
ՀՀ-ում գործազրկության պաշտոնական ցուցանիշը կրկին ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրների շարքում

Եվրասիական տնտեսական միության երկրների զբաղվածության ծառայության կենտրոններում գրանցված գործազուրկների թիվը 2023 թ. հոկտեմբերի վերջին կազմել է 827,2 հազար՝ 2022թ. համեմատ կրճատվելով 11,9 տոկոսով:
Ղազախստանում գործազուրկների ցուցանիշը կազմել է 3,0%, Ղրղզստանում՝ 2,6%, Ռուսաստանում՝ 0,6%, Բելառուսում՝ 0,1%։ ԵԱՏՄ–ում գործազուրկների թիվը կազմում է աշխատուժի 0,9%-ը՝ 2022 թ. 1%-ի դիմաց։
ՀՀ-ում զբաղվածության պետական ծառայությունում գրանցված գործազուրկների (աշխատանք փնտրող) պաշտոնական թիվը 2023 թ. հոկտեմբերի վերջին կազմել է 47 142, որը կազմում է երկրի ամբողջ աշխատուժի մոտ 3,4 տոկոսը:
Հայաստանում վերջին մեկ տարում 6,6%–ով կրճատվել է պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը, իսկ 11,4%–ով կրճատվել է աշխատանք փնտրողների թիվը:
Դա հիմնականում տեղի է ունեցել ՀՀ եկած ռելոկանտների զանգվածային ներհոսքի հաշվին։ Նրանց կողմից ստեղծված պահանջարկը ակտիվություն է մտցրել առևտրի և սպասարկման ոլորտում։ Ռեստորանային–հյուրանոցային ոլորտում զբաղվածության թիվն աճել է 24%–ով, իսկ արդյունաբերությունում՝ 10%-ով։