Զարուհի Նախշքարյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ «արդարադատության կիսաբաց դռների» մասին  

«Իրականում մենք դատարանների դռները մի քանի ժամով փակել էինք արդարադատության դռները բացելու համար»,- այսօր Ազգային ժողովում ահա այս պարզաբանմամբ հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2019 թվականին դատարանները շրջափակելու իր նախաձեռնությանը:

Գործադիր իշխանության ներկայացուցիչը, սակայն, արձանագրել է՝ դատական իշխանության հարցում դեռ անելիքներ ունեն՝ ինստիտուցիոնալ բարեփոխումներ են անհրաժեշտ. «արդարադատության դռները լիարժեք բացված չեն»:

Այս իշխանությունների ձեռքով աղմկահարույց կերպով լիազորություններից զրկված դատավոր Զարուհի Նախշքարյանը 168.am-ի հետ զրույցում իշխանություններին հորդորեց առհասարակ չխոսել դատարանների շրջափակման դրվագի մասին՝ պարզաբանմամբ.

«Դա արդարադատության բոլոր սկզբունքների, կանոնների ոտնահարում էր, ու ժողովրդավար երկրներում կլիներ ամոթալի դրվագ, սակայն մեզ մոտ ներկայացվում է՝ որպես գովասանքի արժանի մի դրվագ»:

Կարդացեք նաև

Նախկին դատավորն առհասարակ կարծում է, որ աղմկահարույց կարգապահական վարույթների, դատական ակտերի, դատական համակարգի վիճակի մասին փաստաբանների ահազանգի ֆոնին արդարադատության մասին խոսելը տեղին չէ:

«Ասելիք չկա այլևս այն ամենի մասին, այս զավեշտի մասին, ինչի մեջ մենք ապրում ենք»,- ամփոփեց նա:

Հիշեցնենք, որ Զարուհի Նախշքարյանի դեմ արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ էր հարուցել այն բանի համար, որ Նախշքարյանը հանդես է եկել ԲԴԽ որոշման վերաբերյալ քննադատությամբ և պաշտպանել է իր գործընկեր, դատավոր Աննա Փիլոսյանին։

Փիլոսյանի լիազորությունները ԲԴԽ-ն ևս դադարեցրել էր անհեթեթ հիմնավորմամբ, որ նա 4 գործով ուշացրել է կողմերին դատական ակտը տրամադրելը։ Նախշքարյանն ասել էր, որ 5000-ից ավելի գործերով ծանրաբեռնված դատավորի լիազորությունները դադարեցնում են 4 գործով որոշման տրամադրումն ուշացնելու համար։

Տեսանյութեր

Լրահոս