«Երևանի քաղաքապետարանը շուրջ 1 միլիարդ դրամի միջոցառումների կազմակերպման ոչ մրցակցային ընթացակարգեր է կիրառել». Արմենուհի Բուռնազյան

«Պետական մարմինների կողմից ոչ մրցակցային գնման ընթացակարգերի շատ ավելի կիրառության գլխավոր պատճառներից մեկը 2023թ. եղել է Արցախի Հանրապետության հետ կապված»,- «Պետական գնումներում կոռուպցիոն ռիսկերը և հանրային վերահսկողությունը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը։

Այդուհանդերձ, ըստ Արմենուհի Բուռնազյանի, ոչ մրցակցային ընթացակարգերով կատարված գնումների՝ տոկոսային առումով փոփոխությունը նախորդ տարվա համեմատ այնքան էլ մեծ չի եղել։

«2022 թվականի 11 ամիսների ընթացքում այն եղել է գնումների ընդհանուր ծավալի մոտավորապես 42 տոկոսը, 2023-ին այն ընդամենը 2 տոկոսով է նվազել։ Այստեղ մենք տեսնում ենք որոշակի խնդիրներ, օրինակ, միջոցառումների կազմակերպման հետ, որոնց համար ևս շարունակում են կիրառվել ոչ մրցակցային գնման ընթացակարգեր,- ասաց նա և տեղեկացրեց,- Հիմնականում 2023 թվականին Երևանի քաղաքապետարնի կողմից շուրջ 1 միլիարդ դրամի միջոցառումների կազմակերպման համար ոչ մրցակցային ընթացակարգեր են կիրառվել»:

Ֆինանսների նախարարության Գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանն էլ նկատեց՝ ոչ մրցակցային գնումների հիմնական մասն առողջապահության ոլորտին է բաժին ընկնում, սակայն շեշտեց՝ կարևոր է, որ նվազում են հրատապության հիմքով մեկ անձից գնումները:

«2022 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում դա եղել է 13,7 մլրդ  դրամ, իսկ այս տարի՝ 9.3 մլրդ է, որից 3 մլրդ-ը ԼՂ խնդրի հետ կապված գնումներն են»,- հայտարարեց Սերգեյ Շահնազարյանը՝ տեղեկացնելով ոլորտում սպասվող բարեփոխումների մասին:

Մանրամասները՝ տեսանյութում

պետգնումներ, մեկ անձ, հրատապ մեկ անձ, գնման ընթացակարգ, կոռուպցիա, կոռուպցիոն ռիսկեր

Տեսանյութեր

Լրահոս