Բաժիններ՝

«Եվրոպական խաղերի մեդալն ինձ վստահություն տվեց, ցույց տվեց, որ ճիշտ ճանապարհի վրա եմ». Անիտա Մակյան

Արևելյան մարտարվեստներից կարատեն՝ հոգու, մտքի ու մարմնի ստեղծագործության ճանապարհ է։ Հենց այդ ուղով է անցնում հայկական կարատեի դպրոցը, և դա է փաստում հայ մարզիկների գրանցած արդյունքները միջազգային տատամիում։ Անցնող տարին Հայաստանի կարատեի հավաքականի համար հաջողված էր։ Առաջին անգամ թիմը մեդալ նվաճեց մեծահասակների պայքարում։ Եվրոպական երրորդ խաղերում բրոնզե մեդալակիր դարձավ Անիտա Մակյանը։

-Անիտա, կխնդրեմ գնահատեք՝ ինչպիսի՞նն էր մարզական տարին ձեզ համար։

-Այս տարին ինձ համար բավականին բարդ էր՝ հագեցած գրաֆիկով, լի էմոցիոնալ պահերով, հաղթանակներով և, իհարկե, ձեռք բերված մեծ փորձով։

-Անցնող տարում կարողացաք ձեռք բերել Եվրոպական խաղերի ուղեգիր, որին մասնակցելով` դարձաք բրոնզե մեդալակիր։ Ի՞նչ նախապատրասական փուլ էիք անցել նախքան խաղերը և սպասելի՞ էր արդյոք նման արդյունքը։

-Նախապատրաստական փուլը մեկնարկեցինք ԱՄՆ-ում՝ անձնական մարզչիս հետ։ Մասնակցեցինք ուսումնամարզական հավաքի և 2 միջազգային մրցաշարի, որից մեկում դարձա չեմպիոն։ Այնուհետև Մարոկկոյում մասնակցեցի «Կարատե 1 Պրեմիեր լիգա» կոչվող մրցաշարին։ Իսկ վերջին նախապատրաստական փուլն անցա Հայաստանում` անհատական մարզումային ծրագրով և մեկնեցինք մրցավայր։ Մեդալը միանշանակ սպասելի էր։ Մինչև այդ պատմության մեջ մեծահասակների պայքարում մեդալ չէր եղել, իսկ լավագույն արդյունքը Եվրոպայի առաջնության 5-րդ տեղն էր, որը նորից ես էի զբաղեցրել: Պատրաստվել էի լրջորեն և լավագույն սպասելիքներով մեկնել էի մրցմանը։

-Դուք առաջին հայ կարատեիստն եք, որը հասել եք այդպիսի նվաճման: Հիմա, երբ հետ եք նայում, ի՞նչ տվեց ձեզ Եվրոպական խաղերի բրոնզը և ի՞նչ փոխեց այն ձեր մեջ։

-Մեդալն ինձ վստահություն տվեց, ցույց տվեց, որ ճիշտ ճանապարհի վրա եմ և կարող եմ հասնել ավելիին։ Այն նաև պարտավորեցնող է` մարդիկ սկսում են միայն հաղթանակներ սպասել քեզնից և դա որոշ չափով նաև ճնշող է։ Նախկինում չունեի նման փորձառություն, իսկ հիմա արդեն նորմալ եմ ընդունում։

-Այս տարի մի քանի մրցաշարերում մոտ էիք մեդալին ՝ անցկացրել եք մեդալային մենամարտեր, ի՞նչը խանգարեց արդյունքի հասնելու ճանապարհին։

-Այո, երկու անգամ բրոնզե եզրափակիչ հասա միջազգային մրցաշարերում, սակայն ցավալի պարտություններ կրեցի։ Պատճառները տարբեր էին՝ թե’ հոգեբանական, թե’ ֆիզիկական։ Ամեն դեպքում, այդ ամենը դիտարկում եմ որպես փորձառություն և շարժվում առաջ։

-Դուք նախորդ Օլիմպիական խաղերին պայքարում էիք վարկանիշ ձեռք բերելու համար, ցավոք, չստացվեց, իսկ այս պահին կարատեն համարվում է օլիմպիական ընտանիքի անդամ, սակայն Տոկիո-2020-ից հետո հանվել է ծրագրից, ինչպե՞ս է ազդել այդ փաստը ձեզ վրա:

-Այդ փաստը հոգեբանորեն ազդում է յուրաքանչյուրի վրա, այդ թվում նաև իմ, սակայն աշխատում եմ կենտրոնանալ նպատակների վրա և հասնել ամենաբարձր կետին, որն այս պահին հնարավոր է կարատեում ՝ այսինքն, աշխարհի չեմպիոնությանը։ Երբ կարատեն վերադառնա Օլիմպիական խաղեր` նպատակներս կընդլայնվեն։

-Ո՞րն է ձեր հաջողության բանաձևը:

-Հավատարիմ մնալ նպատակին և մինչև վերջ պայքարել դրան հասնելու համար։

-Դիսցիպլինան կարևոր է հատկապես ձեր սպորտաձևում: Հե՞շտ եք պահում այն։

-Եթե անկեղծ, այդքան էլ հեշտ չէ։ Պետք է միշտ հետևել սննդակարգին, քնի ռեժիմին և մարզվել` անկախ ամեն ինչից։ Սակայն այդ ամենն արդեն ապրելակերպ է դարձել։ Եթե կա նպատակ` պետք է հասնել դրան՝ հաշվի չառնելով դժվարությունները։

-Ձեր պարագայում կարատեն ընտանեկան սպորտաձև է, բայց ի՞նչը ձեզ գրավեց ճապոնական մարտարվեստում։

-Փոքր ժամանակ գրավում էին հետաքրքիր վարժությունները, հարվածները, ընկերական միջավայրը։ Բայց մեծանալով, ավելի խորն ես հասկանում այս սպորտի իմաստը և փիլիսոփայությունը։ Կարատեն առաջին հերթին սովորեցնում է հարգանք և կարգապահություն, ինչին զուգահեռ կոփում է կամքը և համարձակությունը։

-Մենամարտերի ժամանակ լսում եք ձեր մարզչի ձայնը և որքանո՞վ է այն օգնում ճիշտ կողմնորոշվել։

-Հիմնականում լսում եմ մարզչիս ձայնը և դա բավականին օգնում է ինձ։ Անձնական մարզիչս հայրս է և նրա հուշումները օգնում են թե’ հոգեբանական թե՜ մասնագիտական առումներով։

-Իսկ ինչպե՞ս է ստացվում տատամիից դուրս սենսեյից անցումը հայրիկին։

-Հայրիկիս միշտ սենսեյով եմ դիմում։ Երբեք տարբերություն չի դրվել իմ, եղբայրներիս և մյուս մարզիկների միջև։ Սակայն սենսեյից անցումը հայրիկին այդքան էլ սահուն չի կատարվում առօրյայում։ Կարատեն մեր կյանքի մի մասն է և նույնիսկ տանը հաճախ ենք ունենում քննարկումներ մարզումների և մենամարտերի վերաբերյալ։

-Եվ վերջում՝ ի՞նչ պլաններ ունեք գալիք տարում:

-Հաջորդ տարին նույնպես հագեցած է լինելու` հունվար ամսից սկսած մասնակցելու եմ վարկանիշային մրցաշարերի` 2025թ աշխարհի առաջնության համար, ինչպես նաև Խորվաթիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։

Հարցազրույցը` Նարե Գաբրիելյանի

«Արմենպրես»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս