ՀՀ-ում կլինի իշխանափոխություն, եթե մոռացվի Փաշինյան-«նախկիններ» հակադրության թեզը. Սուրենյանց
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը համոզված է, որ ՀՀ-ում հնարավոր կլինի իշխանափոխություն իրականացնել, եթե քաղաքական սեգմենտի մեծ մասը կարողանա ռացիոնալ հարթության վրա մոռանալ Նիկոլ Փաշինյան-«նախկիններ» հակադրության թեզը:
«Հիմա մենք մի հատ սարդոստայնի մեջ ենք, որտեղ իշխանությունը, շնորհիվ իր քարոզչական ու այլ լծակների, նաև շնորհիվ նրա, որ կարողանում է ուղղորդել հասարակությանը, կարողանում է այդ հարթության վրա իր համար բավականին շահեկան դիրք ընդունել: Ցանկացած հեղափոխական իշխանություն չի կարող թթվածին ունենալ՝ առանց ներքին թշնամու կերպար ստեղծելու: Ընդ որում, սա միայն հայկական «հիվանդություն» չէ: Նույնը վերաբերում է նաև Վրաստանին ու Ուկրաինային»,- համոզմունք հայտնեց քաղաքագետը:
Անդրադառնալով ստեղծված իրավիճակում հասարակության երկբևեռայնացման ու արցախյան հարցի վերաբերյալ տարբեր մոտեցումներին՝ Սուրենյանցն առաջարկեց դա դիտարկել նախկին իրադարձությունների պրիզմայում: Նա հայտարարեց, որ դա կապված է Նիկոլ Փաշինյանի կողմից արտաքին քաղաքական ռևերսի հետ:
«Արտաքին քաղաքական ռևերսը Նիկոլ Փաշինյանն արել է 2022 թվականի ապրիլի սկզբին: Նա Խարկովի ու Կիևի մատույցներում ռուսական զորքի հետքաշման փաստը ենթադրեց կամ համարեց ուկրաինական պատերազմում ռուսական ֆիասկոյի ազդանշան և որոշեց փոխել կուրսը: Դրա «առաջին ծիծեռնակը» եղավ ապրիլին «նշաձողն իջեցնելու» մասին հայտարարությունը: Սա ակնհայտորեն եվրոպական կաբինետներից հուշած սցենար էր, որը Փաշինյանի կողմից շատ հաջող խաղարկվեց: Փաստորեն նա որոշեց առանց արտաքին աջակցության, բաց հակադրության մեջ մտնել Ռուսաստանի դեմ: Մեր հասարակությունը գուցե դա ուշ հասկացավ, բայց Ռուսաստանի ինստիտուտները շատ շուտ հասկացան դա, որովհետև ռուսական կարգավորման ծրագիրը կառուցված էր, այսպես կոչված, երկու միջանցքների տրամաբանության և Արցախի կարգավիճակը հետաձգելու տրամաբանության վրա»,- արձանագրեց քաղաքագետը՝ հավելելով, որ դրա էպոպեան դարձավ հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ հայտարարությունը, որով Փաշինյանը դարձավ Երրորդ Հանրապետության առաջին ղեկավարը, որը ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս:
«Մենք կարող ենք ընդվզել ու հազար փաստարկ բերել, բայց կարևոր չէ, թե միջնորդ երկրներն ինչ դիրքորոշում ունեն: Փաստն այն է, որ հակամարտության երկու կողմերից մեկը՝ ՀՀ-ն՝ Փաշինյանի դեմքով, հայտարարել է, որ ԼՂ կոնֆլիկտ իր համար գոյություն չունի»,- ասաց քաղաքագետը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նազելի Ստեփանյան