Խաղաղության համաձայնագիրը չի «փակելու» Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը
Հայաստան-Ադրբեջան ուղիղ ձևաչափով տարածված համատեղ հայտարարությունից հետո հասարակական-քաղաքական դիսկուրսում կրկին ակտիվ օրակարգ է եկել Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի կնքման թեման։
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս ասաց, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ մինչև դեկտեմբերի վերջ։ «Մենք պատրաստ ենք նույնիսկ մինչև դեկտեմբերի վերջ համաձայնագիր ստորագրել, բայց եթե չի ստացվում, հնարավորինս ամենաշուտ ժամկետում»,- նշել էր նա։
Գրիգորյանն ընդգծել էր, որ հայկական կողմը պատրաստ է շարունակել բանակցությունները՝ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերով, և երկու ձևաչափերն էլ արդյունավետ միջոց կարող են լինել խնդիրների լուծման համար։
Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է լուծումներ փնտրել և ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։
Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե խաղաղության պայմանագրի կնքմանը խոչընդոտ են հանդիսանում երկու երկրներում ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ կողմերի պահանջները, Գրիգորյանն ասել է, որ կան այլ կետեր, որոնք դեռ վերջնական համաձայնեցված չեն։ Նա կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման ժամանակ կողմերը հնարավորություն կունենան լուծումներ գտնել բոլոր հարցերի համար։ Նրա խոսքով՝ հայկական կողմի վերջին արձագանքը` Բաքվի խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներին, որոշ հարցերի լուծումներ է պարունակում։ Գրիգորյանն ասել է, որ եթե ադրբեջանական կողմն ընդունի հարաբերությունների կարգավորման երեք հիմնական սկզբունքները, ինչպես հայտարարել է Հայաստանը, ապա խաղաղության պայմանագրի 70 տոկոսից ավելին կհամաձայնեցվի։ «Եթե արտգործնախարարները հանդիպեն, հետո առաջնորդների հանդիպում լինի կարճ ժամանակ հետո, որպեսզի վերջնականացնեն՝ կարելի է շատ կարճ ժամանակահատվածում՝ պայմանական 1 ամսում, դրանք բոլորը վերջնականացնել քաղաքական կամքի դեպքում, և ստորագրել խաղաղության պայմանագիր»,- հավելել էր նա։
Չնայած ՀՀ իշխանությունները շտապում են ստորագրել, այսպես կոչված, Խաղաղության պայմանագիր, ուշադրության արժանի է հատկապես այն փաստը, որ ընդդիմադիր մի քանի պատգամավոր երկար պնդումներից ու հարցումներից հետո ԱԳՆ շենքում ծանոթացել էին Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ երկու երկրների վերջին առաջարկներին և արձանագրել, որ առաջարկներին ծանոթանալը միայն փաստեց դրա վտանգավորությունը և ամրապնդեց բոլոր այն մտավախությունները, որոնք մենք այս հարցի շուրջ արտահայտել ենք ավելի վաղ: Մի շարք աղբյուրների համաձայն, այդ թվում՝ ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածվող, Ադրբեջանը խուսափում է ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը թվերով, հնարավորություն թողնելով իր համար հետագայում ՀՀ տարածքից ինչ-որ հատվածներ գրավելու համար դեմարկացիա-դելիմիտացիայի գործընթացի անվան տակ։
Ռուս քաղաքական վերլուծաբան, կովկասագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ այս պահին իսկապես անորոշ է մնում այն հարցը, թե գործընթացը կշարունակվի երկկո՞ղմ, թե՞ բազմակողմ ձևաչափում։ Նրա խոսքով, վերջերս Ադրբեջան կատարած այցով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՚Բրայենը համաձայնեցրել էր Վաշինգտոնում ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել, կասկած չկա, որ դրան կմասնակցի Երևանը, սակայն Բաքուն դեռ չի հաստատել իր մասնակցությունը։
«Կարծում եմ՝ եթե նման հանդիպում տեղի ունենա, ավելի հստակ կդառնա՝ արդյոք կլինե՞ն միջնորդներ, թե՞ ոչ։ Այնուամենայնիվ, հակված եմ կարծել, որ Ադրբեջանը գուցե առանձին հանդիպումների նախաձեռնությունների համաձայնի, սակայն չի ցանկանալու բանակցել և Խաղաղության համաձայնագիր ստորագրել Արևմուտքում, թեև դրա համար Արևմուտքը լուրջ ռեսուրսներ է կենտրոնացնում Երևանում և Բաքվում, Արևմուտքը որևէ պահ չի մոռանում Հարավային Կովկասի մասին և ինտենսիվ նախաձեռնություններով է հանդես գալիս։ Երևանի մղումը՝ բանակցել Արևմուտքում, հասկանալի է, Երևանն աջակցություն է փնտրում այս կամ այն մայրաքաղաքում, իսկ Ադրբեջանը փորձում է Երևանին զրկել այդ, այսպես կոչված, աջակցությունից, որն ինձ համար հասկանալի չէ, թե ինչ տեսք ու բովանդակություն ունի, քանի որ արևմտյան հարթակի բանակցությունների հետևանքով Հայաստանը վերջնականապես կորցրեց Լեռնային Ղարաբաղը, իսկ ՌԴ-ն ԼՂ կարգավիճակի մասին չէր մոռանում և այդ հարցը թողնվելու էր ապագա բանակցությունների համար։
Այնուամենայնիվ, եթե Բաքուն շարունակի պայմանագրում միակողմանի թեզերի առաջմղումը, ապա ստորագրումը կերկարաձգվի, Երևանը կխուսափի երկկողմ բանակցություններից, և Արևմուտքն է՛լ ավելի շատ կներգրավվի գործընթացում։ Եթե Բաքուն համաձայնի որոշ հարցերում Երևանի առաջարկներին, ապա իսկապես հնարավոր կլինի ունենալ փոքր փաստաթուղթ։ Սակայն խնդիրն այդ փաստաթղթով չի «ավարտվի», քանի որ կա սահմանազատման գործընթաց, հայտնի չէ՝ ինչ է սպասվում ՀՀ-ում հաստատված Ղարաբաղի հայերին, Ադրբեջանից Նախիջևան երթուղու թեման ևս քննարկումների առարկա է։ Կարծում եմ՝ այս երեք ուղղությամբ կա խնդիր, և այդ բոլոր հարցերը չեն ներառվի համաձայնագրում։ Եթե նպատակն է, որ ներառվեն, ապա այն մոտ ապագայում չի ստորագրվի»,- ասաց վերլուծաբանը։
Իր հերթին՝ եվրոպացի վերլուծաբան Թրեյսի Ջերմանն ասաց, որ կողմերը լավագույն պարագայում մոտ ապագայում կարող են ստորագրել խաղաղության համաձայնագիր։ Ըստ նրա, կողմերի հայտարարություններից կարելի է դատել, որ դեռ բավականին շատ խնդիրներ կան։
Ըստ նրա, Արևմուտքը պետք է մասնակցի գործընթացին, այլապես ապագա փաստաթուղթը չի լինի հավասարակշռված և չի ծառայի իր նպատակին երկարաժամկետ առումով։ «Սակայն Արևմուտքի շահերը ևս շատ հակասական են երբեմն և ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրությունները կարող են որոշակիորեն նոր շեշտադրումներ բերել ԱՄՆ արտաքին քաղաքականություն, ինչը կանդրադառնա նաև Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականության վրա։
Ջո Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ-ը բավականին ակտիվացրեց իր քաղաքականությունը Երևանում, որոշակիորեն՝ նաև Բաքվում բարձրացրեց իր ջանքերի մակարդակը, որը որոշակիորեն մեծացրեց ԱՄՆ ազդեցությունը Հարավային Կովկասում։ Սակայն արդյունքի համար հարկավոր է, որպեսզի այդ ջանքերը լինեն մշտական, երկարաժամկետ և չդադարեն, եթե դադարեն, մեծ է հավանականությունը, որ իրավիճակն անմիջապես կվերադառնա նախկին դրությանը։ Կարծում եմ՝ ռեգիոնալ որոշ ուժեր նման հույսեր ունեն, ինչպես Իրանը, Ռուսաստանը, գուցե Ադրբեջանը։ Ուստի այստեղ Արևմուտքից շատ բան է կախված, թեև կրկնեմ, որ շահերը ոչ միշտ են նույնը տարբեր վարչակազմերի դեպքում, և սա խնդիր է»,- մեկնաբանեց վերլուծաբանը։
Ընդհանուր առմամբ, նրա կարծիքով, այս ժամանակաշրջանում որևէ ռեգիոնում շատ բարդ է խոսել խաղաղության մասին։
«Տեսնում ենք՝ ինչ է կատարվում Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում, խաղաղության համար աշխարհաքաղաքական ռեսուրս կարծես չկա և դա, բնականաբար, չափազանց բացասական հանգամանք է առաջին հերթին հակամարտող երկրների ժողովուրդների համար»,- ասաց նա։շ