ՔՊ-ն 3.7 միլիարդով կպայքարի կոռուպցիայի դեմ
2018 թվականին մի քանի հազար դրամ եկամուտ հայտարարագրած իշխանական պատգամավորները շատ կարճ ժամանակամիջոցում, իշխանություն լինելու հանգամանքով պայմանավորված, դարձան Երևանում անշարժ և շարժական գույքերի տերեր՝ դրանով հանդերձ՝ իրենց համարելով կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկներ։
ՔՊ-ականներն իրենց շարունակեցին համարել այդպիսին անգամ այն դեպքում, երբ մամուլը հրապարակեց ժամանակին երևանյան փաբերում, այսպես ասած՝ «նիսյայով» գարեջուր խմողներից զգալի ունեցավածքի տեր դարձածներին և սեփական ազգուտակին պետական կառավարման համակարգում աշխատանքի տեղավորած ՔՊ-ականներին։
Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը նախկինների օրոք մերժող, բայց հիմա սեփական խնամիներին, ծանոթներին, բարեկամներին բարձր պաշտոնների տեղավորած ՔՊ-ական իշխանությունը շարունակում է խոսել Կոռուպցիայի դեմ պայքարի մասին. այս անգամ ավելի զիլ մեթոդով՝ հատուկ ռազմավարությամբ։
Եվ այսպես, Կառավարությունն ընդունել է 2023-2026 թվականների Հակակոռուպցիոն ռազմավարություն, որով պետական բյուջեից հատկացվել է 3 միլիարդ 714 միլիոն դրամ, որպեսզի ՔՊ-ն կոռուպցիայի դեմ պայքարի գործողություններ իրականացնի։
Ըստ ընդունված ռազմավարության՝ նախատեսված է իրականացնել թվով 83 գործողություն, որոնցից 44-ը լրացուցիչ ֆինանսավորման կարիք չունեն. դրանք կիրականացվեն գործող բյուջետային ծրագրերի շրջանակներում։
Մնացած 39 գործողությունները կարող են ֆինանսավորվել օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին, մասնավորապես, այդպիսի աղբյուրներ են դիտարկվում դոնոր հանրույթի, ինչպես նաև վարկային ռեսուրսները:
Ուշագրավ է, որ Կոռուպցիայի դեմ պայքարին միտված այս Ռազմավարության դեմ առարկություններ է ներկայացրել Ֆինանսների նախարարությունը, ըստ որի, անհասկանալի է, թե, օրինակ, բացի պետական բյուջեն, ուրիշ որտեղի՞ց են գումար հայթայթելու կոռուպցիայի դեմ պայքարի համար։
Ֆինանսների նախարությունից խնդրել են Արդարադատության նախարարությանը՝ ռազմավարությունը ներկայացրած մարմնին, հստակեցնել, թե այդ ի՞նչ աղբյուրներից են հատկացվելու գումարները, որոնցով նախատեսվում է հավելյալ աշխատակիցներ ունենալ պետական համակարգում։
Ի դեպ, պետական համակարգի ուռճացման դեմ պաքարի խոստումով իշխանության եկածները միայն այս ռազմավարությամբ նախատեսում են ավելացնել պետական համակարգում հաստիքների թիվը, որպեսզի, իբր, ավելի արդյունավետ պայքարեն կոռուպցիայի դեմ։
Հետաքրքրական է, որ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, որն առաջարկում է հաստիքների ավելացում, Ֆինանսների նախարարությունից հասկացրել են, որ աշխատողների թվաքանակի ավելացումը չի կարող համարվել Հակակոռուպցիոն ռազմավարական նպատակ։