Երևանը չի հստակեցնում՝ կա՞ արդյոք Ղարաբաղի վերաբերյալ դրույթ խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակում. «Ազատություն»
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի հստակեցնում՝ կա արդյոք հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթ: Այն պաշտոնական Երևանը Բաքվին է փոխանցել նոյեմբերի 21-ին:
Ադրբեջանի առաջարկները հայկական կողմը ստացել էր մինչև Արցախի վրա ադրբեջանական հարձակումը:
«Ազատության» գրավոր հարցին՝ կա՞ արդյոք վերջին խմբագրության մեջ արցախահայերի իրավունքներին և անվտանգությանն առնչվող դրույթ, արտաքին քաղաքական գերատեսչությունից միայն նշել են. «Հայաստանի համար առաջնային է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, երկու երկրների միջև սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով Խորհրդային Միության գլխավոր շտաբի ամենաթարմ քարտեզների վրա, տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակումը՝ հիմնված ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա»:
Արցախի հայաթափումից ընդամենը երկու ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Ադրբեջանի հետ բանակցություններում Երևանի կարմիր գծերից է նաև Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության խնդիրը: Այժմ ո՞րն է հարցի վերաբերյալ պաշտոնական Երևանի դիրքորոշումը: Արտաքին գործերի նախարարությունից հղում են անում Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարարի և մյուս պաշտոնյաների հրապարակային ելույթներին: Այդ ելույթներում Փաշինյանն ու թիմակիցները Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին և անվտանգությանն առնչվող որևէ դիրքորոշում չեն հայտնում:
Նախորդ շաբաթ արձագանքելով Արցախի ապագայի վերաբերյալ ընդդիմության հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե իր խնդիրը Հայաստանի Հանրապետության ապագան է: