
ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի քարտուղարները կարևորել են համակարգված քայլերը անվտանգության ռազմավարական ռիսկերը նվազեցնելու համար

Հավաքական անվտանգության կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը տեսակոնֆերանսով ունեցած զրույցի ընթացքում կարևորել են համակարգված միջազգային քայլերը անվտանգության ռազմավարական ռիսկերը նվազեցնելու համար։
Ինչպես նշված է ՀԱՊԿ տարածած հաղորդագրության մեջ, կողմերը քննարկել են ՀԱՊԿ և ՄԱԿ-ի քարտուղարության փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։
Մասնավորապես ընդգծվել է համակարգված միջազգային քայլերի կարևորությունը՝ կանխարգելիչ տարածաշրջանային գործողությունների միջոցով անվտանգության ռազմավարական ռիսկերի նվազեցման ուղղությամբ։
Բացի այդ, կողմերը քննարկել են ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքային շփումների հետագա զարգացումը ՄԱԿ-ի համապատասխան կառույցների հետ ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անդրսահմանային հանցագործությունների, անօրինական միգրացիայի, ինչպես նաև խաղաղապահության ոլորտում փոխգործակցության հարցերի շուրջ։
Նշվել է ահաբեկչական գաղափարախոսության և քարոզչության տարածման դեմ պայքարի և տեղեկատվական անվտանգության ոլորտում ջանքերի համադրման կարևորությունը: Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։