Իսրայելը վերահսկողություն է հաստատել ՀԱՄԱՍ-ի առաջադիրքի նկատմամբ և խոցել է 450 թիրախ․ ԻՊԲ
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ գիշերն իր ցամաքային ուժերը վերահսկողություն են հաստատել Գազայում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման առաջադիրքերից մեկի նկատմամբ։ Այդ մասին ԻՊԲ-ն հայտնել է X սոցիալական հարթակում։
«Այս առաջադիրքում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունն ուներ դիտակետեր, ահաբեկիչների վերապատրաստման հաստատություններ, ինչպես նաև թունելներ», – նշված է գրառման մեջ, որին կցված է նաև ռազմական գործողությունները ներկայացնող տեսանյութ։
Գրառման մեջ նշվում է նաև, որ գործողության ընթացքում «վերացվել են մի շարք ահաբեկիչներ»։
Իսրայելի պաշտպանության բանակը մեկ այլ գրառման մեջ հավելել է, որ վերջին օրվա ընթացքում կործանիչներով հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի «շուրջ 450 թիրախների, այդ թվում՝ ռազմական համալիրների, դիտակետերի, հակատանկային դիրքերի» և այլն։
Իսրայելը նաև հայտարարել է, որ իր ուժերը «շրջափակել են» Գազա քաղաքը, զորքերը հասել են մինչև ափամերձ տարածքներ՝ Գազայի հատվածը բաժանելով երկու մասի՝ հարավային Գազայի և հյուսիսային Գազայի։ Ըստ BBC-ի հրապարակման՝ Իսրայելը թողել է միջանցք, որպեսզի Գազայի հատվածի հյուսիսից և Գազա քաղաքից խաղաղ բնակիչներն անցնեն դեպի հարավ։
Հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով ավելի քան 1400 մարդ է զոհվել, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում Գազայի հատվածին։ Վերջին օրերին Գազայում ցամաքային գործողության մեկնարկից հետո իսրայելցի զինվորների շրջանում զոհերի թիվը հասել է 30-ի։
Իսկ Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 9770-ի։ Նրանց թվում կա 4000-ից ավելի երեխա։