ՄԱԿ-ն ամբողջությամբ կանգնած է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կողքին․ Ռաբաբ Ֆաթիմա
Մոլորակի 570 միլիոն մարդկանց համար, ովքեր ապրում են դեպի ծով ելք չունեցող 32 զարգացող երկրներում, կապակցվածությունը բարգավաճման բանալին է:
Այս մասին ասել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով բարձր ներկայացուցիչ Ռաբաբ Ֆաթիման՝ ելույթ ունենալով Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը։
«Այս երկրները յուրահատուկ մարտահրավերների են բախվում իրենց աշխարհագրական մեկուսացվածության, դեպի ծով ելք չունենալու, հիմնական շուկաներից հեռու լինելու և համարժեք ենթակառուցվածքների բացակայության պատճառով: Բոլոր այս համակարգային խոցելիությունները խորացել են, քանի որ Քովիդ-19 համավարակի հետևանքները երկարաձգվել են, կա աշխարհաքաղաքական լարվածություն, պարենային ճգնաժամ, կլիմայի փոփոխություն և այլն:
Գրեթե բոլոր առումներով դեպի ծով ելք չունեցող զարգացող պետությունները կապակցվածության դժվարությունների են հանդիպում, միջինը երկու անգամ ավելի շատ են վճարում, քան տարանցիկ ուղիներ ունեցող երկրները տրանսպորտային ծախսերի տեսքով»,- ասել է նա:
Ֆաթիմայի խոսքով՝ արտադրված ապրանքների ծախսերը նման երկրների պարագայում մոտ 40 տոկոսով ավելի բարձր են: 215 միլիոն մարդ միացած չէ էլեկտրաէներգիայի ցանցին: Աշխարհաքաղաքական ու տարածարջանային լարվածությունների պատճառով ավելի են բարդացել տարանցիկ ուղիների մարտահրավերները, բարդացել է նաև համաշխարհային շուկաներ հասնելը, ինչի հետևանքով նշված խմբի երկրների բաժինը համաշխարհային ապրանքաշրջանառության մեջ վերջին տասնամյակում նվազել է՝ 2022-ին հասնելով 1,1 տոկոսի՝ չնայած, որ այդ պետությունների բնակչությունն ամբողջ մոլորակի բնակչության յոթ տոկոսն է:
«Կլիմայի փոփոխության հետևանքով խնդիրներն ավելի են ծանրանում, խաթարվում է զարգացումը, խաթարվում են տարանցիկ փոխադրման կենսական ենթակառուցվածքները, վտանգվում է հիդրոէներգետիկան, որն էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 40 տոկոսի աղբյուրն է նշված խմբի երկրներում: Աղետների պատճառով 2021 թվականին այդ երկրների ՀՆԱ-ի տնտեսական կորուստներն աճել են 1,7 տոկոսով, ինչը երեք անգամ բարձր է աշխարհում գրանցված միջին ցուցանիշից, որը 0,5 տոկոս է: Կապակցվածության տարբեր մարտահրավերների համադրությունը լրջորեն վտանգում է կայուն զարգացման նպատակներին հասնելու և համակարգային վերափոխումներ իրականացնելու կարողությունները»,- նշել է նա:
Ֆաթիման հավելել է, որ այդուհանդերձ, տեսանելի է նաև որոշակի առաջընթաց:
«Աֆրիկյան մայրցամաքի ազատ առևտրի տարածքում 2021 թվականի հունվարից սկսվել է ակտիվ առևտուրը, ինչի շնորհիվ կա առաջընթաց տարանցիկ տնտեսական միջանցքների շահագործման մասով, ինչպիսիք են օրինակ տրանսաֆրիկյան, տրանսասիական ու եվրո-ասիական մայրուղիները: Աֆրիկյան միասնական օդային շուկան սկսեց գործել 2018 թվականի հունվարից՝ հնարավոր դարձնելով աֆրիկյան համագործակցային տրանզիտի համակարգը: Բայցևայնպես, դեռ շատ անելիքներ կան:
Մենք պետք է տրանսպորտային կապակցվածության միջոցով շտկենք բացակայող օղակներն ու ապահովենք տրանսպորտային հաղորդակցության ուղիների դիմակայունությունը կլիմայի փոփոխության պայմաններում: Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներում ասֆալտապատ ճանապարհների ծավալը շատ ավելի ցածր է, քան ամբողջ աշխարհի միջին ցուցանիշը: Երկաթգերի ծավալը 44 հազար կիլոմետրով ավելի պակաս է: Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը պետք է հասցվի աշխարհի միջին ցուցանիշին, իսկ դա կարժենա 510 միլիարդ դոլար, ուստի մենք պետք է լրացուցիչ ենթակառուցվածքային ֆինանսավորում ապահովենք՝ այդ թվում ներդրումների ֆինանսավորման հատուկ համակարգերի միջոցով, որոնց կաջակցեն գլոբալ և տարածաշրջանային զարգացման բանկերը:
Մենք պարտավոր ենք ապահովել, որպեսզի ֆիզիկական ենթակառուցվածքներին գումարվեն իրավակարգավորումները՝ արագացնելով համաշխարհային առևտրի դյուրացման համաձայնագրի կատարումը, որի ցուցանիշը ներկայումս 61 տոկոս է նշված խմբի պարագայում, մինչդեռ աշխարհի մասշտաբով միջին ցուցանիշը 81 տոկոս է»,- նշել է նա:
Ռաբաբ Ֆաթիման հավելել է, որ պետք է առավելագույնս օգտագործեն թվային կապակցվածության ընձեռած հնարավորությունները՝ հաղթահարելու համար դեպի ծով ելք չունենալու ֆիզիկական խոչընդոտները: Թվային ծառայությունների արտահանումը նշված խմբի երկրներից աճել է 67 տոկոսով Քովիդ 19-ի համավարակից ի վեր, ինչն աշխարհի միջին ցուցանիշից ավել է երեք անգամ: Թվայնացումը դյուրացնում է նաև ավանդական առևտուրը դեպի ծով ելք չունեցող երկրների պարագայում: Մաքսային ընդհանուր կառավարման համակարգն իր հերթին նվազեցնում է արտաքին առևտրի ծախսերը: «Այդուհանդերձ, պետք է անել ավելին, որպեսզի նշված երկրներն ունենան բավարար թվային հիմքեր: Դա ենթադրում է աջակցություն թվային ենթակառուցվածքներին, հմտությունների զարգացմանը, ազգային իրավակարգավորումների և նպաստավոր գլոբալ կարգավորումների դաշտին:
Մենք պետք է աըտատարածաշրջանային ինտեգրումը հանձն առնենք՝ որպես զարգացման կարևորագույն սկզբունք նշված երկրների պարագայում, հետևաբար պետք է իրականացվեն համատեղ շատ ծրագրեր տրանսպորտային հաղորդակցության և էներգետիկայի ոլորտներում: Միջազգային հանրությունը պետք է աջակցություն ցուցաբերի, այդ թվում՝ առևտրի խթանմանն ուղղված ֆինանսական հատկացումներով: Առևտրի տարանցման համար պետք է լինեն հատուկ նորմեր, որոնց համակարգին պետք է ներգրավվեն նաև դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրները: Անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի Վիեննայի գործողությունների հետագա ծրագրում ընդգծվի փոխկապվածությունը: Նախարարական այս ժողովը տեղի է ունենում կարևոր պահին, քանի որ ՄԱԿ-ում սպասում է նշված խմբի երկրների երրորդ խորհրդաժողովը: ՄԱԿ-ն ամբողջությամբ կանգնած է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կողքին՝ աջակցելով ցուցաբերվող ջանքերին: Այս քննարկումները հիմք կդառնան Կիգալիում կայանալիք համաժողովի վերջանական փաստաթղթի համար»,-եզրափակել է Ֆաթիման: