«Իմ տեղեկություններով՝ կուտակումներ չկան. ասել, որ ամեն ինչ հրաշալի է և որևէ վտանգ չկա՝ նման բան չասացի». Հակոբ Արշակյան

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը սահմանային իրավիճակի վերաբերյալ լրագրողների հարցերը լսելուց հետո նրանց խորհուրդ տվեց հետևել ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրություններին։

«Այս պահին, իմ տեղեկություններով, կուտակումներ չկան Հայաստանի շուրջ։ Արդյոք սպառնալիք կա՞, թե՞ ոչ, պետք է արձանագրել՝ որոշակի դրական տեղաշարժ կա՝ հռետորաբանության փոփոխության տեսանկյունից։ Հայաստանի տարածքային ամբողջականության շուրջ, ինչպես նաև միջազգային հեղինակավոր մարմինների կողմից բանաձևերի ընդունման տեսքով, ինդիվիդուալ խորհրդարանների, կառավարությունների, տարբեր այլ գերատեսչությունների կողմից ընդունված հայտարարություններ այն մասին, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը չի կարող դրվել հարցականի տակ։ Եվ, իհարկե, ողջունելի է, որ որոշակի հռետորաբանության փոփոխություն կա, սա է այս պահի իրավիճակը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբ Արշակյանը։

Նա ևս մեկ անգամ կոչ արեց հետևել պաշտոնական լրատվությանը, մասնավորապես՝ զորքերի տեղաշարժի, կուտակումների վերաբերյալ ՊՆ-ի հաղորդագրերին։

«Ես իրավիճակի ամբողջական գնահատական եմ տալիս այս պահի դրությամբ, ասել, որ ամեն ինչ հրաշալի է և որևէ վտանգ չկա, ես նման բան չասացի։ Ընդամենն ասացի, որ այս պահին ինձ հայտնի չէ նման փաստ, որ Հայաստանի սահմանների շուրջ կա կուտակում։ Պետք է նաև հաշվի առնել, որ վերջին օրերին տեղի էին ունենում թուրք-ադրբեջանական զորավարժություններ։ Այսինքն՝ ռեգիոնի ընդհանուր լարվածություն, մեծ հաշվով, կա»,- եզրափակեց Հակոբ Արշակյանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս