Ամանորին ընդառաջ Թուրքիայում մեծանում է քրիստոնյաներին ուղղված ատելության խոսքը

Թուրքիայում գործող «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցության (DEM) Մարդին նահանգի պատգամավոր Ջորջ Ասլանը Թուրքիայի խորհրդարանին պատգամավորական հարցեր է ուղղել` պահանջելով, որ դրանց պատասխանեն Թուրքիայի ներքին գործերի և կրթության նախարարները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ասլանի հարցը վերաբերել է Թուրքիայում Սուրբ Ծննդյան տոների մոտենալուն զուգահեռ քրիստոնյաների նկատմամբ աճող ատելությանը: Նա որպես օրինակ մեջբերել է սոցցանցերում թուրք օգտատերերի կողմից տարածվող գրառումները, որոնք լի են ատելությամբ և թիրախավորում են քրիստոնյաներին:

«Թուրքիայում ապրող քրիստոնյաների նկատմամբ ատելության խոսքն ու ատելությամբ պայմանավորված հանցագործությունները ամեն տարի, հատկապես Սուրբ Ծննդյան տոներին և Ամանորին ավելի են ահագնանում»- ասել է Ասլանը:

Ապա նա հավելել է, որ վերջերս Մարդին նահանգի կրթության վարչության կողմից ուղղարկված և Նուսայբին շրջանի կրթական վարչակազմի միջնորդությամբ դպրոցների՝ «Whatsapp» սոցիալական հարթակում ունեցած խմբերում խնդրո առարկա ատելությունը ցույց տվող մի նամակ էր տարածվել:

«Ընկերնե՛ր մոտենում է Ամանորը: Մինչ Ամանոր ասող մարդասպան, բարբարոս և արյունոտ ձեռքերով ստորների երեխաները ջարդ են իրականացնում իսլամական աշխարահում, որոշ գործարար մարդիկ մեր դպրոցներում, հատկապես մանկապարտեզներում և նախակրթարաններում տոնակատարություն, ձևավորում և միջոցառումներ են անցկացնում: Նախապես մեր բոլո կառույցներին զգուշացնենք, որ մենք Սուրբ Ծննդյան հետ կապված ոչ մի միջոցառում չենք ուզում: Խնդրեմ, զգուշացնենք նախապես, չնեղացնանք միմյանց: Որ դպրոցը, որ անի, այդ իսկ պահին շրջանի վարչության ղեկավարին, դպրոցի տնօրենին և դրա հետ կապ ունեցող ուսուցիչներին կկանչենք, կհարցնենք դրդապատճառը և կանենք այն, ինչ անհրաժեշտ է», -ասված է նամակում:

«DEM» կուսակցության պատգամավորի ուղարկված հարցերը հետևյալն են.

1. Մարդինում Սուրբ Ծնունդ և Ամանոր նշողներին ուղղված սպառնալից և թիրախավորող խնդրո առարկա նամակը ձեր նախարարության հայտարարության մե՞ջ է ներառված:

2. Սպառնալիք և ատելություն պարունակող նամակը հրապարակած Մարդին նահանգի կրթության վարչությանն նկատմամբ արդյո՞ք սկսվել է որևէ հետաքննություն:

3. Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ և 122-րդ կետերի համաձայն՝ «Ժողովրդի մի մասի դավանած կրոնի արժեքներին ուղղված նվաստացման» ու «Ատելության և անջատողականության» մեջ մեղավոր Մարդին նահանգի կրթության վարչության ղեկավարը արդյո՞ք հեռացվելու է պաշտոնից:

4. Թուրքիայում տարբեր էթնիկ և կրոնական խմբերին ուղղված ատելություն պարունակող խոսույթների և ատելությամբ պայմանավորված հանցագործությունների կանխարգելման համար ձեր նախարարության կողմից արդյո՞ք տարվում է որևէ աշխատանք:

Տեսանյութեր

Լրահոս