Բաժիններ՝

Պոռնկությունից զգուշանալու մասին

Ոմն ծեր խնդրում էր Աստծուց, որ ինքը հասնի Իսահակի չափին, և լսեց. «Չես կարող հասնել. լո՛ւռ կաց»: Իսկ հետո ասաց. «Հասցրո՛ւ ինձ Հոբի չափին, և պատրաստ եմ կռվել դևերի դեմ», բայց չասաց՝ «Քո զորությամբ, Տե՛ր»: Եվ Տիրոջ հրեշտակն ասաց. «Սպասի՛ր մի փոքր»: Եվ ահա եկավ մի զինվոր` իր հետ բերելով երկու հարյուր լիտր ոսկի, մի տղայի և աղջկա, և ասաց. «Ողորմի՛ր ինձ և պահի՛ր սրանց, որովհետև թագավորը ուզում է սպանել ինձ. ես գնամ թաքնվեմ և դարձյալ կգամ»:

Կրոնավորը հանձն առավ և շնացավ աղջկա հետ, ապա երկյուղի մեջ ընկնելով՝ սպանեց աղջկան և տղային, որ իր արարքը չմատնեն, վերցրեց ոսկին ու գնաց և դրանով վանք շինեց: Զինվորը վերադառնալով՝ եկավ շինված վանքը և ասաց. «Այս բոլոր շինվածքներն իմն են, որովհետև իմ ոսկով են կառուցված:

Իսկ ո՞ւր են կույսն ու մանուկ ծառաները»: Եվ հալածեցին նրան այդտեղից, բայց ծերը փախավ ավելի հեռու երկիր, որտեղ մի դահճապետի փեսա դարձավ: Սա սրով ու հրով դաժանագույն տանջանքների էր ենթարկում թե՛ հանցավորներին, թե՛ թեթև զանցանք գործողներին: Հետո նաև զինվորը եկավ այնտեղ և քարշ տվեց նրան իշխանի մոտ և բացահայտեց նրա բոլոր գործերը: Երբ իշխանի հրամանով տանում էին նրան կախելու, փողոցում նրա դեմ դուրս եկավ զինվորը և հարցրեց.

«Ճանաչո՞ւմ ես ինձ, կրոնավո՛ր, թե ո՛վ եմ ես»: Նա պատասխանեց. «Կարծեմ այն զինվորն ես, որ չար ժամին հայտնվեցիր ինձ մոտ` այնտեղ»:

Կարդացեք նաև

Զինվորն ասաց. «Ես բանսարկու սատանան եմ, որ նախաստեղծ Ադամին խաբեցի և այժմ որքան կարողություն ունեմ` թույլ չեմ տալիս մարդկանց հասնելու Իսահակի, Հակոբի կամ Հոբի չափին, այլ ջանում եմ բոլորին դարձնել Աքիտոբել, Հուդա Իսկարիովտացի կամ Կայեն: Այժմ գնա՛, կրի՛ր այդ պատիժդ և ե՛կ մեր շղթաներով շղթայվելու, որպեսզի սրանից հետո Աստված ինչ տա՝ մենակյացները բավական համարեն»:

Ուրեմն, զգուշանա՛նք, եղբայրնե՛ր, ամեն ինչի մեջ և չխոսենք առանց Աստծո շնորհների: Տեսա՞ք՝ ինչ արեց դևն այն մենակյացին, որն, իր անձին ապավինելով, մեծամեծ բաներ էր խնդրում:

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս