«Չեմ հերքում, ոչ էլ հաստատում եմ». Արգիշտի Քյարամյանը՝ Սամվել Շահրամանյանին ՔԿ հրավիրելու մասին

Ե՞րբ է Քննչական կոմիտեի կողմից վերջ դրվելու ընտրովի արդարադատությանը, քանի որ երբ ՔՊ-ական պատգամավորը քաղաքացու կարտոֆիլն է մի կողմ հրում, կամ քաղաքացուն մեկ այլ ՔՊ-ական պատգամավոր ասում, թե՝ «լեզուդ, ականջդ կկտրեմ», նրանց ոչինչ չեն անում, բայց երբ աղջիկը պայքարում է իր ազատության համար, նրան կալանավորում են։ Այս հարցադրումներն այսօր լրագրողներն ԱԺ բակում ուղղեցին ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին։

Նա հարցի համար շնորհակալություն հայտնեց, սակայն նշեց՝ լրագրողների դիտարկումները չի կիսում։

«Եթե երբևէ ՀՀ-ում եղել է ընտրովի արդարադատություն, ապա վաղուց դա պատմություն է։ Եթե կան կոնկրետ ուղիղ դեպքեր, որոնց մի մասը դեռ նախաքննության փուլում են, մի մասով չեմ բացառում, որ քննությունն ավարտվել է։ Բնականաբար, ես ՔԿ-ի ողջ քննչական վարույթին չեմ տիրապետում»,- նշեց նա։

Հարցին՝ քրեորեն պատժելի չէ՞ «լեզուդ ու ականջդ կկտրեմ» արտահայտությունը,  Արգիշտի Քյարամյանը պատասխանեց, որ կոնկրետ դեպքի չի ուզում անդրադառնալ։ Հարցին՝ ինչո՞ւ, գուցե կաշկանդվա՞ծ եք, նա պատասխանեց, որ ով՝ ով, ինքը կաշկանդված չէ։

Կարդացեք նաև

Հաջորդ հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «պետք եղավ՝ Վարդաշեն կուղարկենք, պետք եղավ՝ Բաքու»  հայտարարությունը ՔԿ-ն ուսումնասիրե՞լ է, ՔԿ նախագահը պատասխանեց, որ կոմիտեն նման հայտարարություններ ուսումնասիրելու լիազորություններ չունի։

«Մենք նախաքննական մարմին ենք, իրականացնում ենք բացառապես նախաքննություն»,- նշեց Ա. Քարամյանը։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Հանրայինի եթերում արած իր հայտարարություններից հետո ՔԿ հրավիրվե՞լ է, Արգիշտի Քյարամյանն ասաց, որ հարցին չի կարող պատասխանել, քանի որ կան վարույթներ, որոնցով նախաքննությունը հրապարակման ենթակա չէ։

Հաջորդ հարցին՝ իսկ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրավիրվե՞լ է Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյանը պատասխանեց, որ այդ հարցին վերը նշված նույն պատասխանը կարող է տալ։

Ճշտող հարցին՝ այսինքն՝ չի՞ հերքում, նա պատասխանեց. «Չեմ հերքում, ոչ էլ հաստատում եմ»։

Տեսանյութեր

Լրահոս