Փաշինյանը մերժեց ինձ՝ ստեղծել Արցախի ծրագրերի հատուկ վարչություն. Սամվել Բաբայան

«Ես որևէ հարցից չեմ խուսափում, դրա համար հրավիրել են՝ եկել եմ։ Ես անկեղծ ամբողջովին ներկայացրել եմ իրավիճակը և՛ 44-օրյա պատերազմի, և՛ հիմա»,- ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո ասաց Պաշտպանության բանակի նախկին հրամանատար,  44-օրյա պատերազմի ժամանակ  Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, որ այսօր հրավիրված  էր քննիչ հանձնաժողովի նիստին հարցերի պատասխանելու։

Թե ովքեր են պատերազմի մեղավորները, Սամվել Բաբայանը լրագրողների հարցին հարցով պատասխանեց.

«Կոնկրետ անուննե՞ր եք ուզում լսել, թե՞ ինչ»։

Լրագրողները նրան հիշեցրեցին, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին, երբ հրաժարվեց Արցախի հերոսի կոչումից ու լքեց զբաղեցրած պաշտոնը, ասում էր, որ Արցախի ու Հայաստանի իշխանությունների դավադիր որոշմամբ հանձնվեց Արցախը, դրանից հետո Սամվել Բաբայանն ասաց՝ եթե մի անգամ մի բան ասում է, հետո տեսակետը չի փոխում՝ մնում է նույն տեսակետին։

Կարդացեք նաև

Հաջորդ հարցին՝ ո՞րն էր Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը, Սամվել Բաբայանը պատասխանեց, որ անձամբ իր կարծիքով՝ նրա մեղավորությունը ոչ ճիշտ կադրային քաղաքականությունն է։

«Երկրորդ խնդիրն այն է, որ հավատացել է նրանց, ում հավատացել է։ Եթե ես հասկանում եմ, որ այս մարդուն նշանակում եմ այս պաշտոնին, որտեղ խնդիր չի կարողանալու լուծել՝ դավաճանություն չէ՞»,- հավելեց նա։

Սամվել Բաբայանը պատասխանեց  նաև իրեն Հայաստանում պաշտոն առաջարկելու մասին հարցերին՝ պաշտոն ստանալու համար որևէ մեկի հետ ինքը չի խոսել, առաջարկի դեպքում էլ՝ կմերժի։

Ինչ վերաբերում է ՀՀ-ում Արցախի պետական ինստիտուտների գործելուն, Սամվել Բաբայանը տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է ստեղծել հատուկ ծրագրերի վարչություն, ինչպիսին գործել է 90-ական թվականներին՝ Մոսկովյան փողոցում։ Սակայն առաջարկն առանց հիմնավորման Նիկոլ Փաշինյանը մերժել է։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս