Սամբոյի աշխարհի առաջնությունն անցկացվել է ամենաբարձր մակարդակով. Կարեն Գիլոյանն ընդունել է Միքայել Հայրապետյանին
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանին և ֆեդերացիայի այլ ներկայացուցիչների:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ամփոփվել են Երևանում նոյեմբերի 10-12-ն անցկացված աշխարհի առաջնության արդյունքներն ու կազմակերպչական աշխատանքները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել գործադրած ջանքերի և կատարած մեծ աշխատանքի համար, ինչի շնորհիվ Երևանում անցկացված առաջնությունը, Միջազգային ֆեդերացիայի ղեկավարների և մյուս գործընկերների գնահատմամբ, մտել է սամբոյի պատմության մեջ՝ որպես երբևէ անցկացված լավագույն աշխարհի առաջնություն:
«Միջազգային ֆեդերացիայի ամենաբարձր պատասխանատուների, տարբեր երկրների ազգային ֆեդերացիաների նախագահների, միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների և հենց մարզական պատվիրակությունների գնահատմամբ՝ սամբոյի աշխարհի առաջնությունն անցկացրել ենք ամենաբարձր մակարդակով: Սա, իսկապես, բոլորովին այլ մակարդակ է: Շնորհակալություն եմ հայտնել Սամբոյի ֆեդերացիային կատարած մեծ աշխատանքի և Հայաստանը 70-ից ավելի երկրների՝ շուրջ 700 մարզիկների շրջանում հանրահռչակելու համար: Կարելի է պատկերացնել, թե ամբողջ աշխարհում այս ամենն ինչ արձագանք է ստացել: ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, հետագայում էլ կլինի ձեր կողքին ու կաջակցի ձեր լավագույն նախաձեռնությունները: Սամբոյի ֆեդերացիան մշտապես հանդես է բերում խանդավառություն, նախաձեռնողականություն և նորարարություն՝ ջանք ու եռանդ չխնայելով»,- ասել է Կարեն Գիլոյանը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար, ընդգծել է՝ Հայաստանում անցկացված աշխարհի առաջնության «Սամբոն ընտանիք է, ընտանիքը՝ ուժ, ուժը՝ խաղաղություն» կարգախոսը դարձել է նաև Միջազգային ֆեդերացիայինը:
«Դա մեր մեծ սպորտային ընտանիքն է, որն ամբողջ աշխարհին ցույց է տվել՝ Հայաստանն այն երկիրն է, որտեղ կարելի է անցկացնել միջազգային ամենաբարձր մակարդակի մրցումներ: Յուրաքանչյուր պատասխանատուի քրտնաջան աշխատանքն ու վերաբերմունքը շատ գնահատելի են: Ուրախ եմ, որ այս մեծ ընտանիքի մի մասն եմ կազմում»,- ասել է Միքայել Հայրապետյանը և տեղեկացրել՝ միջազգային Eurosport հեռուստաալիքում Երևանում անցկացված առաջնությունը 20 մլն դիտում է ունեցել:
Հանդիպման ընթացքում ֆեդերացիայի նախագահը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին է հանձնել Երևանում անցկացված աշխարհի առաջնության ոսկե հուշամեդալ և խորհրդանշական այլ պարգևներ:
Հայաստանի հավաքականները 10 մեդալով են ավարտել ելույթները Երևանում անցկացված սամբոյի մեծահասակաների աշխարհի 2023 թվականի առաջնությունում:
Առաջնության փոխչեմպիոններ են հռչակվել Արամ Աղաջանյանը (71 կգ), Բորիս Շատվերյանը (79 կգ), Դավիթ Գրիգորյանը (98 կգ), մարտական սամբոյից՝ Ավետիք Պողոսյանը (88 կգ), Վահրամ Գրիգորյանը (64 կգ):
Բրոնզե մեդալներին արժանացել են Վահագն Չալյանը (88 կգ), Վարսիկ Գրիգորյանը (54 կգ), մարտական սամբոյից՝ Վաչիկ Վարդանյանը (71 կգ), Սարգիս Վարդանյանը (79 կգ), Արման Ավանեսյանը (98 կգ):
Հայաստանի հավաքականներն աշխարհի առաջնությանը մասնակցում էին մարզիչներ Վովիկ Խոջայանի, Հայկ Ավետիսյանի և Էռնեստ Միրզոյանի ղեկավարությամբ: