Բաժիններ՝

Բորելը պաղեստինաիսրայելական հակամարտության համար լուծումներ է առաջարկել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Միջերկրածովյան միության տարածաշրջանային համաժողովի բացմանը հայտարարել է, որ պաղեստինաիսրայելական հակամարտության ավարտը, գուցե, մոտ չէ, սակայն հարկավոր է քայլեր ձեռնարկել քաղաքական գործընթացը շարունակելու ուղղությամբ։ Բորելը նշել է, որ կան որոշակի հարցեր, որոնց շուրջ կարելի է համաձայնության հասնել։

«Նախ, հարկավոր է թույլ չտալ, որ ՀԱՄԱՍ-ը վերադառնա Գազա՝ որպես քաղաքական և ռազմական ուժ։ Այս կազմակերպությունը վնասել է բոլորին, այդ թվում՝ պաղեստինցիներին։ Երկրորդ՝ թույլ չտալ Գազայի տարածքի մասնատում, Իսրայելի կողմից Գազայի վերագաղութացում․․․ Եվ երրորդ՝ թույլ չտալ Հորդանան գետի Արևմտյան ափի անօրինական գաղութացում», – ասել է Բորելը։

ԵՄ դիվանագիտության ղեկավարը կրկնել է, որ պաղեստինաիսրայելական հակամարտության լուծման բանալին երկու ժողովուրդների համար երկու պետությունների ստեղծումն է։

Բորելը նաև իր վրդովմունքն է հայտնել այն առնչությամբ, որ Իսրայելը նախատեսում է նոր միջոցներ հատկացնել Հորդանան գետի արևմտյան ափին «ավելի շատ անօրինական բնակավայրեր» կառուցելու համար։

Իր ելույթում Բորելը նշել է, որ ոչինչ չի կարող արդարացնել հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման դաժան հարձակումը Իսրայելում քաղաքացիական անձանց դեմ, բայց «մի սարսափը չի կարող արդարացնել մյուս սարսափը»։

Նոյեմբերի 27-ը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված քառօրյա հրադադարի վերջին օրն է։ Հրադադարի առաջին 3 օրերի ընթացքում, ընդհանուր առմամբ, ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել 58 պատանդի, հիմնականում՝ կանանց և երեխաների, իսկ Իսրայելի բանտերից ազատ է արձակվել 117 պաղեստինցի բանտարկյալ։ Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ը Իսրայել ներխուժման ընթացքում գերեվարել էր շուրջ 240 մարդու, 1200 մարդ սպանվել էր։ Այդ հարձակումից հետո Իսրայելը սկսել էր Գազայի հատվածի գնդակոծությունները, այնուհետև՝ ցամաքային ներխուժումը։ Պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 14 800-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս