Ինչո՞ւ, ի վերջո, Փաշինյանը չի փոխում ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը
Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցն ամերիկյան The Wall Street Journal-ին և դրանում տեղ գտած արտաքին քաղաքական թեզերը շարունակում են ակտիվորեն քննարկվել։
Պատճառն այն է, որ ՀՀ իշխանությունն այս թեմայով ևս անընդհատ անում է միմյանց հակասող հայտարարություններ։ Մեկ առիթով հայտարարում է, թե ՀՀ-ն չի պատրաստվում փոխել արտաքին քաղաքական վեկտորը, մեկ այլ առիթով կատաղի քննադատության ենթարկում Ռուսաստանին այն դեպքում, երբ դաշնակցային հարաբերությունների և երկկողմ վստահության դեպքում այդ թեմաները ջրի երես չեն հանվում։
Վերջին շրջանը կարծես ՀՀ իշխանությունների արևմտամետության փուլն է։ Ինչպես վերջերս Ստրասբուրգում Փաշինյանի ելույթը, որը կառուցված էր Ռուսաստանի քննադատության ու արևմտյան համայնքին գովերգելու տրամաբանությամբ, այս հարցազրույցը ևս Ռուսաստանի վերաբերյալ միմիայն քննադատություն էր պարունակում։
Նիկոլ Փաշինյանն ըստ էության նման բաց տեքստով առաջին անգամ էր, որ հայտարարեց, թե Հայաստանում ռուսական ռազմական ներկայության և բազաների առավելությունը չի տեսել, թեև միաժամանակ ասաց, որ Հայաստանը չի քննարկում ռուսական ռազմաբազաները Հայաստանից հեռացնելու պահանջ դնելու հարցը։
Նա ամփոփ խոսեց վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ իշխանությունների՝ Ռուսաստանի հանդեպ ունեցած բոլոր դժգոհությունների մասին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի։
Նա նաև նշեց, որ անվտանգային հարցերը ներկայումս քննարկում են Ռուսաստանի հետ, փորձում հասկանալ, թե ինչն է նման իրադրության պատճառը։ «Եվ, իհարկե, նաև կարծում եմ՝ սա Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջև աշխատանքային քննարկումների օրակարգ կլինի»,- հավելել էր նա:
«Մենք հարցերի քննարկման փուլում ենք, որովհետև չենք ուզում որևէ հարցում սխալ հասկացած լինենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և չենք ուզում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը որևէ հարցում սխալ հասկացած լինի մեզ: Դրա համար պետք է հետևողական աշխատանք տանենք, մինչև կհասունանա որևէ եզրակացություն անելու պահը»,- ասել էր Փաշինյանը:
Նա նաև խոսել է ՀՀ արտաքին քաղաքականության և անվտանգության դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին։
«Դիվերսիֆիկացիա ասելով՝ մենք նաև արտաքին քաղաքականության համատեքստում անվանում ենք բալանսավորված և բալանսավորման քաղաքականությունը»,- նկատել էր նա։
Ինչպես ակնկալվում էր, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձավ հարցազրույցին՝ ասելով, որ հարցազրույցով փորձ արվեց նսեմացնել հայ-ռուսական հարաբերությունները։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են արևմտյան ԶԼՄ-ները «հարձակվել» պաշտոնական Երևանի ներկայացուցիչների վրա՝ նրանցից կորզելով սադրիչ հարցերի պատասխանները։ Մենք տեսնում ենք, որ այդ հարցերն ուղղված են Մոսկվայի և Երևանի բազմապլանային կապերին առավելագույն վնաս հասցնելուն»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով` հայկական ներկայիս իրականությունում նմանատիպ սադրանքները, ցավոք, աշխատում են։ «Մեզ էլ են հաճախ սադրիչ հարցեր տալիս, բայց մենք նախընտրում ենք պատասխանել, որ մեր հարաբերություններում առկա հարցերը, մասնավորապես` Հայաստանի հետ, լուծում ենք երկկողմ խողովակներով։ Մենք առիթ չենք տալիս, որ սադրանքների այդ «բացիլը» տարածվի»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Ըստ նրա` հարցազրույցում փորձ է արվում նսեմացնել Հայաստանի և Ռուսաստանի կապի նշանակությունը, ցածրացնել ՌԴ զինվորականների, սահմանապահների դերը հանրապետության ու նրա քաղաքացիների ապահովման գործում։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևը նկատեց, որ պաշտոնական Երևանի դիրքորոշումներն անընդհատ փոփոխվում են։
Ըստ նրա, Երևանը սկսում է անել արևմտամետ հայտարարություններ, փորձում է տպավորություն ստեղծել Արևմուտքի համար, թե պատրաստ է շրջադարձի՝ սպասելով համապատասխան քաղաքական քայլերի Արևմուտքի կողմից, չի ստանում և կրկին «վերադառնում է» Մոսկվայի «ուղեծիր» և հայտարարում, թե չի ցանկանում վեկտորի փոփոխություն։
«Իրականում պարզապես կան իրողություններ։ Լավ թե վատ՝ Ռուսաստանը մշտապես որոշակի գործառույթ իրականացրել է, դա կոչվում է զսպման քաղաքականություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ինչը տևական ժամանակ հաջողվել է, սակայն Ադրբեջանը նաև այլ դաշնակիցներ ունի, որոնց շնորհիվ սկսեց ռեգիոնում հավասարակշռություն փոխվել։ Սակայն ներկայումս բոլոր մեղադրանքներն ուղղվում են հենց Ռուսաստանին, այնինչ Ռուսաստանն իր շահերն ունի և չի կարող պատերազմել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ։ Սա՛ է Ռուսաստանի շահերի հիմքը, և սրանով են պայմանավորված Ռուսաստանի քայլերը, որոնք կարող են Երևանում ընկալելի չլինել»,- ասաց վերլուծաբանը։
Ըստ նրա, ՀՀ արտաքին քաղաքական դիրքորոշումների մեջ ամենայն հավանականությամբ կայունություն և նույնիսկ կայուն արևմտամետություն չկա, քանի որ Արևմուտքից ՀՀ անվտանգության համար երաշխիքի տրամադրում չկա։ «Երևանում երևի թե ակնկալում են, որ Արևմուտքից դա տեղի կունենա, սակայն դա տեղի չի ունենա, ինչպես հաճախ ասել եմ՝ Արևմուտքն այս ռեգիոնում համակարգողի դերում տեսնում է Թուրքիային, որ տեղում Թուրքիան է դերակատարություն ունենալու, ոչ թե ՆԱՏՕ-ն կամ ԵՄ-ն, ԵՄ առանձին որևէ երկիր։
Այնպես որ, կարելի է անվերջ սպասել, որ իրավիճակներն արմատականորեն փոխվելու են, բայց դա չի լինելու, Արևմուտքը ցանկանում է, որ կարգավորվեն հարաբերությունները և ինքն անվտանգության ոլորտում անելիք չունենա։ Սակայն ներկայիս աշխարհում անվտանգությունն ամենակարևոր գործոնն է»,- ասաց Արեշևը։ Նրա խոսքով, ռազմաբազաների թեմայի շրջանառությունն անսպասելի չէ, սակայն վեկտորի փոփոխման թեման ու բազաների դուրսբերումն ուղղակիորեն փոխկապակցված են։
«Եթե վեկտոր փոխելու համար ռեալ դաշնակից չկա, բազան ևս չի հանվի»,- ասաց նա։