«Խաղաղության խաբկանքի» պարտադրված և արագ տեմպերով գնալը՝ միջազգային հարթակից և Ադրբեջանից ճնշումների շարունակությունն է. Սեյրան Օհանյան

Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց, որ մինչև այժմ գաղտնիության թույլտվություն չունի, հետևաբար՝ որևէ բան չի կարող ասել, թե ընդդիմադիր պատգամավորներն ԱԳՆ-ում խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական ինչ առաջարկների են ծանոթացել։ Միայն կարող է ասել, որ ադրբեջանական բաց աղբյուրներում էլ խոսում են այդ առաջարկների մասին՝ չթաքցնելով իրենց նկրտումներն ու պահանջները հայկական տարածքների նկատմամբ։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-ին ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ երկար պնդումներից ու հարցումներից հետո  ԱԳՆ շենքում ծանոթացել են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ երկու երկրների վերջին առաջարկներին:

«Այս պահին կարող ենք արձանագրել հետևյալը. թեև չենք կարող հրապարակել հույժ գաղտնի նշումով փաստաթղթի բոլոր կետերը, սակայն արձանագրենք, որ առաջարկներին ծանոթանալը միայն փաստեց դրա վտանգավորությունը և ամրապնդեց բոլոր այն մտավախությունները, որոնք մենք այս հարցի շուրջ արտահայտել ենք ավելի վաղ»,- գրել էր պատգամավորը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, որ գաղտնիության թույլտվություն ունի, ասաց, թե գաղտնի տեղեկությանը ծանոթանալն ու դա հրապարակելը տարբեր բաներ են։

Կարդացեք նաև

«Ինքս այդ փաստաթուղթը չեմ տեսել, բայց այս իշխանությունների և Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները համադրելով՝ կարծում եմ՝ հստակ է, թե այդ փաստաթղթի մեջ ինչ է գրված, ընդհանրապես փաստաթուղթ կա՞, թե՞ ոչ։

Ալիևի վերջին հայտարարությունները, որ՝ «մոռացեք ընդանրապես Արցախի հարցը»,  և Հայաստանի իշխանությունների վարքագիծը։ ՀՀ իշխանություններն ընդհանրապես  նախ վախենում են   Արցախի Հանրապետություն արտասանելուց: Արցախի ժողովրդի  ներկայացուցիչների գործունեությունից են վախենում: Դա Ադրբեջանի պահանջների առաջ ընկրկել է»,- նշեց Արթուր Խաչատրյանը։

Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց՝ խաղաղության պայմանագիրը խաղաղություն չի բերելու, այն փաստաթուղթը, որն Ադրբեջանը պարտադրում է Հայաստանին, ունենալու է անորոշ ձևակերպումներ, որն էլ Ադրբեջանին հնարավորություն կտա սեփական մեկնաբանություններով նոր պատերազմի առիթ ստեղծել։

«Ադրբեջանը Հայաստանի կողմից ցանկացած զիջումից հետո նոր զիջումներ է առաջ բերում, հույս ունեմ, որ այս տարի՝ այս 17 օրերի ընթացքում, որևէ փաստաթուղթ չի ստորագրվի»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գնահատմամբ՝ խաղաղության պայմանագիրը պարտադրանք է Հայաստանին:

«Խաղաղաության պայմանագրի կամ, որոշ դեպքերում, խաղաղության խաբկանքի պարտադրված և արագ տեմպերով գնալը՝ շարունակությունն է ՀՀ իշխանությունների ճնշումների՝ միջազգային հարթակից և Ադրբեջանից»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս