Տավուշի մարզով Վրաստան չենք կարողանալու գնալ, Հայաստանի կիպրոսացման մեկնարկն է. Դավիթ Անանյան

«Ադրբեջանական կողմի նշած՝ 8, այսպես կոչված, անկլավների մեջ կան բնակատեղիներ, արոտավայրեր և այլ տարածքներ։ 8 գյուղ տալով՝ չենք պրծնում։ Դրանք մեր անվտանգության հետ կապված լուրջ ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ են։ Այդ տարածքներից մի քանիսը, օրինակ,  հարում են մեր միջպետական ճանապարհին, որը մեզ կապում է Վրաստանի հետ: Խոսքը Տավուշի մարզի մասին է: Հետևաբար, եթե այդ տարածքները հանձնում ենք Ադրբեջանին, բնականաբար, նաև այդ տարածքներին որոշակի հասանելիություն ապահովելու համար պետք է միջանցքներ էլ տրամադրենք: Եվ աշխարհագրական ռելիեֆը շատ դեպքերում այնպիսին է, որ մենք, հնարավոր է, չկարողանանք անգամ ճանապարհը փոխենք, որպեսզի Տավուշի մարզից հասանելիություն ունենանք, օրինակ, դեպի Վրաստան: Այսինքն, այդպիսով վտանգում ենք նաև այդ ճանապարհը: Այդ գյուղերը, բնակավայրերը, տարածքներն իրենց աշխարհագրական դիրքով Հայաստանի համար ունեն խիստ ռազմավարական, անվտանգային նշանակություն: Կրկնում եմ՝ եթե ՀՀ իշխանություններն այդ 8 անկլավները, գյուղերը, այդ տարածքները հանձնում են՝ առնվազն վտանգում են Վրաստանի հետ մեր կապը»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով՝ բացի այդ, այդ տարածքները հանձնելով՝ թշնամուն ռազմավարական նշանակության այնպիսի դիտակետեր, այնպիսի բարձունքներ ենք տրամադրում Տավուշի մասով,  որ, ըստ էության, մենք հայտնվում ենք, այսպես ասած, մեկ ափի մեջ:

«Իսկ եթե խոսքը գնում է նաև Հայաստանում հարյուր-հազարավոր ադրբեջանցիների վերաբնակեցման մասին (ավելի քան 237 գյուղերում, մարզերում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում), ապա դա ըստ էության Հայաստանի կիպրոսացման մեկնարկն է: Որովհետև դրան որոշ ժամանակ հետո հաջորդելու է նաև իրենց ազգակիցների անվտանգությունը պահպանելու տեսանկյունից Հայաստանի Հանրապետություն ադրբեջանցիների ներխուժման ծրագիրը, որի արդյունքում Հայաստանը մասնատվելու է ինչ-որ մասերի»,-ասաց Դավիթ Անանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս