Վերանայվում են ԱԱԾ մարմինների ծառայողների ատեստավորման հետ կապված կարգավորումները. նախագիծ
Կվերանայվեն Ազգային անվտանգության ծառայության մարմինների ծառայողների ատեստավորման հետ կապված որոշ կարգավորումներ:
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ պաշպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը:
Օրինագծով առաջարկվում է վերացնել ԱԱԾ մարմինների ծառայողների կողմից արհեստակցական կազմակերպություններին անդամակցելու արգելքը:
«Նախագծով նաև վերանայվում են ԱԱԾ մարմինների ծառայողների ատեստավորման հետ կապված որոշ կարգավորումներ: Մասնավորապես՝ ծառայության ընդունվողների համար ատեստավորման ժամկետ է սահմանվում պաշտոնի նշանակվելուց հետո 3-9 ամիսը՝ գործող 3-6 ամսվա փոխարեն: Նախատեսվում է առաջխաղացման կարգով սպայական պաշտոնի նշանակված ծառայողների համար մինչև նոր պաշտոնում ատեստավորվելը պահպանել նախորդ պաշտոնի համար հաշվարկված հավելավճարը: Սահմանվում է բարձր պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարման ընթացքում ատեստավորված ծառայողին առաջխաղացման կարգով տվյալ պաշտոնին նշանակելու դեպքում նրա ատեստավորման արդյունքները պահպանելու վերաբերյալ իրավակարգավորում»,-ներկայացրեց ԱԱԾ տնօրենի տեղակալը:
Ատեստավորման բացասական արդյունքի դեպքում կադրերի տրամադրության տակ թողնելու և ծառայությունից արձակելու վերաբերյալ կարգավորումները հանվում են՝ որպես հետևանք թողնելով հավելավճարի վճարումը դադարեցնելը, ինչպես նաև նվազեցնելով նոր ատեստավորում անցնելու համար մեկ տարվա ընթացքում դիմելու հնարավորությունների քանակը երկուսի փոխարեն 1 անգամ:
Վերանայվում են ԱԱԾ մարմիններում ծառայության ընդունվելու համար նախատեսված սահմանափակումները՝ հստակեցնելով օրենքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձանց ծառայության ընդունվելու հետ կապված հարաբերությունները:
Նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: