ԵՄ-ի քաղաքական գիծը Հայաստանին աջակցելն ու երկրի դիմադրողականությունը բարձրացնելն է. ԵՄ պաշտոնյա

Եվրոպական Միության քաղաքական գիծը Հայաստանին աջակցելն ու երկրի դիմադրողականությունը բարձրացնելն է։ Բրյուսելում նոյեմբերի 13-14-ին կայանալիք ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին ընդառաջ Եվրոպական խորհրդում տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ այս մասին ասաց ԵՄ Արտաքին հարաբերությունների ծառայության բարձրաստիճան պաշտոնյան՝ պատասխանելով Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե որքանով է ԵՄ-ն լուրջ վերաբերվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի տարածքային նկրտումներին Հայաստանի սուվերեն տարածքի հանդեպ եւ ի՞նչ քայլեր կձեռնարկի Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման դեպքում։

«Ըստ մեր տեղեկությունների բանակցությունների սեղանին խաղաղության պայմանագիրն է դրված, որի շուրջ պետք է համագործակցել։ Բարձր եմ գնահատում փաստը, որ Հայաստանի վարչապետը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի նախագահն էլ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. եւ ԵՄ-ն մեծ հույսեր է կապում սրա հետ։ Կան շատ վտանգված հարցեր՝ բանտարկյալներ, սահմաններ, բայց մենք ցանկանում ենք վերանայել այն հարցերը, որոնք դեռ սեղանի վրա են, որոնք դեռեւս երկու երկների միջեւ առճակատման խնդիրների առարկա են։ Մեր քաղաքական գիծը Հայաստանին աջակցելն է, Հայաստանի դիմադրողականությունը բարձրացնելն է, որը Ռուսաստանի կողմից շատ զգալի ճնշման տակ է, եւ դա այն է, ինչ մենք ուզում ենք», – ասաց ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան։

ԵՄ Արտաքին հարաբերությունների ծառայության բարձրաստիճան պաշտոնյան նշեց, որ ԵՄ արտգործնախարարների խորհուրդը քննարկելու է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները եւ շեշտադրեց, որ երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի հասնելը եվրոպական անվտանգության տեսանկյունից կարեւոր գործոն է։ Պաշտոնյան նաեւ հավելեց, որ քննարկման առանցքային հարցերից մեկն էլ Հայաստանին աջակցելն է լինելու, որը պատերազմից հետո թուլացել է, բայց շարունակում է պայքարել ժողովրդավար ուղու վրա մնալու համար։

«Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե արդյոք քննարկվում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության լիազորությունների ընդլայնման հարցը, ինչ է դա իրենից ենթադրելու, պաշտոնյան պատասխանեց. «Մենք ցանկանում ենք շարունակել աշխատել այս ուղղությամբ, ցանկանում ենք շարունակել հնարավորինս շատ վստահություն բերել հայերին: Մենք ցանկանում ենք արդյունավետորեն տարածել աջակցության քաղաքական առաքելությունները Հայաստանին։ Դա քննարկում ենք ներքին կարգով, և հուսով եմ, որ շատ շուտով կկարողանանք խոսել Հայաստանի իշխանությունների հետ»։

Պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանի հետ անվտանգության քաղաքականության երկխոսություն կա, եւ ԵՄ-ն հույս ունի քննարկել Հայաստանում իր առաքելության եւ այլ թեմաների վերաբերյալ հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս