Բժիշկները զգուշացրել են տեստոստերոնի դեֆիցիտի հիմնական ախտանիշների մասին
Տեստոստերոնը կարևոր է մկանային զանգված կառուցելու, սեռական ցանկությունը մեծացնելու, ոսկրային զանգվածը պահպանելու և մարմնի այլ գործառույթների համար, բայց պատահում է, որ դրա մակարդակը զգալիորեն նվազում է, ինչը ազդում է տղամարդկանց առողջության վրա, ասել են ուրոլոգ Դարշան Պատելը և նրա գործընկերները։ Men’s Health-ի հետ զրույցում բժիշկները թվարկել են այս հորմոնի պակասի հիմնական ախտանիշները:
Պատելի խոսքով՝ 20-30 տարեկանում տեստոստերոնի անբավարարությունը համարվում է հիվանդություն՝ ի տարբերություն այս հորմոնի մակարդակի տարիքային անկման։ Տեստոստերոնի պակասը տարբեր կերպ է ազդում մարդկանց վրա, ասել է բժիշկը։ Տղամարդկանց մեծամասնությունը զգում է ոչ բոլոր, այլ միայն որոշ ախտանիշներ, որոնցից ամենագլխավորը բժիշկն անվանել է լիբիդոյի նվազումը։
Էրեկտիլ դիսֆունկցիան կարող է լինել նաև բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների նշան, ինչպիսիք են՝ սրտի հիվանդությունը, գիրությունը և շաքարախտը
Տեստոստերոնի ցածր մակարդակի ախտանիշ է նաև մկանների ծավալի նվազումը, հայտարարել է ուրոլոգ Ֆիլիպ Վերտմանը: Նրա խոսքով՝ եթե օրգանիզմում հորմոնը բավարար է, ապա օրգանիզմը մկանային զանգված է ստեղծում։ Բայց եթե տեստոստերոնի մակարդակը նվազում է, մկանային հյուսվածքը քայքայվում է, բացատրել է բժիշկը:
Տեստոստերոնի պակասի պատճառով ձեր տրամադրությունը կարող է վատանալ, շարունակել է ուրոլոգ-վիրաբույժ Ադամ Ռամինը: Ավելին, նա նշել է, որ դեպրեսիան կամ անհանգստությունը ստեղծում են արատավոր շրջան. դեպրեսիան կարող է ճնշել տեստոստերոն արտադրելու ունակությունը՝ խորացնելով խնդիրը: Բացի այդ, տեստոստերոնն ազդում է նաեւ ոսկորների առողջության վրա, ըստ shantnews-ի՝ նշել է ուրոլոգը։