Ո՞վ է ստեղծել Կարեն Դեմիրճյանի հիշատակած լեգենդար «Վասպուրական» կոնյակը, և ո՞ւմ հիշատակին է այն նվիրված
Օրեր առաջ 168.am-ը հրապարակումներ էր ներկայացրել ՀԽՍՀ Կենտկոմի երկարամյա առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի՝ 1991թ. փաստավավերագրող Ռուբեն Գևորգյանցին տված ծավալուն հարցազրույցի առանձին հատվածների վերաբերյալ:
Հրապարակումներից մեկում Կարեն Դեմիրճյանը խոսում է ԽՍՀՄ տարիներին ինտերնացիոնալիզմի գաղափարի ու հայ ինքնության պահպանության դժվարությունների մասին:
«Մեր օդանավակայանը շատ անհեթեթ անուն ուներ՝ Արևմտյան-Западный: Եվ երբ մենք կառուցեցինք «Զվարթնոց» օդանավակայանը, նախագծերի մեջ հենց «Զվարթնոց» էլ գրել էինք: Դե, նախագծերում պայմանական անուններ են դրվում, հետո կարող է կառույցի անունը բոլորովին այլ լինել: Եվ երբ մենք բացում էինք օդանավակայանը, ներկայիս Քաղավիացիայի նախարարը եկել էր ու տեսել՝ ամեն տեղ գրված է՝ «Զվարթնոց»: Նա վրդովվել է, հրահանգել փոխել անունը: Ես շատ անհեթեթ արգումենտացիայով կարողացա պահել «Զվարթնոց» անունը: Ասացի՝ իսկ ինչո՞ւ ոչ Восточный, Դուք ի՞նչ է, տուրք եք տալիս Արևմուտքի՞ն… «Զվարթնոցը» շատ գեղեցիկ անուն է… Ու անունը մնաց «Զվարթնոց»»,- վերհիշել է Կարեն Դեմիրճյանը:
Ըստ նրա՝ նույն իրավիճակն էր, օրինակ, «Վասպուրական» կոնյակի անվան ընտրության ժամանակ:
«Հարցնում էին՝ ի՞նչ է Վասպուրական: Իհարկե, այդ հարցը տալու ազդակներն իրենք այստեղից էին ստացել, մեր ուռա՜-ինտերնացիոնալիստներից: Ասացի՝ դա մեր կորցրած հողային տարածքներից մեկի անունն է, մորս ծննդավայրի անունը: Չնայած անունը ես չէի դրել, այլ կոնյակը ստեղծողը: Տոտալիտար գաղափարախոսությունը ոչ մի բան բաց չի թողնում՝ մտածելով, որ յուրաքանչյուր բջիջ անպայման ներկված պետք է լինի ինտերնացիոնալիզմի գաղափարախոսության գույնով՝ մոռանալով, որ ոչ մի ինտերնացիոնալ գաղափար չի կարող հիմնված չլինել ազգայինի վրա»,- Ռուբեն Գևորգյանցի հետ զրույցում ասել էր Կարեն Դեմիրճյանը:
Հրապարակումը լայն արձագանք գտավ մեր ընթերցողների շրջանում, իսկ խմբագրություն զանգահարած մեր քաղաքացիներից մեկն ասաց՝ «Վասպուրական» կոնյակը ստեղծել է լեգենդար կոնյակագործ Ռոբերտ Ազարյանը, և անունն էլ հենց ինքն է դրել «Վասպուրական»:
«Ռոբերտ Ազարյանն այդ կոնյակը ստեղծել է՝ ի հիշատակ կոնյակագործության ոլորտում իր ուսուցչի՝ մեծանուն կոնյակագործ, Հայաստանում կոնյակագործության վերելքի հեղինակի՝ Մարգար Սեդրակյանի հիշատակին»,- ասաց մեզ հետ կապ հաստատած քաղաքացին:
Մարգար Սեդրակյանը ԽՍՀՄ-ում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրն է։ Ստեղծել է հետևյալ կոնյակները՝ «Հոբելյանական» (1937թ., ԽՍՀՄ-ում առաջին բարձրագույն որակի կոնյակը), «Ընտիր» (1939թ.), «Հայաստան» (1940թ.), «Արտաշատ» (1941թ.), «Դվին» (1942թ.), «Երևան» (1947թ.), «Օդեսա» (1948թ.), «Ուկրաինա» (1949թ.), «Արարատ» (1955թ.), «Տոնական» (1957թ.), «40-ամյա» (1957թ.), «Ախթամար» (1967թ.), «Նաիրի» (1967թ.), «50-ամյա» (1967թ.)։
1940թ.-ից մինչև իր կյանքի վերջը՝ 1973թ., Մարգար Սեդրակյանն աշխատել է Երևանի կոնյակի գործարանում՝ որպես գլխավոր ինժեներ-տեխնոլոգ։
Կոնյակի հետ կապված՝ կոնյակի ստեղծման ամենահետաքրքիր ու ամենահայտնի պամությունն առնչվում է Մարգար Սեդրակյանի ստեղծած «Դվին» կոնյակին, որը, ինչպես լեգենդն է ասում, պաշտում էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը: Ասում են, երբ տարեց Չերչիլին հարցրել են, թե ինչո՞ւմ է նրա երկարակեցության գաղտնիքը, նա պատասխանել է. «Երբեք մի ուշացեք ճաշից, ծխեք հավայան սիգարներ և խմեք հայկական կոնյակ»:
Ռոբերտ Ազարյանը բարձրակարգ գինեգործ-կոնյակագործ տեխնոլոգ էր: 1962-1973թթ. եղել է Երևանի Շամպայն-գինիների գործարանի կուպաժի ցեխի պետի տեղակալը, ապա ուղիղ 20 տարի՝ 1973-1993թթ., Երևանի կոնյակի գործարանի գլխավոր ինժեներ-տեխնոլոգը: 1999թ. դարձել է «Great Valley» ընկերության գլխավոր մասնագետը, 2002թ.-ից Երևանի գինու-օղու-կոնյակի «Արարատ» կոմբինատի գլխավոր մասնագետն էր:
Ռոբերտ Ազարյանն է ստեղծել ոչ միայն «Վասպուրական», այլև «Նոյ», «Gret Valley», «Կարս», «Անի», «Արցախ», «Էրեբունի», «Արին Բերդ» կոնյակները:
Ռոբերտ Ազարյանը Ռուսաստանի և Հայաստանի վաստակավոր գինեգործ է:
«Վասպուրական» անունը Ռոբերտ Ազարյանն իր ստեղծած կոնյակի համար թերևս պատահական չի ընտրել:
Ռոբերտ Ազարյանի վարպետը՝ Մարգար Սեդրակյանը, վանեցի էր, ծնվել էր Արճակ գավառի Խառակոնիս գյուղում: Խառակոնիսը գտնվում էր Վասպուրականի Արճակ լճի հարավարևելյան ափին գտնվող համանուն բնակավայրի կողքին:
Հավանաբար հենց այս հանգամանքն էլ կանխորոշել էր կոնյակի այդ տեսակի անվանումը:
Մի ուշագրավ հանգամանք ևս: Երբ համացանցում Ռոբերտ Ազարյանի մասին տեղեկություններ էինք փնտրում, հայտնաբերեցինք, որ ականավոր կոնյակագործը Հայաստանի դատավորների միության նախագահ, Վերաքննիչ քրեական դատարանի նախկին դատավոր, մշտապես փաստաբանների կողմից բարձր գնահատականի արժանացած Ալեքսանդր Ազարյանի հայրն է:
Ի դեպ, այսօր հայկական կոնյակագործության ռահվիրաներից մեկի՝ Ռոբերտ Ազարյանի հիշատակի օրն է: