Համաձայն եմ վարչապետ լինել՝ սահմաններն էլ ամուր կլինեն, «մուտիլովկեքն» էլ կավարտվեն. Բագրատյան
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի խոսքով՝ Հայաստանը կրկին գնում է հովհարային անջատումների, քանի որ երկրում ոչինչ չի արվում։ Փոխարենը, ըստ նրա՝ օրվա իշխանությունն անում է ընթացիկ գործեր, որոնցից փող կա, օրինակ՝ տների ու բնակարանների կառուցում։
«Նայեք քաղաքի վիճակին, տեսեք՝ ինչ է կատարվում»,- ՀՀ նախագահականի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Հրանտ Բագրատյանը։
Ինչ վերաբերում է մարդկանց հարցերին, թե եթե Փաշինյանը հրաժարական տա, ո՞վ է գալու իշխանության, Հրանտ Բագրատյանը պատասխանեց.
«Կոնկրետ ես համաձայն եմ այս տարիքում վարչապետ աշխատել, սահմաններն էլ ամուր կլինեն, այդ «մուտիլովկեքը» կվերջանան արտաքին քաղաքականության ոլորտում, Ալիևը վազելով կխնդրի, որ խաղաղության պայմանագիր է ուզում, որովհետև օրեցօր Հայաստանը կհզորանա։ Հիմա ինչպե՞ս հզորանա մի աղքատ երկիր, որը տարեկան 400 մլն դոլար դուրս է հանում՝ իբր թե կուտակային կենսաթոշակի։
Առողջապահության ապահովագրություն են ներդնում, մեկի հետ զրուցե՞լ եք, թե ի՞նչ է մեզ սպասվում։ Հո ապահովագրություն մտցնելով առողջապահության ծավալը չի՞ մեծանում, մենք հո չե՞նք հարստանա։ Պետպատվերը փոխարինում են ապահովագրությամբ, որպեսզի դրանից հետո մարդիկ 6 ամսով հերթ կանգնեն բժշկին հանդիպելու համար»։
Նախկին վարչապետը լավ գիտի՝ վարչապետ լինելու դեպքում ինչ է անելու, որպեսզի «Ալիևը վազելով գա ու խնդրի ստորագրել խաղաղության պայմանագիր»։ Դրա համար շատ բաներ կարող է անել, սակայն բարձրաձայնեց առաջին երեք կարևոր քայլերը։
«Առաջինը՝ չենք գնա ու դրսից տղա բերենք խաղաղության վրա, անհրաժեշտ միջոցներ կհատկացվեն բանակին։ Ամոթալի է տեսնել բանակին հատկացվող միջոցների աճը, նույնիսկ ավելի քիչ է, քան բյուջեի միջին աճը։ Հաջորդը՝ թույլ չեմ տալու, որ 4-5 մլն դոլար դուրս գնա՝ իբր կուտակային։ Մենք հիմա մտածում ենք, թե 45 տարի հետո ջահելներն ի՞նչ փող պետք է ստանան, երբ մեծերին թոշակ չենք տալիս։ Նախորդ իշխանություններին է, չէ՞, քննադատում, ամենայն պատասխանատվությամբ հայտարարարում եմ, այս իշխանության օրոք թոշակառուները 15 տոկոս ավելի վատ են ապրել, քան Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, դրա արդյունքում թոշակառուների կյանքի միջին տևողությունն իջել է, մարդիկ 5 տարի քիչ են ապրում Փաշինյանի քաղաքականության պատճառով»,- հավելեց Հրանտ Բագրատյանը։
Ըստ նրա, այս ամենը կարող է ասել նաև Հանրային հեռուստաընկերության եթերում, սակայն իրեն այնտեղ չեն հրավիրում։
Շարունակելով միտքը՝ Հրանտ Բագրատյանը նաև ասաց, որ վարչապետ լինելու դեպքում կդադարեցնի Երևանում ընթացող «ախմախ շինարարությունը»։ Նրա պնդմամբ՝ մարդ կա, արդեն 3-4 բնակարան է ստացել։
«Սա կոմերցիոն լավ գործարք է, ՔՊ-ականները կառուցում ու ծախում են։ Երբ մարդիկ չեն բավարարում, շրջաններից են երիտասարդներին բերում, շրջաններում արդեն մարդ չի մնացել, ո՞ւմ է պետք այս հիմարությունը։ Հիմա եկել ենք՝ ասենք, ախպեր, նման բաներ մի արա, այ ընկեր, ատոմակայանի թափոնների համար նոր գերեզմանոց կառուցիր։
Գնացեք տեսեք՝ Շամշադինում գոնե մեկ տուն կառուցվո՞ւմ է, գիտե՞ք՝ ինչ է կատարվում Գեղարքունիքում, Վարդենիսում… Ինչպե՞ս կարելի է, քաղաք-պետություն է դարձնում, կարո՞ղ է մտածված է, որ այն հողերը կամաց-կամաց հանձնի։
Ինչ վերաբերում է այդ ասֆալտին, գուցե Սուրեն Պապիկյանի հայրենի գյուղի ասֆալտը տարին մեկ գնում փռում են, բայց վերջին 5 տարում ոչ մի նոր ճանապարհ չի կառուցվել։ Տանում՝ ասֆալտը փռում են նորի վրա, հետո փող են դուրս գրում։
Մենք հստակ տվյալներ ու մեր հարցումներն ունենք, որ այս իշխանությանն օժանդակում է բնակչության 20 տոկոսը։
Ինչպես ուզում են՝ թող նախկին իշխանություններին քննադատեն, բայց նախկին իշխանությունների օրոք Հայաստանը լավ էր ապրում և՛ Վրաստանից, և՛ Ադրբեջանից։ Հիմա մենք զգալիորեն երկուսից էլ վատ ենք ապրում»,- շեշտեց նա։