճի որակն է ընկնում։ Նախկինում էլ այն վատ էր, բայց հիմա ավելի է վատացել։
Պաշտոնական վիճակագրությունը հրապարակել է հերթական եռամսյակային ցուցանիշները, որոնց համաձայն՝ այս տարվա երրորդ եռամսյակում տնտեսական աճի տեմպը Հայաստանում կրկին նվազել է և կազմել 7,38 տոկոս։
Պատկերացնելու համար, թե այս ընթացքում ինչքանով է թուլացել աճի տեմպը, ասենք, որ առաջինում այն՝ 12,05, իսկ երկրորդում՝ 9,14 տոկոս էր։
Տարեսկզբի համեմատ տնտեսական աճի տեմպն ընկել է 4,67 տոկոսային կետով։
Վեց ամսվա ընթացքում սա լուրջ անկում է։ Եվ որքան էլ, տարեսկզբի առաջին երեք եռամսյակների կտրվածքով, տնտեսական աճը պետական բյուջենով նախատեսված նվազագույն 7 տոկոսից շարունակում է բարձր լինել, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Առջևում չորրորդ եռամսյակը կա։ Իսկ վերջին ամիսների տնտեսական իրավիճակը վկայում է, որ չորրորդ եռամսյակում աճի տեմպն էլի կնվազի։ Ավելի ցածր կլինի, քան նույնիսկ երրորդում էր։
Ու դեռ հարց է՝ որքանո՞վ կառավարությանը կհաջողվի ապահովել նախատեսված նվազագույն 7 տոկոս աճի ցուցանիշը։ Չհաշված, որ նվազագույն 7 տոկոսից բացի, ժամանակին կառավարությունը խոստանում էր արտաքին բարենպաստ գործոնների դեպքում 9 տոկոս տնտեսական աճ ապահովել։
Թե որքանո՞վ են արտաքին գործոններն այս տարի բարենպաստ եղել Հայաստանի տնտեսության համար, նույնիսկ անիմաստ է ասել։ Բայց կառավարությունում մոռացել են, թե նման իրավիճակներում ինչպիսին էր տնտեսական աճի իրենց խոստումը։
Որ Հայաստանի տնտեսության մեջ անցած տարի արձանագրված և այս տարի դեռևս պահպանվող բարձր աճերը մեծապես կապված էին արտաքին գործոնների հետ, մեկ անգամ ևս տեսնում ենք եռամսյակային կտրվածքով արձանագրվող ցուցանիշների դինամիկայում։ Ինչքան թուլանում է արտաքին գործոնների ազդեցությունը, այնքան տնտեսական աճի տեմպը նվազում է։ Որքան էլ կառավարությունը փորձի իրեն վերագրել նախկին աճերը, այս թվերը հակառակն են ապացուցում. կառավարության քրտնաջան աշխատանքի արդյունքը երևում է արտաքին գործոնների թուլացմանը զուգահեռ արձանագրվող տնտեսական աճի տեմպի անկման մեջ։
Տնտեսական աճի տեմպի անկումը կապված է հիմնականում արտաքին գործոնների և նախորդ տարվա այս շրջանում առկա դրսևորումների հետ, երբ տնտեսության վրա սկսեցին աստիճանաբար արտահայտվել ռուս-ուկրաինական հակամարտության ու պատժամիջոցների դրական շոկերը։
Այդ շոկերը հիմա էլ պահպանվում են, բայց գնալով թուլանում է դրանց ազդեցությունը։
Նախկին երկնիշ աճերը, որոնցով իշխանություններն այդքան հպարտանում էին, այլևս անցյալում են։ Մի շարք ոլորտներում պատկերը գնալով ավելի մտահոգիչ է դառնում։
Նվազել է տնտեսության արտադրական հատվածի դերը Համախառն ներքին արդյունքի մեջ։ Էապես կրճատվել է մասնավորապես գյուղատնտեսության մասնաբաժինը։ Անցած տարվա առաջին եռամսյակում այն կազմել էր՝ 4,7, երկրորդում՝ 10, իսկ երրորդում՝ 13,8 տոկոս։ Այս տարի կազմել է, համապատասխանաբար՝ 4,2, 7,1 և 11,7 տոկոս։
Բոլոր եռամսյակներում գյուղատնտեսության կշիռը ՀՆԱ-ում նվազել է։
Նվազումն ավելի մեծ է եղել հատկապես երկրորդ և երրորդ եռամսյակում։ Մի դեպքում կրճատվել է՝ 2,9, մյուս դեպքում՝ 2,1 տոկոսային կետով։
Նույն իրավիճակն է նաև մշակող արդյունաբերության պարագայում։ Անցած տարվա առաջին եռամսյակում այն կազմել էր՝ ՀՆԱ 10,1, երկրորդում՝ 10,7, իսկ երրորդում՝ 12,1 տոկոսը։ Այս տարվա առաջին եռամսյակում կազմել է ՝ 9,6, երկրորդում՝ 10,4, և երրորդում՝ 9,9 տոկոս։ Նախորդ տարվա համեմատ բոլոր եռամսյակներում ՀՆԱ-ում մշակող արդյունաբերության ճյուղի մասնաբաժինը կրճատվել է։ Իսկ այս տարվա երրորդ եռամսյակում նույնիսկ ավելի քիչ է եղել, քան երկրորդում էր։ Պատճառն այն է, որ վերջին ամիսներին մշակող արդյունաբերությունը ևս ամբողջ արդյունաբերության նման հայտնվել է անկումային իրավիճակում։
Թեև երրորդ եռամսյակում, նախորդ տարվա համեմատ, մի փոքր ավելացել է հանքարդյունաբերության մասնաբաժինը, այնուհանդերձ, տարեկան կտրվածքով այն մեծապես կորցրել է մասնակցությունը ՀՆԱ-ում։
Անցած տարվա ինն ամիսներին հանքարդյունաբերության կշիռը ՀՆԱ-ում անցնում էր 4,7 տոկոսից, այս տարի կազմել է հազիվ 3,4 տոկոսը։
Տնտեսության մեջ առանձնանում է մի ոլորտ, որի բաժինը ՀՆԱ-ում ավելացել է, և այդ ոլորտն առևտուրն է։
Անցած տարվա ինն ամսում մանրածախ և մեծածախ առևտուրը ՀՆԱ-ում կազմել էր 11,9 տոկոս, այս տարի հասել է 12,7 տոկոսի։ Զարմանալի չէ, որ տնտեսական արձանագրվող աճերն էլ հիմնականում առևտրի ու ծառայությունների հաշվին են։ Այդպես էր առաջին և երկրորդ եռամսյակներում, նույնն է նաև երրորդում։ Երրորդ եռամսյակում այդ դերը նույնիսկ ավելի է մեծացել. արձանագրված 7,38 տոկոս տնտեսական աճից առևտրի ու ծառայությունների նպաստումը կազմել է 6,34 տոկոսը։
Այլ կերպ, աճի 86 տոկոսն ապահովել են առևտուրն ու ծառայությունները։
Առաջին երկու եռամսյակներում էլ այս հատվածի մասնակցությունը գերակշռող էր, բայց համեմատաբար ավելի ցածր էր՝ 81 տոկոսը։ Երրորդ եռամսյակում միտումը խորացել է։
Սրանով տնտեսության աճի կառուցվածքն ավելի է վատացել, թեև թվում էր, թե արդեն վատանալու տեղ չկա։
Առևտրից ու ծառայություններից դուրս գտնվող տնտեսության մյուս բոլոր ճյուղերի նպաստումը երրորդ եռամսյակի տնտեսական աճին կազմել է ընդամենը 1,04 տոկոս։ Դա էլ եղել է գերազանցապես շինարարության հաշվին։
Փոխարենը՝ տնտեսական աճին բացասական նպաստում է ունեցել արդյունաբերությունը։ Գյուղատնտեսության դերը եղել է գրեթե զրոյական։
Ահա այսպիսին է մեր տնտեսության որակն ու աճի կառուցվածքը, անկախ նրանից, թե իշխանություններն ինչպիսի երանգներով այն կներկայացնեն ու կփորձեն գունազարդել։ Այն շարունակում է վատանալ ու մեծապես կախված լինել առևտրից ու ծառայություններից։ Առևտրի ու ծառայությունների աճերն ուղղակի առնչություն ունեն արտաքին գործոնների հետ, որոնք մեծացնում են մեր տնտեսության աճի ռիսկերը։ Դրանք շատ ավելի առարկայական կդրսևորվեն հաջորդ տարվա ընթացքում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ