ՆԳՆ-ն զգուշացնում է՝ նոյեմբերի 20-ից կկիրառվեն վարչական ներգործության միջոցներ
Երևանի քաղաքապետարանի որոշմամբ նոյեմբերի 13-ից մայրաքաղաքի կենտրոնում՝ Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն փողոցների միջև ընկած տարածքում, արգելվում է 2,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների երթևեկությունը։
Սահմանափակումը գործում է ժամը 7-ից մինչև 21-ը:
Նպատակը մայրաքաղաքի կենտրոնի ավելի քան 40 փողոցում ու պողոտայում երթևեկության ծանրաբեռնվածության բեռնաթափումն է։ Մայրաքաղաքում փողոցներն արդեն կահավորվել են բեռնատարների երթևեկությունն արգելող համապատասխան ճանապարհային նշաններով։ «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» նշանի ազդեցությունը չի տարածվում`
– ճանապարհների շինարարության, վերանորոգման, պահպանման կամ մաքրման աշխատանքներ իրականացնող տրանսպորտային միջոցների վրա,
– ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների սպասարկման և նորոգման աշխատանքներ իրականացնող տրանսպորտային միջոցների վրա,
– անսարք, վթարված և այլ տրանսպորտային միջոցների բարձման ու փոխադրման աշխատանքներ իրականացնող տրանսպորտային միջոցների վրա,
– գունագծապատկերներ ունեցող փոստային հատուկ կապի տրանսպորտային միջոցների վրա,
– այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք սպասարկում են նշանների ազդման գոտում գտնվող օբյեկտները, ինչպես նաև պատկանում կամ սպասարկում են նշված գոտում բնակվող կամ աշխատող քաղաքացիներին:
Նոյեմբերի 20-ից պարեկային ծառայությունը կիրառելու է վարչական ներգործության միջոցներ։