«Դավաճաններին պատժել չգիտենք. նոյեմբերի 9-ին մտել էր բունկերը, թույլ տվեցինք՝ նորից դառնա վարչապետ». Ռուբեն Հակոբյան
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն այսօր խորհրդարանում «Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին» հայտարարության նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց, որ քաղաքացիներից ու նախագծի քննարկման մասնակիցներից շատերը լավ հասկանում են, որ տվյալ նախագծի ընդունումն այս պահին որևէ գործնական նշանակություն չի կարող ունենալ, որովհետև օրհասական պահին պետք է նախ փրկել պետությունը, որ հետագայում հնարավոր լինի իրականացնել նախագիծը։
«Ի վերջո, այսօր մենք խոսում ենք հետևանքի մասին։ Վաղը կարող է հետևանք լինել այն, որ այսօր բանակցում են, որպեսզի Արարատ լեռան նշանը մեր զինանշանից հանվի։ Բոլորս էլ գիտենք, քանի դեռ այս ազգակործան պատուհասն իշխանության է, մենք միշտ այսպիսի հետևանքներ ենք ունենալու։ Մեր թիվ մեկ խնդիրն է՝ ամեն ինչ անենք, որպեսզի նրան հեռացնենք իշխանությունից։ Ինքն այսօր հակասահմանադրական վիճակով պահում է իշխանությունը։ Սահմանադրական մեր իրավունքը՝ միջազգային նորմերին համապատասխան, նաև հետևյալն է՝ եթե քո իրավունքը ոտնահարվում է օրվա իշխանության կողմից, դու կարող ես ցանկացած միջոցով նրան հեռացնել»,- իր խոսքում նշեց Ռուբիկ Հակոբյանը։
Այնուհետև նա խոսքն ուղղղելով ընդդիմությանը՝ ասաց, որ անձամբ է ակտիվ մասնակցել ընդդիմության քարոզարշավին, որը եկել էր դավաճան իշխանություններին հեռացնելու համար, փրկելու Արցախն ու Հայաստանը։
«Խնդրում եմ, քննարկեք այդ հարցը, եթե իշխանությանը հեռացնում եք, այսօրվա ընդդիմության խորհրդարանում մնալը լեգիտի՞մ է, թե՞ ոչ։ Խոհանոցին լավ ծանոթ լինելով՝ կարող եմ ասել, որ մենք առնվազն երեք անգամ կարող էինք նրանց հեռացնել։ Մեզ պետք է ընդդիմություն, որն անկեղծ կլինի։
Այսօր 40-ից ավելի քաղբանտարկյալ ունենք, նշվում է Արմեն Աշոտյանի անունը, պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ, նա քաղբանտարկյալ է։ Գրիգորի Խաչատուրովը և այլք։ Մենք թույլ տվեցինք՝ նա դառնա քաղբանտարկյալ, երբ հայտարարեցինք, որ վերադառնում ենք խորհրդարան մեր օրակարգով, և այդ օրակարգով կողմ քվեարկեցին, որպեսզի նիկոլական Հայկ Գևորգյանը մտնի ԲԴԽ, որը հաջորդ օրը հեռացրեց այն դատավորին, որն իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի կինն էր։
Մենք այդ օրը ստորագրեցինք ու ասացինք, որ՝ չէ, Արմեն Աշոտյան, դու պետք է գնաս ու բանտարկվես։ Ինձ համար վիրավորական է, որ այստեղ նստած ԱԺ նախագահին ասում եք՝ պարոն Սիմոնյան, միջազգային մամուլը գրոտեսկային անդրադարձել էր, որ ՀՀ ԱԺ նախագահը թքել է քաղաքացու վրա և որևէ պատասխանատվության չի ենթարկվել։ Մտածում էի, որ երբ նա կմտներ այստեղից, նստածներով պետք է վեր կենայիք ու թքեիք իր դեմքին, համարժեք պատասխանը դա էր։
Համարժեք քայլը եղել է նոյեմբերի 9-ին, երբ Նիկոլ Փաշինյանը փախել, մտել էր բունկերը և հրեշի տեսք ուներ, ասում էր՝ եկել է քաղաքացու վրեժի ժամանակը։ Այդքան արյուն որ խմել էր, քիչ էր, ուզում էր էլի արյուն խմել։ Մենք սրբադասեցինք ու նորից թույլ տվեցինք, որ 2021 թվականին ընտրվի վարչապետ»,- հավելեց Ռուբիկ Հակոբյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում