Վահագն Խաչատուրյանն ուրանում է՝ հանուն ծառայողական մեքենայի. Գեղամ Մանուկյան
2007 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից և համախոհ Վահագն Խաչատրյանը Արցախի ազատագրական պայքարով և հաղթանակով էր հպարտանում, Արցախի անկախության ճանաչման ջատագովն էր: Այսօր՝ 2023 թվականի նոյեմբերի 28-ին, Վահագն Խաչատուրյան դարձած ՀՀ նախագահը հայտարարել է, թե «Արցախը Ադրբեջանի մաս Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է 1991 թվականին:
Արցախի պետական ինստիտուտների մասին էլ է խոսել Վահագն Խաչատուրյանը. «Արցախի պետական ինստիտուտները գործում են, ի՞նչ անեն… Կա Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտները գործում են։ Նրանք ի՞նչ գործառույթ պիտի իրականացնեն… Արցախահայության իրավունքները Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է»:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը Խաչատուրյանի դիրքորոշումների փոփոխությունը պայմանավորեց ամենասովորական ուրացմամբ։
«Հայաստանում կա մի շրջանակ, որը ծառայողական մեքենայի համար պատրաստ է ուրանալ ամեն ինչ։ Ուրացում է՝ ապրած կյանքի։ Վստահ եմ, որ իրենք իրենց հայելու մեջ նայելով՝ ամաչում են։ Ասում են, որ 1991 թվականին են Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, դա Արցախի նկատմամբ իրենց դավաճանական քայլերը քողարկելու մեջ պետք է դիտարկել, դավաճանության մեղքը գցում են Ալմա Աթայի հռչակագրի վրա, որը կապ չունի Արցախի հետ»,- ասաց Մանուկյանը՝ ընդգծելով՝ Վահագն Խաչատուրյանն Արցախի մասին իր նախկին ասածները հիշելով՝ այսօր պետք է հրաժարական տար։
Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանի իշխանությունը քնում-արթնանում է՝ մտածելով՝ ինչպե՞ս սեփական անմեղսունակությունը քողարկի քարոզչական տարատեսակ հնարքներով, միայն թե ժողովրդի մեծամասնությունն իրենց չհամարի մեղավոր։
«Հանրային գիտակցությունը տեռորի են ենթարկում, բթացնում, նստացնում թմրանյութի ասեղի վրա, որ չմտածի»,- ասաց Մանուկյանը՝ շեշտելով՝ հենց դա են անում Վահագն Խաչատուրյանն ու նրա նմանները, Նիկոլ Փաշինյանը՝ Արցախը հանձնելու իրենց մեղավորությունը փաթեթավորելով տարատեսակ հայտարարություններով ու հռչակագրերով՝ պատրաստվում է կնքել մի նոր կապիտուլյացիայի պայմանագիր։
«Պայմանագիր, որը երկրորդ կապիտուլյացիայի, պարտության, ամեն րոպե Հայաստանի վրայով ասպատակելու, գնալ-գալու պայմանագիր է լինելու»,- ասաց Մանուկյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում