ԱՄՆ 5 խոշոր քաղաքների քաղաքապետները ցանկանում են Բայդենի հետ հանդիպել՝ քննարկելու միգրացիոն ճգնաժամը
Չիկագոյի, Դենվերի, Հյուսթոնի, Լոս Անջելեսի և Նյու Յորքի քաղաքապետները ցանկանում են հանդիպում ունենալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ՝ քննարկելու ներգաղթյալների հոսքը կառավարելու հարցում դաշնային օգնության հարցը։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Ըստ հրապարակման՝ Չիկագոյում միգրանտները քնում են ոստիկանության բաժանմունքի նախասրահում, Նյու Յորքում զբոսանավի տերմինալը վերածվել է ապաստանի։ Դենվերում տասն անգամ ավելացել է միգրանտների թիվը, և օթևանները չեն բավականացնում։ Ներգաղթյալները նաև չեն կարողանում աշխատանք գտնել՝ համապատասխան թույլտվություն չունենալու պատճառով։
«Ճգնաժամն այն է, որ կան մարդիկ, որոնք հուսահատորեն փորձում են աշխատել, և կան գործատուներ, որոնք հուսահատորեն փորձում են վարձել նրանց։ Եվ կա դաշնային կառավարություն, որը կանգնած է գործատուների ճանապարհին, որոնք ցանկանում են գործի ընդունել աշխատել ցանկացող մարդկանց», – ասել է Դենվերի քաղաքապետ Մայք Ջոնսթոնը, որը քաղաքապետների կոալիցիայի ղեկավարն է։
Դեմոկրատ նախագահ Բայդենի կուսակիցները դժգոհություններ ունեն՝ իրենց քաղաքներում միգրանտների աճող թվի պատճառով։ Հանրապետականները պնդում են, որ Բայդենը մեղմ քաղաքականություն է վարում սահմանային անվտանգության առումով և շատ մեծ թվով մարդկանց է թույլ տալիս մուտք գործել ԱՄՆ։
Ավելի վաղ դեմոկրատ քաղաքապետների և նահանգապետների հորդորով Բայդենը Կոնգրեսից խնդրել է 1,4 մլրդ դոլար՝ որպես աջակցություն տեղական մարմիններին, որոնք ապաստան են տրամադրում և ծառայություններ մատուցում ներգաղթյալներին։ Ըստ Ջոնսթոնի և մյուս քաղաքապետների նամակի, որը հայտնվել է Associated Press-ի տրամադրության տակ, հարկավոր է ավելին անել․ նրանք խնդրում են 5 միլիարդ դոլարի ֆինանսավորում։
Գործակալությունը նշում է, որ Դենվերը շաբաթական 2 միլիոն դոլար է ծախսում միգրանտներին օթևան տրամադրելու համար։ Ըստ նամակի՝ Նյու Յորքն, ընդհանուր առմամբ, ներգաղթյալների ծախսերը հոգալու համար տրամադրել է ավելի քան 1,7 միլիարդ դոլար, իսկ Չիկագոն՝ 320 միլիոն դոլար։