Հայկակ Արշամյանը որոշել է ուշացումով բացահայտել, թե ինչի վրա են ծախսվել ամերիկահայերի նվիրաբերած 107 միլիոն դոլարը. «Հրապարակ»
«Հայաստան» հիմնադրամի ղեկավարությունն ակտիվ շրջագայությունների մեջ է։ Բայց մեկնել են այնտեղ, ուր, ենթադրվում է, նրանց ամենաքիչն են ուզում տեսնել՝ ԱՄՆ։ Բոլորս հիշում ենք 2020 թվականի պատերազմից հետո պայթած սկանդալը, երբ անհետացան ԱՄՆ հայերի ուղարկած հանգանակությունները՝ մոտ 107 մլն դոլարի չափով, եւ դրանից «Հայաստան» համահայկական հիմնադրամի իմիջը խիստ վնաս կրեց։ ՀՀ կառավարության փորձերը՝ փրկել այն, եւ հայտարարությունները, թե կորած 52 մլրդ դրամ գումարը փոխանցվել է պետբյուջե, այսինքն՝ հայտնվել է կառավարության ձեռքում, ավելի խորացրին անվստահությունը։ Այդ գումարները չէին ուղարկվել կառավարությանը փոխանցելու համար։ Եվ հիմա խախտված հեղինակություն ունեցող այս կառույցին սփյուռքում այլեւս չեն հավատում, հատկապես՝ ԱՄՆ-ում։ Դրա ապացույցը 2022 թվականին հիմնադրամի ամենամյա թելեթոնի ժամանակ ցածր հավաքագրումն էր՝ մոտ 11 մլն դոլարի խոստում եւ այն, որ հայկական սփյուռքի երկու խոշորագույն համայնք՝ ԱՄՆ եւ Ռուսաստանի համայնքը, կարելի է ասել, չմասնակցեցին թելեթոնին։
Հիմա «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը որոշել է շտկել այս կառույցի հեղինակությունը եւ մեկնել է ԱՄՆ։ Վաշինգտոնում նրան ընդունել է ոչ պակաս խախտված համբավ ունեցող դեսպան Լիլիթ Մակունցը։ Այնտեղ Արշամյանը կրկին խոսել է 2020 թվականին կորած հանգանակությունների մասին, հաշվետվություն է ներկայացրել, արդարացել է, թե ինչի վրա են ծախսել այդ գումարները։ Դա երեւում է տարածված հաղորդագրությունից, որում ասվում է․ «Հանդիպման ընթացքում Հայկակ Արշամյանը ներկայացրել է … 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում կազմակերպված համազգային դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարների ծախսերի վերաբերյալ համապարփակ հաշվետվությունը, իսկ վերջում տեղի է ունեցել հարց ու պատասխան»։
Թե ինչի վրա են ծախսվել հիմնադրամից հանված ու կառավարությանը տրամադրված փողերը՝ վաղուց գիտենք, լուսաբանել ենք «Հրապարակի» 2020 թվականի դեկտեմբերի 9-ի համարում․ փոստային ծառայությունների արդիականացման, օտարերկրյա պետություններում եւ միջազգային կառույցներում դիվանագիտական ծառայություն իրականացնող մարմինների գործունեության համար, պաշտոնյաների՝ Մոսկվա կատարված այցերն են ֆինանսավորվել, անգամ պաշտպանության նախարարության շենք է բարեկարգվել (ոչ թե դիրքեր, ինչը մեզ պետք էր, այլ` նախարարության շենքային պայմաններ` Ս․ Ս․)։ Ու հիմա Հայկակ Արշամյանը, հավանաբար, տեսնելով, թե ինչպես են կրճատվել իր կառույցի փողն ու համբավը, որոշել է անդրադառնալ երեք տարի առաջվա դեպքերին։ Նա եղել է ոչ միայն Վաշինգտոնում, այլեւ մյուս հայ համայնքներում։ Օրինակ, Նյու Ջերսիի հայ համայնքի հետ է հանդիպել։
«Ամերիկայի Միացյալ Նահանգներում սփյուռքի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների շրջանակում, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության մշակույթի հարցերով խորհրդական Վիկի Շողագ Հովանեսյանի եւ Հիմնադրամի խորհրդի անդամ Զավէն Խանճեանի հրավերով, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը Նյու Ջերսիի Հայ ավետարանական եկեղեցում հանդիպել է տեղի հայ համայնքի հետ։
Ընդունելությանը Հայկակ Արշամյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում հավաքագրված միջոցների ծախսերի համապարփակ հաշվետվությունը, Արցախի 100 հազար տեղահանվածներին ցուցաբերած լայնածավալ հրատապ աջակցության 2023 թվականի նոյեմբերի 23-ի «Քեզ համար, Հայաստան» խորագրով ամենամյա հեռուստամարաթոնի մանրամասները։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հիմնադրամի խորհրդի անդամ Վան Գրիգորյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ինչո՞ւ Նյու Ջերսի։ Գուցե, որովհետեւ այստեղ ավելի շա՞տ են հիասթափվածները Հայկակ Արշամյանի կառույցից։ Հիշեցնենք․ սա ԱՄՆ այն նահանգն է, որտեղ համահայկական դրամահավաքին մասնակցել էին նաեւ գաթա թխելով։ Ոգեւորությունը 2020 թվականի պատերազմի օրերին այնքան մեծ էր, որ Նյու Ջերսիի կանայք ավելի քան 1500 գաթա էին իրենց ձեռքով պատրաստել՝ այն վաճառել եւ ամբողջ գումարը «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցել։ Արդյոք այլ հայաշատ նահանգներ ե՞ւս այցելել է Հայկակ Արշամյանը՝ հասկանալի չէ։ Նրա ղեկավարած կառույցը նույնիսկ հիմա չի փորձում հանրությանը հաշվետու լինել կամ գոնե պատասխանել զանգերին ու նամակներին։ Երեւի հրապարակային աշխատանքը լուրջ փորձություն է «Հայաստան» համահայկականի համար։
Մեզ հետաքրքրում էր՝ այս այցի նպատակն արդյոք սփյուռքի վստահությունը վերադարձնե՞լն է եղել, թե՞ որոշել են հիմնադրամի միջոցների հաշվին մի քիչ պտտվել ԱՄՆ-ով։
«Ավելի շուտ՝ պտտվում են։ Շատ վատ է, որ չեն պատասխանում զանգերին»,- ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը։ Նրա կարծիքով՝ ամերիկահայերի վստահությունը շահել չի ստացվելու։ «Կարծում եմ՝ ինչքան էլ հանդիպումներ ու քննարկումներ ունենա հիմնադրամի ղեկավարությունն ԱՄՆ-ում, այնտեղից գումարներ հավաքել էլ չեն կարողանալու»,- ասում է նա «Հրապարակի» հետ զրույցում։
Անգամ սփյուռքի հանձնակատար Սինանյանի գրասենյակից տեղյակ չէին, թե էլ որտեղ է եղել եւ որտեղ է լինելու Հայկակ Արշամյանը եւ ինչ քննարկումներ է անում ԱՄՆ սփյուռքի ներկայացուցիչների հետ։ «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ներգրավված չէ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատանքներին եւ որոշումների կայացմանը, ինչպես նաեւ գրասենյակն ուղղակի մասնակցություն չունի հիմնադրամի նախաձեռնությունների կազմակերպական աշխատանքներին»,- պատասխանեցին մեզ Զարեհ Սինանյանի գրասենյակից՝ շատ զարմանալով, թե ինչու ենք առհասարակ իրենց դիմում։ Ստացվում է՝ այս կառույցն էլ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում սփյուռքում, եւ պետական մասնակցությամբ հիմնադրամի ղեկավարությունն ինչ աշխատանքներ է իրականացնում սփյուռքի հետ։ Այսինքն՝ համագործակցված աշխատանք՝ պետական տարբեր օղակների եւ կառույցների միջեւ, գոյություն չունի։