Ներկա իշխանությունների գործողությունները միտված են հայ ժողովրդի ինքնությունը փոխելուն. Մենուա Սողոմոնյան
«Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից տարվող գործընթացները միտված են հայ ժողովրդի ինքնությունը փոխելուն և ուրիշ ժողովուրդ դարձնելուն:
«Ուր են տանում հայաստանյան քաղաքական զարգացումները» թեմայով քննարկման ժամանակ բանախոսը տեսակետ հայտնեց, որ այդ ուղղությամբ այժմ ակտիվ գործընթացներ են տարվում:
«Նա շատ լավ է սերտել երևակայական համայնքների վերաբերյալ դասը: Դա այն մասին է, որ ազգերը, ժողովուրդները ոչ թե այնպիսին են, ինչպիսին կան, այլ այնպիսին են, ինչպիսիք իրենց երևակայության մեջ իրենց պատկերացնում են: Խոսքը հայ ժողովրդի համար կարևոր արժեքների մասին է, պատմության մասին է, խորհրդանիշների մասին է ու նրանց, ինչի հետ մենք մեզ նույնականացնում ենք… վերափոխման գործընթացի իրականացումն արտահայտվում է նաև պետական տարբեր ինստիտուտների ինքնավարության նվազմամբ: Ընդհանուր առմամբ, սա նաև դրսևորվում է ժողովրդավարության գերեզմանմամբ, որպեսզի ինքնության այդ փոփոխությունները տեղի ունենան շատ ավելի սահուն ու հեշտ»,- համոզմունք հայտնեց Մենուա Սողոմոնյանը՝ հավելելով, որ այդ գործընթացը տասնամյակների ընթացքում կարողացավ իրականացնել նաև Էրդողանը՝ Թուրքիայում:
Խոսքն այս դեպքում վերաբերում է թուրք հասարակության ու պետական գերատեսչությունների բնույթային փոփոխությանը: Հայաստանի դեպքում, ըստ նրա, տեղի է ունենում հակառակ գործընթացը:
«Թուրքական հասարակությունը, թուրքական գերատեսչությունները, որոնք առաջ իրենց մեջ կրում էին աշխարհիկ պետության առանցքը, Թուրքիայի՝ որպես աշխարհիկ պետության իմիջը, դրա փոխարեն՝ իսլամիստ-ազգայնական ինքնություն է այժմ ներարկվում Թուրքիայում, որն էլ բերում է ավելի հավակնոտ արտաքին քաղաքականության:
Հայաստանի պարագայում, ցավոք, դրա հակառակն է տեղի ունենում, ավելի կրավորական, ավելի համաձայնողական, հանձնվողական արտաքին քաղաքականության է բերում ինքնության փոփոխության գործընթացը: Այդ գործընթացը Ձեր նշած անձի (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին։- Ն. Ս.) կարևոր հանձնարարությունն ու առաքելությունն է, և դա ավարտին հասցնելու համար է իրեն պետք երաշխավորված իշխանություն»,- վստահ տեսակետ հայտնեց Մենուա Սողոմոնյանը:
Ըստ նրա, Արցախի հայաթափման ու Արցախի պետական ինստիտուտները վերականգնելու վերաբերյալ լսել անգամ չուզող իշխանությունները դա նպատակ ունեն շղարշելու վերջերս հատկապես ինտենսիվ քննարկվող հնարավոր ընտրություններով:
«Հետևապես, ակնկալելի է, որ առաջիկայում ներքաղաքական կյանքի գլխավոր թեման կարող են դառնալ հենց առաջիկա այդ ընտրությունները»,- հայտարարեց Սողոմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նազելի Ստեփանյան