ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Hyundai-ի և Kia-ի կողմից 6,4 մլն մեքենաների հետկանչման առնչությամբ
ԱՄՆ ավտոմեքենաների անվտանգության կարգավորող մարմինը հետաքննություն է սկսել Hyundai և Kia ընկերությունների կողմից մեքենաների հետկանչման առնչությամբ, որն ազդել է 6,4 միլիոն ավտոմեքենաների վրա։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Կորեական ավտոարտադրողները 2016 թ․-ից ի վեր մի քանի անգամ մեքենաները հետ են կանչել արգելակման համակարգի և հրդեհի վտանգի պատճառով։
ԱՄՆ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությունը հայտնել է, որ սկսում է աուդիտորական հարցում՝ գնահատելու՝ արդյոք Hyundai-ի և Kia-ի կողմից թերությունների վերաբերյալ որոշումները կայացվել են ժամանակին և արդյոք դրանք համապատասխանել են հաշվետվության պահանջներին։ Բացի այդ, վարչությունը մտադիր է հասկանալ տարբեր թերությունների նկարագրություններն ու հետկանչումների միջև ձեռնարկված միջոցները:
Սեպտեմբերին կորեական ավտոարտադրողները ԱՄՆ-ում հետ են կանչել 3,37 միլիոն մեքենա՝ պատճառաբանելով շարժիչում հրդեհի բռնկման վտանգը։ Նրանք մեքենաների սեփականատերերին հորդորել էին մեքենաները կայանել դրսում՝ կառույցներից հեռու, մինչև թերությունների լուծման գործընթացի ավարտը։