«Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրի տպագրությունը շատ կարևոր է. Նիկոլ Փաշինյան
Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց «Խաղաղության խաչմերուկի» վերաբերյալ տպագրված բրոշյուրի մասին և բացատրեց դրա անհրաժեշտությունը։
«Սա կարևոր է, որովհետև ամենատարբեր և ձեզ հայտնի հանգամանքների բերումով այս թեմայի շրջանակներում տեղի էին ունենում կամ կարող էին տեղի ունենալ բազմաթիվ տարընթերցումներ և հակադրություններ, առանցքային խնդիր է՝ ճշգրտել սկզբունքները, այդ թվում՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և աշխատանքի, որը մենք ամփոփել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծի բովանդակության մեջ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, այդ սկզբունքների մեջ որևէ նորություն չկա, ըստ էության դրանք որոշակի, արդեն իսկ տեղի ունեցած պայմանավորվածությունների ընկալումների ու ըմբռնումների հիման վրա ձևավորված սկզբունքներ են։ Այլ բան է, որ իշխանությունն անհրաժեշտ է համարել դրանք հավաքել մի տեղում։
««Խաղաղության խաչմերուկի» նախագծում մենք կրկին տարընթերցումներից խուսափելու համար արձանագրում ենք հետևյալը, որ կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում, սահմանին ապահովում է սահմանային-մաքսային հսկողություն, և բացի այդ, կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում ապահովում է ընդհանուր առմամբ կոմունիկացիաների անվտանգությունը։ Խոսքը վերաբերում է ճանապարհներին, ավտոճանապարհներին, երկաթուղիներին, ավիահաղորդման ուղիներին, խողովակաշարերին, կողմերից յուրաքանչյուրն ապահովում է կոմունիկացիաների անվտանգությունը։ Կարևոր եմ համարում ընդգծել, որ Հայաստանում տեղի են ունեցել և տեղի են ունենում կարևորագույն ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք, այդ թվում, միտված են այս նպատակին։ Արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ մենք, ըստ էության, հիմա մի գործընթացի մեջ ենք, երբ Հայաստանի ԱԱԾ-ի կազմում ստեղծվում է հատուկ ստորաբաժանում, որի նպատակը նշված կոմունիկացիաների ապահովումն է լինելու։ Բացի այդ, մենք ամբողջ հանրապետությունում գործարկեցինք պարեկային ոստիկանության աշխատանքը, որի աշխատանքների մեջ մտնում է կոմունիկացիաների, անձանց, բեռների, տրանսպորտային միջոցների անցումը ՀՀ տարածքով»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։