Ադրբեջանը «փափուկ բարձ» է դնում Երևանի և միջազգային հանրության «գլխի տակ»՝ փորձելով քաղաքական գործընթացը լիովին տեղափոխել ուղիղ ձևաչափը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews հեռուստակայանին տված ծավալուն հարցազրույցում խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին՝ համոզմունք հայտնելով, թե չի տեսնում լուրջ խոչընդոտներ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար:

«Ես լավատեսորեն էի տրամադրված ժամկետների հարցում, քանի որ մենք մի քանի անգամ առաջարկություններ ենք փոխանակել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախնական տարբերակի վերաբերյալ, որն Ադրբեջանն է մշակել, և որի շուրջ կողմերը վեց անգամ մեկնաբանություններ են փոխանակել»,- ասել է Ալիևը: Նրա պնդմամբ, հիմա, երբ, ինչպես Ադրբեջանի ղեկավարն է ձևակերպել՝ «Ղարաբաղի խնդիրը փակ է», Հայաստանն ավելի պատրաստ կլինի գալ համաձայնության:

«Մեր ինքնիշխանության վերականգնումից և Ղարաբաղում անօրինական անջատական ռեժիմի լուծարումից հետո, կարծում եմ, Հայաստանը բանակցային գործընթացում ավելի համարձակ կարող է լինել, քանի որ վերացել է դա խոչընդոտող հիմնական գործոնը»,- նշել է Ալիևը:

Նրա խոսքով՝ եթե խաղաղության պայմանագիր չստորագրվի, դա շատ վատ կլինի ամբողջ տարածաշրջանի համար: Հարավային Կովկասը պետք է պաշտպանված լինի ցանկացած վտանգից:

«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանն այսօր և ապագայում էլ երբեք կասկածի տակ չդնի մեր տարածքային ամբողջականությունը և ամբողջությամբ հրաժարվի որևէ տարածքային հավակնությունից Ադրբեջանի նկատմամբ»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

Օրերս էլ Արցախյան հիմնահարցի պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերը համատեղ հայտարարություն տարածեցին՝ հումանիտար բնույթի, հայտարարելով Հայաստանի կողմից՝ երկու ադրբեջանցի զինծառայողի, իսկ Ադրբեջանի կողմից՝ 32 հայ գերիների վերադարձի մասին։

168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ համատեղ հայտարարությունն իրականում մեծ ուշադրության արժանացավ միջազգային հանրության կողմից, քանի որ բացառիկ երևույթ էր։

Նրա արձանագրմամբ, առաջին անգամ էր, երբ կողմերը որևէ փաստաթուղթ կամ հայտարարություն են համաձայնեցնում ուղիղ ձևաչափով՝ առանց միջնորդների, ինչը որոշակի մթնոլորտի մասին խոսում է։

«Սակայն լուրջ լավատեսության համար, կարծում եմ, միայն այս հայտարարությունը չափազանց քիչ է, և չէի շտապի գնահատականներ տալ, քանի որ շատ հարցերի շուրջ, որոնք կարևոր ու սկզբունքային են կողմերի համար, չկա համաձայնություն։ Ավելին, հայտնի չէ, թե ինչ միջնորդությամբ և իրավիճակում են համաձայնեցրել Հայաստանն ու Ադրբեջանն այս հայտարարությունը։ Կողմերը նաև հստակ համաձայնություն չունեն այն հարցի վերաբերյալ, թե որտեղ են բանակցելու և ստորագրելու համաձայնագիրը, չկա հստակություն տարածաշրջանային կոմունիկացիոն ենթակառուցվածքների ու սահմանազատման վերաբերյալ, սահմանին պատահում են միջադեպեր։ Կարծում եմ՝ այս հայտարարությունը պետք է դիտարկել՝ որպես առանձին մի դրվագ, քանի որ դեռ պետք է հասկանալ, թե արդյո՞ք կողմերին հաջողվում է այս մի մարդասիրական նախաձեռնությունը տեղափոխել լուրջ հարցերի դաշտ՝ քաղաքական դաշտ»,- ասաց վերլուծաբանը։

Նրա խոսքով, ակնհայտ է մեկ բան, որ Ադրբեջանը ձգտում է բոլոր միջնորդներին դուրս բերել գործընթացից և Երևանի հետ բանակցել միայնակ, իսկ Երևանը ձգտում է միջնորդության՝ արևմտյան ներկայության տեսքով։

«Այս հայտարարությունը և Ադրբեջանի կողմից մարդասիրական քայլն ամենայն հավանականությամբ նպատակ ունի ցույց տալու, որ ուղիղ բանակցությունները կարող են հաջողվել Երևանի ու Բաքվի միջև։ Ինչպես մշտապես եմ ասում, սա շատ բարդ գործընթաց է, կողմերից յուրաքանչյուրն իր քաղաքականությունն է տանում, առաջ մղում իր շահերը, դրանք տարբեր են, կողմերի ուժային ներուժը ևս տարբեր է, երկու երկրներում էլ հարցը բազմաթիվ շերտեր ու նրբություններ ունի, ժողովուրդների ուշադրության կենտրոնում է, ուստի հեշտ չէ որոշումներ կայացնելը։ Չնայած կողմերից հնչող հայտարարություններին, որ խոչընդոտներ չկան, համաձայնագիրը չի ստորագրվում, մեղադրական հռետորաբանությունը պահպանվում է, ինչը թույլ է տալիս կանխատեսել, որ կողմերը մոտեցել են ինչ-որ հանգրվանի, սակայն շարունակում են իրենց դիրքերն ամրապնդելու փորձերը»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս