Բաժիններ՝

Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել է Սի Ցզինպինի՝ APEC գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ԱՄՆ կատարելիք այցի մասին

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նոյեմբերի 14-ից 17-ը կայցելի ԱՄՆ, որտեղ կմասնակցի APEC-ի գագաթնաժողովին, ինչպես նաև կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ն։

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրավերով Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կայցելի Սան Ֆրանցիսկո՝ Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպման առթիվ, ինչպես նաև կմասնակցի APEC-ի ղեկավարների 30-րդ ոչ պաշտոնական հանդիպմանը»,- ասված է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Սպիտակ տունը հաստատել էր նոյեմբերի 15-ին Սան Ֆրանցիսկոյում Բայդենի և Սի Ցզինպինի հանդիպումը, որտեղ կանցկացվի նաև APEC-ի գագաթնաժողովը։

Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունները զգալիորեն սառել են և շեղվել առողջ ուղուց նույնիսկ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, ով առևտրային պատերազմ սկսեց Չինաստանի դեմ։ Ջո Բայդենի գալով իրավիճակը չի բարելավվել և նույնիսկ վատացել է։

ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերությունների ևս մեկ վատթարացում տեղի ունեցավ 2022 թվականի օգոստոսին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա նախագահ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցից հետո։ Չինաստանը, որը կղզին համարում է իր գավառներից մեկը, դատապարտել է Փելոսիի այցը՝ որպես աջակցություն թայվանական անջատողականությանը, և լայնածավալ զորավարժություններ է անցկացրել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս