
Ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 երկարաձգելու ծրագիրը մեկնարկելու է հաջորդ տարի

Հայաստանի ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը կրկնակի երկարաձգելու ծրագիրը կմեկնարկի հաջորդ տարի, այդ նպատակի համար 2024-ին կհատկացվի 20.2 մլրդ դրամ:
Այս մասին հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներին:
Նախարարը նշեց, որ ատոմակայանի հետ կապված կա երկու գործընթաց:
«Ունենք ատոմակայանի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիր: Այդ ծրագիրը սկսվել և մի քանի տարի է արդեն, որ շարունակվում է: Այդ ծրագրի շրջանակներում հաջորդ տարի նախատեսված է 7 մլրդ դրամ՝ մի շարք աշխատանքներ շարունակելու և ավարտելու:
Եվ հաջորդ տարի նախատեսում ենք սկսել կրկնակի երկարացման ծրագիրը, որի նպատակն է մեր ատոմակայանի աշխատանքի ժամկետը՝ համապատասխան լիցենզիաներով, երկարացնել մինչև 2036 թվականը»,-ասաց Սանոսյանը՝ հավելելով, որ հաջորդ տարի այդ նպատակի համար նախատեսվել է 20.2 մլրդ դրամ:
Իրականացված արդիականացման աշխատանքներից հետո Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել էր մինչև 2026 թվական:
Հայաստանը նախատեսում է նաև նոր ատոմակայանի կառուցում: