Կառավարությունը ձախողել է. Հայաստանը դուրս են մղել տարածաշրջանից
Հայաստանը «խաչմերուկների» վերածող իշխանությունն իր անկարողությամբ բառացիորեն ձախողել է այն բոլոր կարևոր ծրագրերը, որոնք մեծապես կփոխեին Հայաստանի դերն ու նշանակությունը տարածաշրջանում։ Այդպիսի ծրագրերից մեկն էլ Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի ձևավորումն էր, որը պիտի Հայաստանի էներգետիկ համակարգը կապեր Իրանի, Վրաստանի ու Ռուսաստանի հետ՝ Հայաստանին վերապահելով տարածաշրջանային էներգետիկ հաբի դերը։
Այս ուղղությամբ աշխատանքները վաղուց էին սկսվել։ Իշխանափոխությունից հետո պարզապես կանգ առան։ Ու մինչ Հայաստանի իշխանությունները դեռ մտմտում են, ուրիշներն արդեն վերցրել են նախաձեռնությունը։
Սպասվում է, որ արդեն հաջորդ տարվա առաջին կեսին Իրանի և Ռուսաստանի էներգահամակարգերն իրար հետ կկապվեն Ադրբեջանի միջոցով, և կսկսվեն էլեկտրաէներգիայի փոխանակումները։
Ի՞նչն է առավել մտահոգիչը. այս ընթացքում քննարկվել են փոխանակման ու տարանցման տարբեր ուղղություններ, բայց Հայաստանի անունն անգամ չկա նման հավակնություններ ունեցողների մեջ։
Իշխանությունների անգործության պատճառով Հայաստանը դուրս է մնացել։
Մինչդեռ ժամանակին Իրանի ու Ռուսաստանի էներգետիկ համակարգերի միացումը տեսնում էին գերազանցապես Հայաստանի միջոցով։
Բայց անցած հինգ տարում այդպես էլ իշխանությունները ոչինչ չարեցին դրա համար, ձախողեցին տեխնիկական պայմանների ապահովումը, որը պիտի հնարավորություն տար կյանքի կոչելու Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի գաղափարը։
Դրա համար անհրաժեշտ էր կառուցել և ավարտին հասցնել՝ ինչպես Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ, այնպես էլ՝ Հայաստան-Վրաստան նոր էլեկտրահաղորդման գծերը։ Այդ գծերի կառուցումն էապես պիտի ավելացներ էլեկտրաէներգիայի հաղորդման թողունակությունը և պայմաններ ստեղծեր փոխհոսքերը սպասարկելու համար։
Անցել են տարիներ, բայց չկան՝ ինչպես Իրան-Հայաստան, այնպես էլ՝ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերը։
Վաղուց պիտի կառուցված և ավարտված լիներ Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գիծը։ Դրա շինարարությունը մեկնարկել և սկսել էր թափ հավաքել իշխանափոխությունից առաջ։ Սակայն իշխանափոխությունից հետո ծրագրի ընթացքը դանդաղեց, մի պահ նաև կանգ առավ։
Արդյունքում՝ այս գիծը դեռևս գտնվում է կառուցման ընթացքում։ Գծի կառուցման վերջնաժամկետը 2019թ. էր։ Այդ ժամկետից չորս տարի արդեն անցել է, իսկ գիծը դեռ պատրաստ չէ։
Տարեսկզբին ակնկալվում էր, որ այս տարի ի վերջո կհաջողի ավարտել աշխատանքները։ Բայց էլի ձախողեցին։
Տարին մոտենում է ավարտին, իսկ դեռ բավական մեծ ծավալի աշխատանքներ կան անելու։ Կան հատվածներ, որտեղ աշխատանքները նույնիսկ չեն սկսվել։ Պատրաստ չէ նաև հիմնական ենթակայանը։
Ահա այս փուլում են գտնվում աշխատանքները, երբ չորս տարի առաջ պիտի ավարտած լինեին։
Թեև, եթե նույնիսկ արդեն կառուցված ու անգամ սկսված լիներ այս գծի շահագործումը, այն ոչինչ չէր տար էներգետիկ միջանցքը կյանքի կոչելուն։ Դա անհնարին է՝ առանց Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ գծի։ Իսկ այդ գծի կառուցման աշխատանքները նույնիսկ չեն էլ մեկնարկել։ Մինչդեռ՝ այս երկու գծերը պիտի կառուցվեին զուգահեռ։
Մինչև իշխանափոխությունը՝ Հայաստան-Վրաստան գծի հետ կապված, արդեն կային հիմնական պայմանավորվածությունները ոչ միայն ֆինանսական ապահովվածության առումով, այլև հայտարարվել էր մրցույթ՝ կապալառու կազմակերպությունների ընտրության համար։ Այս մարդկանց իշխանության գալուց հետո անցել է հինգուկես տարի, իսկ գծի կառուցման ուղղությամբ կատարված աշխատանքները դեռ նույն փուլում են։ Ոչ մի առաջընթաց չկա։ Ամեն ինչ դեռ մրցութային փուլում է։
Հայտարարված մրցութները չեն էլ կայանում։ Կապալառու կազմակերպություններ չեն կարողանում ընտրել։
Մրցույթի լոտերից մեկով, որը բացվեց հոկտեմբերի վերջին, մասնակիցներից մեկը սնանկ դուրս եկավ, մյուսը՝ հրաժարվեց։ Մրցույթը նորից չկայացավ։
Նույնը սպասվում է նաև մյուս երկու լոտերին, թեև դրանք դեկտեմբերին պիտի բացվեն։
Իսկ դա նշանակում է, որ կապալառուների ընտրությունը կտեղափոխվի արդեն հաջորդ տարի։
Ամիսներ կտևի, մինչև նոր մրցույթ հայտարարվի։ Հարց է՝ այն էլ կկայանա՞, թե՞ ոչ։
Սա դեռ մրցութային գործընթացն է այսքան ձգձգվում։ Իսկ ինչքա՞ն ժամանակ պետք կլինի գծի կառուցման աշխատանքների համար։ Դրանք տարիներ կտևեն։ Այդ ընթացքում բանը բանից վաղուց անցած կլինի։ Արդեն հիմա է այդպես։
Ձախողելով այս գծերի կառուցումը, իշխանությունները երկիրը դուրս են մղել այնպիսի կարևոր ծրագրից, որը ժամանակին շատ իրատեսական էր թվում։ Հայաստանն արդեն ուշացել է Հյուսիս-Հարավ միջանցքի գաղափարը կյանքի կոչելուց և էներգետիկ հաբ դառնալու իր հնարավորությունից։ Առավել ևս՝ տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունների պայմաններում։
Ձախողումների հետևանքով Հայաստանը ոչ միայն դուրս է մնում տարածաշրջանային ծրագրերից, այլև երկիրը զրկվում է այն օգուտներից, որոնք կարող էին ստացվել Իրանի հետ նոր էլեկտրահաղորդման գծի կառուցման արդյունքում։
Ինչպես հայտնի է, Իրան-Հայաստան երրորդ գիծն առանցքային նշանակություն պիտի ունենար ոչ միայն Հյուսիս-Հարավ միջանցքի, այլև Իրան-Հայաստան էներգետիկ փոխանակումների համար։ Դրա հետ էր կապված գազի դիմաց՝ էլեկտրաէներգիա ծրագրի ընդլայնման հնարավորությունը։ Գործող գծերի թողունակությունը բավարար չէ էլեկտրաէներգիայի հոսքերը սպասարկելու համար։ Երրորդ գծի կառուցումը պիտի տար այդ հնարավորությունը, բայց դրա կառուցումն էլ տարիներ շարունակ ձգձգում են ու ոչ մի կերպ չեն կարողանում գլուխ բերել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ